Ներքին 4 տարի առաջ - 13:43 08-06-2022

Ինչպես էին վարկաբեկում և հալածում Արամ Սիմոնյանին

Այսօր մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետզոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանը առաջիններից մեկն էր, որ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների թիրախում, նրան ռեկտորի պաշտոնից հեռացնելը իշխանությունների համար «կենաց-մահու» հարց էր դարձել, և այդ նպատակին հասնելու համար Փաշինյանն ու իր թիմակիցները, նրանց կողմից հովանավորվող շրջանակները միջոցների մեջ խտրություն չէին դնում։

Նախ համալսարանում գործող «Ռեստարտ» նախաձեռնությունն էր Արամ Սիմոնյանի դեմ գործողություններ անում, պահանջում նրա հրաժարականը։ Այդ ընթացքում ռեստարտականները նույնիսկ Արամ Սիմոնյանի աշխատասենյակն էին գրավել, ռեկտորի աթոռն էին հանել սենյակից, Սիմոնյանի աչքի առաջ հերթով նստել վրան ու ծաղրել նրան։ Այնուհետ Նիկոլ Փաշինյանը իր բերանով հայտարարեց, որ իր «նոր Հայաստանում» Արամ Սիմոնյանը տեղ չունի, քանի որ իբր «ուսանողների առաջ դուռ է փակել», մինչդեռ շարժման առաջին օրերին Փաշինյանը հենց ԵՊՀ-ն գրավեց, բարձրացավ մինչև ռեկտորի աշխատասենյակ և իրեն ուղեկցողների հետ ցանկանում էր նաև ռեկտորի սենյակ ներխուժել․ «Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն, դա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել։ Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն», - ասաց Փաշինյանը։

Սակայն սա էլ դեռ ամենը չէր, հաջորդիվ Սիմոնյանի դեմ քրեական գործ հարուցեցին, որն այդպես էլ մնաց նախաքննության փուլում, որևէ ապացույց չկարողացան գտնել, որը մի փոքր կհիմնավորեր մեղադրանքը։ Հիշեցնենք՝ Պետական վերահսկողական ծառայության այն ժամանակվա պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե ԵՊՀ-ում իբր 800 մլն դրամի չարաշահում է հայտնաբերել, երկու տարի քննություն իրականացնելուց հետո Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը` իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` չորս տարվա ընթացքում 34 մլն դրամ, փոխանցելու համար, որը մինչ այժմ որևէ կերպ չի ապացուցվել։ Երկու տարվա ընթացքում անգամ քրգործի նախաքննությունը չի ավարտվել։

Սիմոնյանի պաշտպաններն այսօր հայտարարություն են տարածել, որ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը․ «Պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում»։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ վարույթն իրականացնող մարմինը ցանկացել է քրգործը կարճել, սակայն Արամ Սիմոնյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, ինչից հետո իշխանական վերին օղակներից հրահանգ է իջել, որ նախաքննությունը նորից սկսեն ու քրգործն էլ չկարճեն։

Ի վերջո, իշխանություններին հաջողվեց հասնել Սիմոնյանի հրաժարականին, նա իր հրաժարականի տեքստում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց․ «Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100 ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույնն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»:

Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ-ն 2 տարուց ավելի չուներ ընտրված ռեկտոր, համալսարանում քաոս էր, որի «հանգուցալուծումը» եղավ Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտոր նշանակելը։ Հովհաննես Հովհաննիսյանը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանում» վերջնիս հրաժարականը պահանջող ուսանողների վրա ոչ միայն դուռ էր փակել, այլև ոստիկանական ուժեր բերել համալսարան ու հրաժարվել էր ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Ձեզ գուցե հետաքրքրի