Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:23 31-05-2022

...որ եղիցի լույս

Սևակը գուցե այսօրվա մեզ համակած խավարն էլ է տեսել, երբ գրել է․ «Երազել է տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում, - շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն...», որ եղիցի լույս։ Հիմա մեզ սին երազներն են տանջում, քանի որ չորս տարի նիկոլական մթություն է, ու մտքի խավարը պարուրել է մեր ապագան։ Ուստի և, եթե չցրենք Նիկոլի սփռած խավարը, ապա մեզ սպառնում է ապագա, որը ճիշտ, հստակ պատկերացնելու համար գոնե որոշ լուսաբանումներ պետք է անենք մեզ համար։ Եվ պետք է կարողանանք կողքներս նայել ու տեսնել, թե ինչեր են կատարվում գոնե մեզ անմիջապես առնչվող աշխարհում։ Սա անելուց հետո նոր միայն կարող ենք ճշգրիտ որոշել, թե ինչպես խուսափել օտարի, թշնամու՝ մեզ համար նախապատրաստած ապագայից, որն ամենևին էլ երազելի չէ։

Ապագան, ուր մեզ տանում է Նիկոլը, իրոք կա․ գրվել է Մեծ Բրիտանիայում, թուրքական է էությամբ ու բովանդակությամբ։ Նույն ապագան հիմա Ուկրիանայում նյութում է Զելենսկին, և այն լեհական է էությամբ ու բովանդակությամբ։ ՄԲ-ն ողջ Եվրոպային է նույն ապագան թելադրում, բայց իր ապագա տարբեր գաղութներում դա անում է տարբեր վասալների ու տարբեր դրածոների միջոցով. ահա և եղած ողջ տարբերությունը։ Հատկապես վերջին երեք ամիսներին Ուկրաինայում ու նրա շուրջ տեղի ունեցողը նորովի է բացահայտում Նիկոլի, Իլհամի ու Էրդողանի՝ միասնաբար իրագործվող ծրագրի վտանգավորությունը, լույս է սփռում Հայաստանի, Արցախի ու հայության համար նախապատրաստված սև, մութ, սպառնալից ապագայի վրա։

Նախ արձանգրենք, որ ինչպես Արցախը թուրքին հանձնելու համար Նիկոլը պետք է պայմանավորված պատերազմ սադրեր Ադրբեջանի հետ, ճիշտ այդպես էլ Զելենսկին Ուկրաինան լեհական դարձնելու համար պարտավորվել էր պատերազմ սադրել Ռուսաստանի դեմ։ Այս նպատակով հայտարարվեց, որ Ուկրաինան շատ արագ կանդամագրվի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։ Եվ ՌԴ-ն Ուկրաինային պարտադրված պատերազմը կանխելու համար փետրվարի 24-ին հատուկ ռազմական օպերացիա սկսեց։ Անցած երեք ամիսներին արևմուտքը ամեն օր ասաց ու կրկնեց, որ ինչքան պետք լինի, պարտքով զենք ու փող կտա Զելենսկուն, որ Ուկրաինան մինչև վերջին ուկրաինացին մարտնչի ՌԴ-ի դեմ։ Հիմա, երբ Ուկրաինայի բնակչության առնվազն 30%-ը լքել է երկիրը, երբ զորակոչի բոլոր փորձերը ձախողվում են, երբ բանակային ու վարձկանների բոլոր ստորաբաժանումները զենքի, զինամթերքի, վառելիքի սուղ պակաս ունեն և զենքը վայր դնելով՝ հանձնվում են, Լեհաստանը գործի է անցնում։ Օրերս ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն միանշանակ հաստատեցին, որ Ուկրաինան առաջիկա 20 տարում չի կարող համալրել իրենց շարքերը։ Պաշտոնական Վարշավան էլ հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինային անվճար վառելիք մատակարարել և կշարունակի դա անել միայն վճարի դիմաց, իսկ զենք-զինամթերք մատակարարելն արդեն ինքնանպատակ է դարձել, քանի որ սահմանն անցնելուն պես՝ ՌԴ-ն այն ոչնչացնում է, բայց եթե Ուկրաինան վճարի ԱՄՆ-ի հատկացրած 40 միլիարդից, որի միայն 25%-ն է տեղ հասնելու, ապա կստանա հնացած զենքի ողջ արսենալը։ Հիմա Լեհաստանը նաև յուրացնում է ամեն ինչ այնտեղ, որտեղ իր դրդմամբ է արյուն հոսում։ Օգտվելով Ուկրաինայի անելանելի վիճակից` ոչ միայն իրագործում է Ռեչ Պոսպոլիտան վերածնելու իր վաղեմի երազանքը, այլև հավակնում է բռնակցել Ուկրաինայի ողջ տարածքը։ Հիմա արդեն բացահայտ է, որ Լեհաստանի իրական նպատակը Ուկրաինայի եղած-չեղած ինքնիշխանությունն ու պետականությունը ոչնչացնելն է։ Սա ոմանք արդեն սկսում են գիտակցել նաև Ուկրաինայում և ուղղակի հարցնում են արևմուտքին. «Մենք ձեզ դեռ պե՞տք ենք, թե՞ արդեն ոչ»։ Ուկրաինայի առկա իշխանությունը, սակայն, պատրաստ է Ուկրաինան ամբողջությամբ նվիրել Լեհաստանին, եթե ստանա երաշխիքներ, որ ամբողջությամբ կպահպանի իր ունեցվածքն ու անվտանգությունը։

