copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:58 30-05-2022

Ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին Փաշինյանը տնտեսական աճ է ապահովում

Կառավարության վերջին նիստում ունեցած իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է երկրի այս տարվա տնտեսական ցուցանիշներին, և այն, ինչ մասնագետները ներկայացնում են որպես խայտառակությունը, տնտեսական լուրջ անկում, տնտեսական իրավիճակի աննախադեպ վատթարացում, Փաշինյանն ու իր թիմը ներկայացնում են որպես առաջընթաց, որպես ռեկորդային ցուցանիշներ և այդպես շարունակ։ Նրա կողմից ներկայացված տվյալները չեմ ֆիքսում՝ նյութը չծանրաբեռնելու նկատառումով, հատկապես, որ դրանք գրեթե ամեն տեղ կան։ Բայց հերթականությամբ անդրադառնանք այդ տվյալներին ու դրանց իսկությանը։

Չնայած որ այս թվերին մասամբ անդրադարձել ենք, այդուհանդերձ փորձենք հերթով ներկայացնել փաշինյանական ցուցանիշների «անհամաչափությունը»։ Նախ՝ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասում տնտեսության համար (ցանկացած երկրի) առաջատար ճյուղերի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ։ Որովհետև տնտեսության ողնաշարը հանդիսացող արդյունաբերությունում աճ գրեթե չունենք, նույնիսկ հանքարդյունաբերության ծավալների ավելացման հաշվին։ Աճի բացակայության ամենատիպիկ օրինակը տալիս է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը, ի տես բոլորի, այս իշխանությունները բառիս բուն իմաստով փլուզում են։ Գյուղատնտեսության մասին չենք խոսում այն պարզ պատճառով, որ այս ոլորտի վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ։ Այդուհանդերձ եթե վիճակագրական տվյալները չկեղծվեն, այս ոլորտում միանշանակ ունենալու են շուրջ 20%-անոց անկում։ Փաշինյանը խոսում է ընդհանուր ՏԱՑ-ի ցուցանիշի 8-9%-անոց աճի մասին։ Նշենք, որ 2021թ․-ի հունվարին ՏԱՑ-ի գրեթե 9%-անոց անկում ունեինք, հետո՝ գրեթե 7-8%-անոց, հետո՝ 4%-անոց։ Այնպես որ նման անկման ֆոնին այս աճը գրեթե զրոյական է։ Հազիվ 2020թ․-ի ՏԱՑ-ի մակարդակին է։ Մեծ փոսից բարձրացել, հողի մակերևույթին են կանգնել ու գտնվելու մակարդակը ոչ թե հողի մակերևույթով են հաշվում, այլ փոսի խորությամբ։ Անկախ այսօր ցույց տրվող այս գունզգույն թվերից, որ ընդամենը այս պահին տպավորություն գործելու նպատակ ունեն, կա և՛ մեր ԿԲ-ի, և՛ Համաշխարհային բանկի վերանայված կանխատեսումները, համաձայն որոնց՝ տարվա կտրվածքով ունենալու ենք 1․5%-ի շրջանակներում տնտեսական աճ։ Լավագույն դեպքում։

Այդուհանդերձ, որտեղից ՏԱՑ-ի 9․4%-անոց աճը։ Ինչի հաշվին ենք «փոսից բարձրացել»։ Ծառայությունների։ Ոլորտում՝ ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների աշխատանքում գրանցվել է 24-25%-անոց աճ։ Սա ինչի՞ հաշվին է․ ռուս-ուկրաինական պատերազմի, «շնորհիվ» ինչի՝ դարձյալ պաշտոնական տվյալներով այդ երկրներից փետրվար-մարտ ամիսներին 100-120 հազար մարդ է ժամանել Հայաստան՝ միայն բիզնես գործունեություն ծավալելու նպատակով։ Ինչո՞ւմն է այստեղ Կառավարության դերը, ի՞նչ քայլեր է կատարել, որ նպաստել է նրանց գալուն։ Բացարձակապես ոչ մի դրական բան չի արվել այդ ուղղությամբ։ Մասնագետների գնահատականներով՝ եթե Կառավարությունը չի խանգարել, դա արդեն դրական է։ Բայց պարզվում է, որ այնպես չի, որ չի խանգարել, որին դեռ կանդրադառնանք։ Նշենք, որ անցած տարի այս ժամանակահատվածում նաև այս ոլորտում 7-8%-անոց անկում ունեինք։

