Երևան +10°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:57 08-06-2022

Ստեփանակերտից եկել են, մտահոգություն կիսել․ Աղավնոյի գյուղապետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Չեմ կարդացել դեռ այդ նյութը, ինձ զանգել և ասել են, որ «Սասնա ծռերը» այդպիսի հայտարարություն են տարածել, տեղյակ ես, ուղարկել են ինձ, այս պահին մոտս մարդ կա, ժամանակ չունեցա տեղեկանալ, ուզում եմ կարդանալ, հասկանալ ինչ են գրել, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ չէ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով համացանցում տարածված այն լուրերին, թե Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյաներ են եկել Աղավնո և հորդորել գյուղացիներին ընտանիքներով լքել գյուղը։

Մեր այն դիտարկմանը, թե տարածված գրության մեջ ասվում էր, որ պաշտոնատար անձիք ասել են, որ այսպես թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը, գյուղապետը պատասխանեց. «Քանի որ իրենք են այդ լուրերը տարածում, թող պատասխանատվության առաջ իրենք կանգնեն, եթե սուտ լուրեր են տարածում։ Եթե ճիշտ են, թող այդ ճշտի վերջը տանեն, անուններ նշեն, իմանանք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»։

Այս ամենին գյուղապետը հավելեց․ «Չեմ նայել այդ լուրը, պետք է նայեմ, եթե սա եք ասում, չկա նման բան։ Ճանապարհը նորություն չի, երկու տարի է՝ ճանապարհ են սարքում։ Ազերիները ցանկություն ունեն, եթե իրենց նայենք մինչև Երևան են ուզում, բայց հայկական կողմը ասելիք պետք է ունենա։ Պետական տրամադրությունը․․․ մենք պետք է նայենք՝ ինչ է ասում մեր պետությունը, մենք հիմք չենք ընդունում ազերիների ասածները»։

Չավուշյանը իր խոսքում նաև նշեց. «Եթե եկել է մտահոգություն կիսվի ինչ-որ պատասխանատու, էդ չի նշանակում, որ մտահոգությունը կամ օրվա առօրյան բանակցությունների ձևով ասենք, թե եկել են գյուղը․․․ չգիտեմ՝ դա ցանկությո՞ւն է, թե՞ թուրքի ձեռագիր է իրականացվում, չեմ հասկանում։ Բա ինչի՞ չեն գրում այդ անձանց անունները»։

Հարցին, թե ինքը հերքում է այդ տարածված լուրը, այսինքն՝ նման բան չի եղել, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց. «Չէ՛, մտահոգություն են կիսել, այնպես չի, որ փակ նիստ է եղել, բաց հարցեր են դրել՝ ճանապարհների հետ կապված»։ Իսկ մեր այն հստակեցմանը, որ իր ասածից կարող ենք ենթադրել, որ Ստեփանակերտից այցեր եղել են, Չավուշյանն ասաց.«Այո՛, եղել են, և մենք ուրախ ենք դրա համար, մինչև հիմա ոչ ոք չէր գալիս, մենք անընդհատ բողոքում էինք, անտեր էինք մնացել»։

Պաշտոնյաների անունների վերաբերյալ փակագծեր բացելու մեր խնդրանքին Չավուշյանը պատասխանեց․ «Իրենք են հայտարարում, թող իրենք էլ պատասխանատվություն կրեն։ Չեմ կարծում՝ պետք է ամեն ինչ բարձրաձայնել։ Չեմ ուզում վերլուծականներ անել, ճանճի փեթակի հետ շատ չխաղանք այս պահին»։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ տրամադրվածություն կա այս պահին գյուղում, Չավուշյանը հայտնեց. «Ես չեմ կարող ասել՝ ով ինչ է մտածում, բայց կարող եմ իմը ասել․ շատ բան գալիս է իշխանությունից, իշխանության վարվելակերպից, ո՛չ հանգստացնող հայտարարություն կա, ո՛չ էլ»։

Մեր այն դիտարկմանը, թե գյուղացիները անորոշության մեջ են, Չավուշյանը պատասխանեց. «Ամբողջ Հայաստանն է անորոշության մեջ»։