copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 27-05-2022

Նախկիններինը հայ տիեզերագնաց էր, ներկաներինը` հայ արբանյակ. ցրելու արվեստը

Մեր իշխանություններն այնքան նման են միմյանց իրենց գործերով եւ խոսքերով, նպատակներով եւ երազանքներով, որ թվում է, թե 4 տարի առաջ ընդամենը չարիքի անունն է փոխվել։ Ինչո՞ւ չարիքի, որովհետեւ իշխանությունը չարիք է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, կործանարար եւ չվերականգնվող հետեւանքներով։ Երեկ Կառավարության նիստին իշխանությունը իր հերթական «մեգաձեռքբերման» մասին ազդարարեց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: «Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, եւ մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանում, ինչպես նաեւ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,- ասել է վարչապետը:

Պարզ է, չէ՞, թե այս «կարեւորագույն» հաջողությունից ինչպես են գլուխները կորցրել իշխանական գործիչները, իսկ մի խումբ «անլուրջ» գործիչներ էլ հումորներ էին անում դարի ձեռքբերման հողի վրա, փորձում կասկածի տակ դնել դրա իրական լինելը։ Իսկ կասկածել պետք է, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները տիեզերքից գլուխ չեն հանում, դեռ պետք է երկրային գործերում հաջողեն։ Ընդամենը 11 տարի առաջ՝ հեռավոր 2011թ․-ին էլ այն ժամանակվա իշխանությունն էր ցանկանում կամ փորձում տիեզերքը նվաճել, բայց կրկին «չար եւ նախանձ» մարդկանց ձեռքով Սփյուռքի նախկին նախարարի մի «անզգույշ» հանդիպումը դարձավ հումորի, քննարկումների առարկա։

Եւ այսպես, նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին ընդունել էր «մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին»: «2006թ. նոյեմբերի 17-ին 15 տարեկան հասակում Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը՝ առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ»,- նշված էր նախարարության հաղորդագրության մեջ: Դրանից հետո սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ 20-ամյա այդ երիտասարդը ոչ այլ ինչ է, քան շարքային խաբեբա, ով ոչ միայն ստել է, այլեւ կեղծել բազմաթիվ փաստաթղթեր՝ սկսած «գիտությունների դոկտորի վկայականից», վերջացրած ամերիկյան NASA-ի հրավերով ու Պուտինի հետ ժամացույցի տակ ժամադրմամբ: Եւ օրեր շարունակ լռություն պահպանելուց հետո միայն Սփյուռքի նախարարությունը անդրադարձել էր աղմակահարույց հանդիպմանը՝ ոչ միայն ներողություն չխնդրելով,այլեւ մի բան էլ մունաթ գալով բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվել էին իրենց «թթու» խոսք ասել։

Հայտարարության մեջ նշվում էր, թե «ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ․․․ բացի այդ՝ նախարարը կոչ է անում մտահոգ մարդկանց չիջնել պարզության աստիճանի եւ նման միջադեպով որակել ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»։ Սա ընդամենը «փոքրիկ սպռավչկա»՝ հիշեցնելու, որ ինչպես նախկինում ընդունված չէր իրենց սխալը ընդունել, այնպես էլ այժմ։

Ուշագրավ է, որ այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը եւս անմասն չէր մնացել «հումորներից», 2013թ․-ին՝ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հումորներ սկսեց անել, թե ինչպես էր «սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը լուծել»: Ընդդիմադիր Փաշինյանը բյուջեից կատարողականից մի հատված մեջբերեց. «Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնալ ուղեծրում տեղակայելու նպատակով 2012-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Կոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ինչպես նկատեցիք, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև մեկ այլ հաշվետվությանը և փաստաթղթից մեջբերել․ «2012թ․ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ, և եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարն առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011-ին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի՝ հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»։

Ամեն ինչ այնքան լավ, տեղը տեղին էր ասել Փաշինյանը 2013թ․-ին, որ կարծես այս օրերի համար լիներ, բայց թերեւս չէր կռահում, որ այս ամենը այսօր հենց իր իշխանության մասին է։ «Նրանք նույնիսկ չեն կարողանում ավտոբուս ներկրել՝ իրենց երկրի բնակիչներին արժանապատիվ տրանսպորտով ապահովելու համար։ Պետք է շնորհակալություն հայտնել, որ կատարողականում չեն գրել, որ միանգամից տիեզերանավերի արտադրություն են սկսելու։ Պարո՛ն Սարգսյան, ցավալին գիտե՞ք ինչն է․ Դուք և ձեր կառավարությունը համապատասխան հետևություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու, Իրան-Հայաստան երկաթուղու, նավթամուղի ծրագրերի ձախողումից և շարունակում եք ՀՀ ժողովրդին նյուվասյուկիական ծրագրեր ներկայացնել՝ ՀՀ-ում իրական պատկերը թաքցնելու համար, իսկ ո՞րն է իրական պատկերը»:

Ի՞նչ է փոխվել այժմ, իշխանությունը նախկին ընդդիմադիր Փաշինյանի ձեռքով շարունակում է «նյուվասյուկիական» ծրագրեր ներկայացնել՝ իրական պատկերը թաքցնելու փոխարեն, հազարավոր առաջնահերթ խնդիրներ չլուծելով, երկրային կյանքում միայն ողբերգություններ, կորուստներ բերելով՝ փորձում են տիեզերքը նվաճել։

Տիեզերքը հանգի՛ստ թողեք կամ էլ ձեր ստեղծած արբանյակների հետ միասին հեռացե՛ք՝ մեզ բոլորիս տիեզերական նվեր մատուցելով։