Ապացույցնե՞ր. խնդրեմ։ Ուկրաինայի գերագույն ռադան հիմա օրենք է ընդունում, որով Լեհաստանին տրվում է հատուկ կարգավիճակ Ուկրաինայում։ Օրենքը սահմանում է, որ լեհերը կարող են ազատ հատել սահմանը, ընտրովի ու պետական պաշտոններ ստանալ, գաղտնի փաստաթղթեր ու տվյալներ տնօրինել, պաշտպանական հիմնարկներ ղեկավարել, դատավորներ դառնալ, լեհ ոստիկանները կարող են իրավապահ գործողություններ ծավալել, Լեհաստանի բանակը կարող է զորք մտցնել Ուկրաինա։ Լեհաստանի նախագահ Դուդան էլ հենց ռադայում հայտարարեց. «Մոտ ապագայում մեր երկու երկրների միջև սահմանը կվերանա»։

Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ արևմուտքի վերաբերմունքի զուգահեռ նույնությունը լրացնելու համար հավելենք։ ԵՄ-ն ու առաջինը հենց Լեհաստանն են իրենց իրավունք վերապահում` ահանգնացող մթերային դեֆիցիտի ու սպառնացող սովի պայմաններում տարատեսակ հնարքներով, նաև բիրտ ուժով յուրացնել մթերքի ու հացահատիկի ողջ ուկրաինական պաշարը` դարձյալ գոլոդոմորի դատապարտելով իրենց հավատացած մի ողջ ժողովրդի։ Ա՛յ այսպիսի ապագա է սպասում արևմուտքի ծրագրով ապրել ցանկացողներին։

Այս ամենի թրքական կրկնությունը մեզ է սպառնում այն ապագայում, որը Նիկոլը դեռ շարունակում է նյութել։ Բրյուսելում ու մինչ այդ Նիկոլի ստորագրած բոլոր կապիտույլացիաներն ու այլևայլ ղազագրերը չարի ծաղիկներն են միայն, իսկ մահաբեր պտուղները արդեն հասունանում են։ Այո՛, հիմա թրքական խամաճիկը ծանր վիճակում է հայտնվել, չի կարողանում ստանձնած դավաճանական ծրագիրն ավարտին հասցնել։ Պետք չէ, սակայն, միամտորեն մտածել, թե նա կհանձնվի։ Այս վիճակից դուրս գալու համար նա անվարան նոր պատերազմ կսադրի, որպեսզի իր գործակիցներ Իլհամն ու Էրդողանը կարողանան իրեն օգնության հասնել։ Ով չի ուզում ապրել խավար թրքական ապագայում, անհապաղ իր գոնե մեկ մոմը պետք է վառի։