Վոդևիլ հիշեցնող շարժման ու մերօրյա արալեզների մասին
copy image url

Վոդևիլ հիշեցնող շարժման ու մերօրյա արալեզների մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:11 07-06-2022
Ամեն ինչ առավել քան ճիշտ է, առավել քան հասկանալի: Իրադարձությունների առաջին գծում, վերին շերտերում հայտնվելու համար պիտի պարտադիր «օժտված» լինես թրիքին կամ աթարին պատշաճող որակներով (սրանց միջև եղած տարբերությունը, որքան հասկանում եմ, «ստաժի» մեջ է), առանձնանաս դիմադրողականության ու համառության բնատուր «շնորհով»: Ջրի երեսին հայտնվելու բացառիկ ունակությունն ուղղակի անհնարին է դարձնում վերջիններիս «սկացնելը»՝ ասպարեզից ինչ-որ կերպ հեռացնելը: Այս մասին քաջատեղյակ են նրանց «անատոմիային» լավագույնս ծանոթ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների «ալքիմիկոսները»: Հենց նրանք գիտեն «աննկուններին» ցանկացած պահի «մեյդան» բերելու ձևն ու ճշգրիտ ժամը: Որպես կանոն՝ անդրկուլիսային մոգերի քաղաքական հաշվարկներում դա մեն մի, բայց խիստ էական խնդիր է լուծում՝ նորմալ, այս կամ այն պահունակում չհայտնված, չապականված, անկոմպրոմատ տեսակին ստվերելու, մարգինալացնելու խնդիր: Նրանց ցանկությունը մեկն է՝ ամեն կերպ բացառել այլընտրանքայինն տարբերակի(ների) գոյությունը՝ ընտրությունը թողնելով վատի ու վատագույնի միջև… Հիշյալ նպատակին հասնելու համար էլ քաղտեխնոլոգները, ճիշտ է ոչ հաճախ, սակայն դիմում են նաև արալեզական հնարքների բանեցման զինանոցին: Հենց այդ ժամանակ էլ «ջրի երեսին» հայտնվում են նրանք, ում բոլորը վաղուց «անցավոր» էին համարում: Բոլորը, բայց ոչ երբեք «պահեստազորի» պարունակությանը քաջածանոթ սլաքավարները:

Առաջնորդվելով «խնձորն իր ծառից հեռու չի ընկնում» հանրահայտ ճշմարտությամբ՝ «ստվերային ծնողների» գիտությամբ ու քաջալերմամբ՝ ասպարեզ են եկել «արդարության կարոտ» նրանց սիրասուն զավակները: Հենց նրանք էլ ճգնում են վերականգնել իրենց նախնիների արատավորված անունը, պատիվն ու արժանապատվությունը: Այն էլ ինչ եռանդով ու ջանասիրությամբ: Նորմալ երկրներում նրանց վաղուց իզոլացրել էին հասարակությունից՝ կրիմինալ անցյալի ու հանրային հիշողություններում դաջված բազմապիսի «հերոսությունների » պատճառով: Կրկնում եմ՝ նորմալ, բայց ոչ երբեք Հայաստանի նման՝ ուղն ուծուծով կրիմինալ երկրում, որը ոչ թե երկիր, պետություն, այլ ուղղիչ գաղութ է հիշեցնում: Երկիր, որտեղ ընկալումների բևեռներն են փոխված, որտեղ ոստիկանապետը՝ գողի, գողը՝ «իրավաշտպանի», բարեկիրթ մարդը՝ հարիֆի, «զոնը»՝ հայրենիքի, «տուլիկը»՝ Աստծո բարեհաճության հոմանիշներն են ընկալվում…Դե հիմա խնդրում եմ ասեք՝ ինչպես կարող է «Դիմադրության» շարժման շարքերը համալրվել, երբ նույն այդ շարժման ավանգարդը կրիմինալ անցյալով հայտնի «սաշիկյուգենդն» է: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մտածող, նորմալ մարդիկ, օրինակ, Լիսկայի որդուն՝ տխրահռչակ Տիգրան Խաչատրյանին, կամ ասենք՝ ավագ ու կրտսեր Գոնսալեսներին համարելու են իրենց պայքարի ընկերները, հա՞ … Դուք իսկապե՞ս այդպես եք կարծում, թե՞ սա էլ է քաղտեխնոլոգիական զինանոցի «համահարթեցման» հնարքներից: Թե չէ Իշխան Սաղաթելյանի պաթոսախառը ելույթները հանրային շրջանակներին սկսել են ժամանակին Միացյալ Նահանգներին ուղղված, Չինաստանի շարունակական դարձած նոտաներն ու իրավիճակին խիստ բնորոշ հանրածանոթ անեկդոտը հիշեցնել… Գերժամանակակից «Բոինգ»-ի անդրանիկ թռիչքից առաջ օդանավի կապիտանը ծանուցում է. «Հարգարժան ուղևորներ, ձեզ պատիվ է վիճակվել դառնալ «BOING-SSMD500C»» գերժամանակակից ինքնաթիռի ուղևորը: Բացառիկ ինքնաթիռ, որն իր սրահում ունի 500-ից ավելի յոթաստղանի հյուրանոց, հազարավոր ձիարշավարաններ, անհամար կազինոներ, գոլֆհրապարակներ, ծովափնյա գոտիներ ու առողջարաններ…Այժմ, սիրելի ուղևորներ,-խոսքն ամփոփում է կապիտանը,- մնում է էս էշությունը վեր բարձրացնել…»:

Իսկապես հետաքրքիր երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ բարձաձայնվող ուզած խոստում (օրով, ժամով, ամսով ու տարով) ճշգրտորեն համապատասխանում է սահմանված ժամանակացույցին, մի աննշան բացառությամբ, եթե, իհարկե, դարը չի շփոթվում…

Հ.Գ.- Հա, ի դեպ, կատարվողի հանդեպ իշխանական թևի «սողոմոնյան» մոտեցումը ինձ շատ է հիշեցնում «սուտմեռուկ՝ վասն զվարճանքի»-ն: Խոստովանեմ, կոնկրետ ինձ մոտ, օրինակ, անզուսպ ցանկություն է առաջանում նրա (հասկանալ՝ իշխանության) ականջին շշնջալ՝ «Արջն ականջիդ ի՞նչ ասաց…»:

Ամենից շատ դիտված