Թվարկվող հաջողությունների առաջին շարքում նշվում է շինարարությունում 15․6%-անոց աճը ապրիլին և 9%-անոց աճը չորս ամիսների կտրվածքով։ Նախ՝ շատ անհասկանալի տրամաբանությամբ, համաձայն ներկայացված տվյալների, այս տարվա առաջին ամիսներին հանրապետության շինարարության հիմնական մասը տեղափոխվել է մարզեր։ Երևանում շինարարության ծավալները կտրուկ նվազել են, մարզերում՝ շեշտակի աճել։ Երկրորդ՝ շինարարությունը, եթե ինչ որ չափով աճում է, ապա խիստ կարճաժամկետ միջակայքում, շնորհիվ եկամտային հարկի արտոնությունների չեղարկման։ Արտոնության վերացումից հետո կտրուկ անկումն անխուսափելի է։ Բացի այդ՝ նույն ռուս-ուկրաինական պատերազմի և ավելի շատ 44 օրյա պատերազմի արդյունքում այստեղ տուն ունենալ ցանկացողների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Հետևաբար շինարարությունը որոշակիորեն պետք է ակտիվանար։ Որն է դրական առումով Կառավարության մասնակցությունը այս ամենում, խիստ դժվար է ասել։ Փաշինյանը խոսում է ռեկորդային թվով աշխատատեղերի ստեղծման մասին, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է։ Պաշտոնական տվյալներով՝ 2020 թ-ին ունեցել ենք 218 հազար գործազուրկ, 2021 թ․-ին՝ 180 հազար գործազուրկ։ 2020 թ․-ին ունեցել են 1 մլն 208 հազար մարդ, 2021 թ․-ին մլն 173 հազար մարդ։ Այս թվերի համադրումից ստացվում է, որ 35 հազար մարդ այլևս գործազուրկ չի, ապահովվել է աշխատանքով։ Բայց 80 հազար արտագաղթ ունենք և ստացվում է, որ այդ գործազուրկները ոչ թե աշխատանքով են ապահովվել, այլ արտագաղթել են։ Արդյունքում 2020-2021 թթ․-երին աշխատանքով ապահովվել են 3 հազար մարդ։ Այդ մանիպուլյացիան բազմիցս տարբեր հարթակներից բավականին մանրամասն ներկայացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Մասնագետները փաստում են նաև, որ բիզնես նպատակներով ՀՀ են ժամանել 100-120 հազար այցելուներ, որ պետք է ընկերություններ ստեղծեին, հետևաբար նույնքան կամ մի քիչ պակաս նոր աշխատատեղեր։ Եթե պաշտոնապես չի ներկայացվում նոր ստեղծված աշխատատեղերի համապատասխան քանակ, կհետևի, որ նրանք հիմնականում հեռացել են ՀՀ-ից։ Այդ առումով իմաստ ունի, որ Փաշինյանը ներկայացնի վիճակը։ Ի՞նչ են արել, եկածներին այստեղ պահելու ուղղությամբ ու ինչո՞ւ չեն կարողացել պահել։

Փաշինյանը շատ մեծ ոգևորությամբ նշում էր նաև արտաքին առևտրում մեր հատկապես արտահանման ցուցանիշների կտրուկ աճի մասին։ Եթե հիմնականում արտահանվում է հանքարդյունաբերական արտադրանք ու սրա արդյունահնման ծավալների աճ չկա, արտահանվում է գյուղատնտեսական մշակված արտադրանք ու սրա դեպքում էլ միայն էական նվազում է, ապա ինչի հաշվին է գրացվել մեր արտահանման շեշտակի աճը։ Վերաարտահանման։ Մասնագետները շատ տրամաբանորեն բացատրում են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկացիաների հետևանքով թե՛ Եվրոպան ռուսական արտադրանքի կարիքն ունի, թե՛ ռուսները Եվրոպականի։ Հիմա Հայաստանում զբաղված են մի ուղղությունից մյուսը ներկրել-արտահանելով։ Այնպես որ այստեղ էլ պրն․ Փաշինյանը փորձում է խեղաթյուրված ներկայացնել իրավիճակը։

Ունենք փլուզվող տնտեսություն ու ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին մի քանի ցուցանիշ արձանագրելով՝ տնտեսական աննախադեպ աճ ենք ապահովում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, իհարկե։

Ձեզ գուցե հետաքրքրի