Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:59 07-06-2022

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի ու Երևանում անշարժ գույքի գների փոխկապակցվածությունը

ՀՀ կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2022թ․-ի ապրիլ ամսին անշարժ գույքի շուկային վերաբերող վիճակագրությունը, որից պարզվում է, որ Երևանում գների կայուն վերընթաց աճը պահպանվում է։ Համաձայն կոմիտեի տվյալների՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2022թ․-ի ապրիլին 1քմ մակերեսը վաճառվել է միջինում 730 հազար դրամով։ Մարտին նույն տարածքում նույն մակերեսն արժեցել է 715․6 հազար դրամ, իսկ մեկ տարի առաջ՝ 2021թ․-ի ապրիլին, այստեղ 1քմ-ը վաճառվել է 610 հազար դրամով։ Ընդ որում, Կենտրոնի առաջին գոտում մեկ քմ-ի վաճառքի միջին գինը հասել է 930․600 դրամի՝ ավելի քան 30 հազար դրամով գերազանցելով մարտ ամսվա վաճառքի ցուցանիշը, 180 հազար դրամով՝ 2021թ․-ի ապրիլի ցուցանիշը։ Սա եղել և մնում է Երևանի անշարժ գույքի ամենաթանկ գոտին։

Արաբկիրում բնակարանների վաճառքի միջին գինը 1քմ-ի համար կազմել է 517 հազար դրամ՝ 11 հազարով գերազանցելով մարտ ամսվա ցուցանիշը, 76-77 հազարով՝ 2021թ․-ի ապրիլի ցուցանիշը։ Այս համայնքում ամենաթանկ բնակարանները երրորդ գոտում են, որտեղ 1քմ-ն ապրիլին իրացվել է 570․500 դրամով (2021թ․-ի ապրիլին 500․000 դրամ էր, իսկ այս տարվա մարտին՝ 550․ 500 դրամ)։
Քանաքեռ-Զեյթունում բազմաբնակարան բնակելի շենքերի 1քմ-ի վաճառքի միջին գինը կազմել է 380․100 դրամ։ Մեկ ամիս առաջ այս համայնքում միջին գինը կազմում էր 372 հազար դրամ, մեկ տարի առաջ՝ 315․200 դրամ։
Նոր-Նորքում 2021թ․-ի ապրիլին 1 քմ-ի միջին գինը եղել է 294 հազար դրամ, այս տարվա մարտին՝ 318 հազար, ապրիլին՝ 322 հազար դրամ։
Էրեբունի համայնքում 1քմ-ի միջին գինը այս ապրիլին եղել է 330․200 դրամ։ Մարտին՝ 323․000 դրամ։ Իսկ մեկ տարի առաջ՝ 281 հազար դրամ։
Շենգավիթում 1քմ մակերեսը միջինում վաճառվել է 336․000 դրամով, որը մարտի համեմատությամբ ավել է եղել 6000 դրամով, իսկ 2021թ․-ի ապրիլի համեմատությամբ՝ 37․500-ով։
Դավթաշենի շենքերի վաճառքի գները մարտ ամսվա համեմատությամբ աճել են 7300 դրամով՝ հասնելով 375․300-ի, իսկ մեկ տարի առաջվա համեմատությամբ՝ ավելի քան 61 հազար դրամով։
Աջափնյակում 2021թ․-ի ապրիլին 1 քմ-ը վաճառվել է 305․000 դրամով, այս տարվա մարտին՝ 342000-ով, իսկ ապրիլին՝ 350 000 դրամով։
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնաճն ունեցել է հետևյալ պատկերը․ 283․500 դրամ 2021թ․-ի ապրիլին, 323․000 այս տարվա մարտին և 325․000 դրամ՝ ապրիլին։
Ավանում մեկ տարի առաջ քմ-ը 285․200 դրամ էր, այս մարտին՝ 320․000, իսկ ապրիլին՝ 325․600 դրամ։
Նուբարաշենում 2021թ․ ապրիլի 175․000 դրամից այս ապրիլին հասել է 200․300 դրամի։

Առանձին կանդրադառնանք արտասահմանցիների (նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են)` Հայաստանի անշարժ գույքի շուկայում ունեցած դերակատարությանը։ Հիմա նշենք միայն, որ վերջին 2-3 տարիներին, համաձայն նույն կադաստրի վիճակագրության, դրսի մեր հայրենակիցները ավելի շատ օտարում են այստեղ ունեցած իրենց անշարժ գույքը, քան ձեռք բերում։ Հետևաբար Երևանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը բացատրել դրսի մեր հայրենակիցների կամ օտարների ակտիվության գործոնով լուրջ չի լինի, քանի որ դրա տակ վիճակագրություն չկա։

