Երևան +14°
Ներքին 1 տարի առաջ - 20:34 27-05-2022

Նրանք, ովքեր վերադարձան, կռվեցին ապրելու համար, նրանք, ովքեր չվերադարձան, կռվեցին ապրեցնելու համար

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այսօր Երևանի՝ Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախյան երկրորդ և երրորդ պատերազմներում զոհված տղաներին, որոնք սովորել են այդ դպրոցում։ Նրանք թվով չորսն են, որոնցից է Քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, որը, նկատելով իրեն մոտեցող թշնամուն, վերջին անգամ կապի էր դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է թշնամուն, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Աբաջյանը ցուցաբերած քաջության ու արիության համար 2016 թ․ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արցախի Հերոս» բարձրագույն կոչմամբ։

Մյուս տղան Արսեն Մուրադյանն է, որը նույնիսկ շտապօգնության մեքենայի մեջ շարունակել է հույս տալ վիրավոր ընկերներին, իր լավատեսությամբ վարակել նրանց, բայց ճանապարհին արնաքամ լինելով՝ զոհվում է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հայկ Անտոնյանը եղել է Ցորի լեգենդար գնդի հրետանավոր, մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Վազգենաշենում, Հադրութում, Վարանդայում, Արալեռում։ Վիրավորվել է, սակայն շարունակել է կռվել ծանր մարտերում՝ մնալով զինակից ընկերների կողքին։ Հայոց պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Հայկը, զոհվել է հոկտեմբերի 12-ին։
Հայկի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021 թ․ դեկտեմբերի երկուսին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հայկ Անտոնյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հայկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։

Բաբկեն Գրիգորյանը եղել է «Գանձասար», ապա «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների դարպասապահ։ 2015-2017 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Հոկտեմբերի 21-ից կամավոր մեկնել է Արցախ, եղել է ջոկի հրամանատար։ Նոյեմբերի 4-ին Լաչինում մղվող համառ մարտերում հաջողվել է պահել դիրքը, սակայն Բաբկենն անմահացել է՝ փրկելով զինակիցների կյանքը։

«Այս դպրոցը, որը առաջ անվանակոչված չէր, այսօր կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը։ Սկզբում անվանակոչվել էր ՆԶՊ-ի կաբինետը, հետո, քաղաքապետարանի որոշմամբ, դպրոցն է անվանակոչվել։ Աբաջյանի հերոսության մասին բոլորը գիտեն։ Նա մարտնչեց՝ մնալով մեկ նռնակի հույսին։ Դպրոցն ունի այլ հերոսներ ևս, որոնք զոհվեցին 44-oրյա պատերազմում։ Դպրոցը գոյություն ունի հիսուներկու ուսումնական տարի և հազարավոր հերոսներ է տվել, բայց մենք խոսում ենք չորսի մասին։ Շա՞տ են այդ չորսը, թե՞ քիչ, եթե խոսում ենք չորս զոհի մասին, իհարկե, շատ է, եթե խոսում ենք հայրենասիրության և նվիրումի մասին, այդ չորսը չեն միայն, որ հայրենասիրություն ու նվիրում են ունեցել։ Շատ-շատերն են ունեցել, որոնք գնացել են կռվի, կռվել են հաղթելու, ապրելու և ապրեցնելու համար։ Նրանք, ովքեր վերադարձան, կռվեցին ապրելու համար, նրանք, ովքեր չվերադարձան, կռվեցին ապրեցնելու համար»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչը։