copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:23 31-05-2022

Փաշինյանն ու հայտնի անեկդոտը․ «բա էսքան առավելությունների մեջ մի թերություն չլինի՞»

Վերջին օրերին, պայմանավորված թերևս քաղաքական զարգացումներով, Փաշինյանն ու իր Կառավարության անդամները պարբերաբար անդրադառնում են տնտեսության վիճակին՝ ներկայացնելով այն զարգացման ֆանտաստիկ տեմպերի մեջ՝ նշելով, որ աշխարհում միայն Հայաստանն է, որտեղ գնաճը երկնիշ չէ, որտեղ կյանքը լավանում ու լավացել է այնքան, որ ճանապարհներին շարունակական խցանումներ են։ Հայաստանը դարձել է երկիր, դեպի ուր շտապում են Ռուսաստանի IT ոլորտի ներկայացուցիչները իրենց գործունեությունը շարունակելու, որտեղ գործազրկությունը մեծ արագությամբ նվազում է ու այդպես շարունակ։

Երկու օր առաջ Փաշինյանը Կառավարության նիստում սեփական փաթեթավորմամբ ներկայացրեց տնտեսությանը վերաբերող թվեր, ու կարելի է ասել, ժամեր անց արդեն ԱԺ-ում նույն թվերը, մեկ-երկուսի ավելացմամբ, նոր, ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ է ներկայացվում, որպես դարձյալ աննախադեպ։

Պարզվում է, որ անկախ Հայաստանի գոյության 30 տարիների ընթացքում մեր տնտեսության մեջ երբևէ բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն չի անցկացվել։ Հերթական աննախադեպը։ Բռնցքամարտից զատ առաջնորդը ներկայացնում է տնտեսության մյուս աննախադեպ ցուցանիշները՝ այս անգամ դրանք համեմատելով 2017թ․-ի հետ։ Փաստացի փորձելով ցույց տալ իր արձանագրած ցուցանիշների անհամեմատելիությունը նախկիններինի հետ։

«Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ: 2017 թվականի նկատմամբ 140%-ով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: ․․․Ուզում եմ շատ կարևոր մի բան հիշեցնել, որ 2018 թ․ հունվարի 1-ի դրությամբ 125 միլիարդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել Կառավարությունը տնտեսվարողին» (այլ թվեր ևս ներկայացվում են, որոնց արդեն անդրադարձել ենք)։