Մեր գնահատականներով՝ դա մասամբ պայմանավորված էր Արցախի հայրենազրկված մեր հայրենակիցների, շուշեցիների ու հադրութցիների և ընդհանրապես՝ ունեզրկված արցախցիների գործոնով։ Մինչդեռ Երևանի անշարժ գույքի գնահատման գործակալություններից մեկի տնօրենը, որը գերադասեց «չերևալ», պարզաբանեց, որ Երևանում տների գները փոխկապակցված են և ուղղակիորեն փոխվում են Գորիս-Կապան ճանապարհի վիճակին համապատասխան։

Նրա մեկնաբանությամբ այդ «ճանապարհ» կոչվածով անցնելուց հետո, որքան էլ գիտակցում ես, որ քո հայրենիքի մի հատվածից մեկ այլ տեղ ես անցել, ենթագիտակցություն, գիտակցություն, բանականությունդ խառնվում են, ու տպավորություն է առաջանում, որ քո հայրենիքում, ինչ-որ մեկից թաքնվելով, փախչում ես գաղտագողի, կիասագրուտային, կիսաասֆալտային ճանապարհով։ Առաջին պահին, ինքդ իսկ չզգալով, հոգեբանորեն ճնշվում ես՝ հասկանալով, որ այդ ճանապարհը իր տեսքով ու հնարավորություններով ոչ միայն միջպետական, նույնիսկ միջհամայնքայինի պահանջներին չի բավարարում։ Իսկ սյունեցին, արցախցին, որքան էլ կամքի ուժով արիացիներ են, այդուհանդերձ, ենթագիտակցորեն, նաև հենց այս գործոնի ազդեցության տակ, զգում են իրենց անպաշտպանվածությունը և պետության, գործող կառավարության հետ որևէ հույս չկապելով՝ շտապում են իրենց հարցերը յուրովի լուծել։ Տեսնում են, որ հիմա արտասահմանններում էլ մի բան չի, հետևաբար առայժմ միակ փոքրիշատե ապահով վայրը Երևանն են պատկերացնում, դեպի ուր էլ ձգտում են։

«Վերջին երկու-երեք ամիսներին շուրջ 20 բնակարան են գնահատել միայն կապանցիների համար»։ Ըստ մասնագետի՝ ոչ միայն Սյունիքի ու Արցախի բնակչությունն է շարժվում դեպի Երևան, այլև շատ ակտիվ տեմպերով՝ նաև Տավուշի ու Գեղարքունիքի։ Ընդ որում, Գեղարքունիքից ոչ միայն Վարդենիսի, այլ նաև Գավառի ու Մարտունու տարածաշրջաններից, որտեղ կարծես թուրք-ազերիների սպառնալիքը չկա։ Պարզապես մարդկանց մոտ իրենց վաղվա օրվա նկատմամբ անվստահությունն այն աստիճանի է հասել, որ հանրապետությունում միակ համեմատաբար անվտանգ գոտին տեսնում են Երևանում, մի քիչ էլ՝ երևանամերձ երկու-երեք մարզերում։

Վերոշարադրյալի և անշարժ գույքի շուկայում գործարքների առումով կարծես անհամապատասխանություն կա, մինչդեռ․․․Ադրբեջանի սահմանին գտնվող գյուղացու տունը ոչ մեկին չի հետաքրքրում, որ մի քանի հազար դոլարով գնի։ Հետևաբար հասկանալի է, որ Սյունիքում կամ Գեղարքունիքում մի քանի տասնյակ գործարք է լինում, մինչդեռ Երևանում նույն այդ սյունեցիների և վարդենիսցիների հաշվին՝ հարյուրներով գործարքներ։ Գյուղում տների չվաճառելը ինչ-որ տեղ նույն այդ գյուղացիների սրտով էլ է այն առումով, որ ինչ-որ հրաշքով կարող են վերադառնալ հին ու բարի ժամանակները, երբ սահմանը իրենց տնից հեռու էր ավելի քան 170 կմ։ Մյուս կողմից էլ հողը կմշակեն, ինչ-որ չափով քաղաքում իրենց սննդի հարցը կլուծեն։ Ինչևէ։

Փաստորեն սահմանամերձ համայնքների ու մարզերի դատարկվելու հաշվին Երևանում անշարժ գույքի գներն աճում են, ու բոլորովին անակնկալ չի լինի, եթե վաղը Նիկոլը կամ Քերոբյանը հայտարարեն, որ Երևանի անշարժ գույքի գների աճը կյանքի լավացման հստակ ցուցիչ է։