Այսօր առավոտյան Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը բերման է ենթարկվել, սակայն մինչ այժմ չեն հրապարակվել նրան բերման ենթարկվելու պատճառները, և տեղեկություն չկա, թե որտեղ է նա գտնվում։
Oragir.news-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Մանուկյանի առևանգման գործով տեղեկություն չեն տրամադրում։
«Նախ ասեմ, որ մենք պաշտոնապես տեղեկատվություն չունենք։
Նրանք, ովքեր առավոտը՝ ժամը 6-ից 6:30 ընկած հատվածում, եկել են նրան տանելու, չեն ներկայացել։ Եղել են 10 հոգի, 5-ը՝ ոստիկանական համազգեստով, պարզ չէ՝ ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչներ են, մյուս 5-ը եղել են քաղաքացիական հագուստով։
Առանց որևէ որոշման ծանոթացնելու, առանց ասելու՝ ինչ հիմքով են մարդուն վերցնում արգելանքի տակ, չեն ասել՝ ուր են տեղափոխում, ուղղակի ասել են՝ ինչի չգիտե՞ք՝ ինչի համար ենք ձեզ տանում։
Ես դրա մասին իմանալուց անմիջապես հետո զանգահարել եմ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն։ ԱԱԾ-ն տեղեկացված չէր՝ ինչ է տեղի ունեցել, ոստիկանության Մաշտոցի բաժանմունքը, որի տարածքում բնակվում է Պավել Մանուկյանը, տեղեկացված չէր, և իրենց մոտ ոչ մի ձերբակալված անձ չկար։
Այսինքն՝ պատկերացնենք՝ անձը կասկածվում է ինչ-որ հանցագործության մեջ, կամ իր նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտնող դատական ակտ, որի հիման վրա իրեն պետք է վերցնեն արգելանքի տակ, այս պարագայում եթե կան նման փաստաթղթեր՝ կալանավորման որոշում կամ ազատազրկման, դատապարտման դատական ակտ, ապա այդ փաստաթղթերը տրամադրում են տվյալ ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներին, և նրանք սպասարկում են այդ որոշման գործընթացը։
Այս պարագայում Մաշտոցի ոստիկանությունը ներգրավված չի եղել այս գործընթացի մեջ, և չգիտենք՝ ովքեր են ներգրավված եղել, եկել ու առանց որոշման ներկայացման իրեն առևանգել և տարել են, թե ուր, հայտնի չէ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինձ տեղեկացրին, որ նրանք պաշտոնապես ոստիկանությունից ճշտել են, որ իբրև Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է, և նրան տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Որ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, հայտնի չէ, խափանման միջոցը երբ է փոխվել, ինչ դատական ակտի հիման վրա, որոշումը ով է կայացրել, ինչ է տեղի ունեցել, հայտնի չէ։
Քիչ առաջ ես տեղեկացա դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից, որ իբրև թե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կայացվել է մայիսի 26-ին, և դրա հիման վրա «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին տեղափոխել են կալանավայր, որպեսզի կրեն իրենց պատիժը։
Նախ՝ այսօր աշխատանքային օր չէ, դատական դեպարտամենտը չի աշխատում, ես իրենց էլ եմ առավոտյան զանգել, բայց զանգերին չեն պատասխանում։ Պատկերացնենք՝ առկա է դատական ակտ, այդ մասին ծանուցվել է միայն ոստիկանությո՞ւնը․ ի՞նչ եղանակով, այն էլ հատուկ ոստիկանական ջոկատներ և ոչ տվյալ մարդու բնակության վայրի ոստիկանությունը։
Եթե այդպես էր, և առկա է դատական ակտ, ինչո՞ւ այդ դատական ակտը չի հրապարակվել, գոյություն ունի «Դատալեքս» կայքէջ, ինչո՞ւ այդ կայքէջում, որի սպասարկման համար պատասխանատու է պարոն Ջհանգիրյանը, չեն հրապարակել։
Ես չեմ բացառում, որ կարող են դատավորներին կանչել ու ասել՝ հետին թվով նման որոշում կայացնեն, ստորագրեն ու կնիքը դնեն։
Եվ միայն Պավել Մանուկյանին չեն ձերբակալել, բայց քանի որ մենք չենք հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ որոշման հիման վրա է արգելանքը, չեմ կարող որպես փաստաբան ներգրավվել գործընթացի մեջ։ Այսինքն՝ իմ նվազագույն իրավունքները ևս հարգված չեն։ Այսքանից հետո տեսել են, որ չկա ինչ-որ պարզաբանում, ոչ աշխատանքային օրով, ինչ-որ մեկը եկել է դատական դեպարտամենտի կայքում ինչ-որ անկապ հայտարարություն է տարածել, որը չունի փաստական որևէ հիմնավորում»,- ասաց Փոստանջյանը։