Սա Փաշինյանին խիստ բնորոշ վարվելակերպ է, գտնել մեկ-երկու թիվ, որոնք իր օգտին են և ամբողջ խոսքը կառուցել դրանց վրա։ Մինչդեռ եթե Փաշինյանը ուզում է ցույց տալ իր վարած քաղաքականության գերազանցությունը նախորդների նկատմամբ, չպետք է թվերի ծաղկաքաղով արտահայտված խաբեությամբ, մեկ-երկու թվանի մանիպուլյացիայով զբաղվի։ Հետևաբար օգնենք նրան՝ ներկայացնելով տնտեսությանը վերաբերող 2017 և 2021 թթ․ համեմատական ցուցանիշները։ Նախապես նշեմ, որ 2017թ․-ին վերաբերող վիճակագրական թվերը միանշանակ իրական են։ Հարցը նրանումն է, որ 2016թ․-ի սեպտեմբերին, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, թերևս ցանկանալով տնտեսության իրական պատկերն ունենալ, պարտադրեց վիճպետկոմին ներկայացնել իրական, չուռճեցված թվերը։ Ընդամենը 2-3 ամսվա ընթացքում վիճակագրական ծառայության թվաբանությունը «սրբագրվեց», ուռճեցված թվերի կտրուկ անկում արձանագրվեց։ Դա անզեն աչքով տեսանելի է, երբ այդ փուլում տնտեսության վերաբերող թվերը համադրում ես։ Հետո արդեն, 2019թ-ից սկսած այս ծառայությունը, ոչ առանց Փաշինյանի հավանության, վարադարձավ հին, բարի ժամանակների իր գործելաոճին։ Ինչևէ։
2017թ.-ին ՏԱՑ-ը կազմել է 7․7%, աճողական առումով։ 2021թ․-ին՝ 5․8%։ Ընդ որում՝ 2020թ․-ին Փաշինյանի Կառավարությունն ունեցել է ՏԱՑ-ի 7․5%-անոց անկում։ Հետևաբար 2021թ․-ի 5․8%-անոց աճը դեռ 2019թ․-ի համեմատությամբ 1․7%-ով ցածր էր զրոյական մակարդակի հասնելու առումով։ 2017թ․-ին արձանագրվել է արդյունաբերության 12․6%-անոց աճ, 2021թ․-ին՝ 3․3%-անոց աճ։ Գյուղատնտեսության աճը 2017թ․-ին կազմել է մինուս 2․9%, 2021թ․-ին՝ մինուս 1%։ Շինարարությունը 2017թ․-ին գրեթե 3%-անոց աճ է արձանագրել, 2021թ․-ին՝ 7․4%։ Բեռնափոխադրումների ծավալը 2017թ․-ին աճել է 36․9%-ով, 2021թ․-ին աճել է 8․7%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2017թ․-ին աճել է 14%-ով, 2021թ․-ին՝ 7․5%-ով։ Կապի ոլորտում 2017թ․-ին արձանագրվել է 4․1%-ոց անկում, 2021թ․-ին՝ 4․4%-ոց աճ։ 2017թ․-ին առևտրաշրջանառուևթյունն աճել էր 26․9%-ով։ Ընդ որում՝ արտահանումը՝ 25․2%-ով, ներմուծումը՝ 27․8%-ով։ 2021թ․-ին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 17․7%-ով, արտահանումը՝ 19․1%-ով, ներմուծումը՝ 16․9%-ով։

2017թ․-ին օտարերկրյա ներդրումները կազմել են շուրջ 640-650 մլն դոլար, իսկ վերջին 3 տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են ավելի քան երկու անգամ՝գրանցելով վերջին 18 տարիների ամենացածր արդյունքը։

2017թ․-ին ՀՀ պետական պարտքը կազմում էր 6․ մլրդ 774 մլն 604 հազար դոլար։ 2021թ․-ի դեկտեմբերի 31-ով այդ թիվը կազմում էր 9 մլրդ 225 մլն 643 հազար դոլար։ Թերևս ի սկզբանե կարելի էր բավարարվել միայն այս թվի հրապարակումով, ինչից հետո խոսելն անիմաստ է։

Այս թվերից բացի՝ անկումներից որևէ տեղ չի երևում աննախադեպ աճը։ Իր 140%-ոց աճով Փաշինյանը հայտնի անեկդոտի հերոսին է հիշեցնում, որ ասում էր «բա էսքան լավի մեջ մի վատը չլինի՞»։

Մեկ փաշինյանական փաստ էլ և վերջ։ 2017թ․-ի համեմատ «մենք ունենք ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ, հաշվի ենք առնում այն աշխատատատեղերը, որոնց դիմաց վճարվել է գումար և հաշվարկվել է եկամտային հարկ»։

2017թ․ դեկտեմբերի տվյալներով՝ հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 85983 մարդ։ Սրանցից գործազուրկ էր 70հազար 236-ը։ 2021թ․-ի դեկտեմբերի տվյալներով ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը 86396 մարդ է, որոնցից գործազուրկ են 58153-ը։ Բայց այս չորս տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է ավելի քան 80 հազար մարդ ու մասնագետները պնդում են, որ գործազրկության թիվը 4 տարիներևի ընթացքում 12 հազարով նվազել է ոչ թե աշխատատեղեր բացելու հաշվին, այլ մարդկանց արտագաղթելու պատճառով։ Այդուհանդերձ որևէ մեկը չի կարող ժխտել և ուզենանք թե չէ, որպես բացարձակ ճշմարտություն պետք է ընդունենք այն փաստը, որ Հայաստանի տնտեսությանը վերաբերող ցուցանիշների մեջ մինչ օրս բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն չէր անցկացվել։ Սա, իրոք, աննախադեպ է։