copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:52 26-05-2022

2018-ին էշություն եմ արել, հիմա եկել եմ ետ ողորմամ էշությանս համար

Արցախյան պատերազմից հետո հայ ժողովրդի (ոչ ազգի) պահվածքում մեծ անհասկանալիություն կա, որ արտահայտվում է Փաշինյանի նկատմամբ դրսևորվող տարօրինակ վերաբերմունքով։ Շատերին ի սկզբանե էլ պարզ էր, որ սրան բերում են Արցախը Ադրբեջանին հանձնելու հստակ նպատակով և բարձրաձայնում էին այդ մասին։ Թե ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով, այլ հարց է։ Ասելիքս դա չէ։

Արցախյան վերջին պատերազմի հազարավոր երիտասարդ զոհերի ու տասնյակ հազարից անցնող հաշմանդամների նկատմամբ այս ժողովուրդը (ոչ ազգը) կարծես բացարձակ անտարբեր է։ Ավելին, այս ժողովուրդը անտարբեր է նաև իր ու Հայաստանի ապագայի նկատմամբ։ Նույնիսկ Ալիևի ու Միշելի հետ Փաշինյանի վերջին հանդիպումից հետո մարդկանց պահվածքն այնպիսին է, կարծես արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն անգամ բացատրությունից հետո, որ դրանով կարող է Արցախը վերջնականապես կորցնենք, լուրջ վտանգ է ստեղծվում ոչ միայն Սյունիքի, այլև Արարատի մարզի, Վայոց Ձորի, Տավուշի, իրականում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար, բառացի չեն արտահայտվում, բայց իրենց վարքով ցույց են տալիս, որ թքած ունեն Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։

Մասնագետները դա բացատրում են մարդկանց ցածր ինտելեկտով, կրթության ցածր մակարդակով ու որպես հետևանք՝ սպառնալիքը ամբողջ լրջությամբ չպատկերացնելով։ Հարցը այն չէ, որ այդ մարդիկ փողոց դուրս գան, համալրեն ընդդիմության շարքերը։ Հարցը այն է, որ այդ մարդկանցից շատերը բարձրագույն կրթությամբ (հասկանալիորեն դա բոլորովին էլ կրթվածության չափանիշ չէ) փորձում են բացահայտ, աչքերիդ մեջ նայելով՝ խեղաթյուրել իրավիճակը, ստում են, Միշելի կամ Ալիևի ներկայացրածները այլ կերպ մեկնաբանում։ Ու հանուն ինչի՞՝ չես հասկանում։

Իշխանությունները, լափամանից օգտվողները, հեռանկարում դրա հույսը ունեցողները կեղծում են, և դա «հասկանալի» է, սովորել ենք դրան «ըմբռնումով վերաբերվել», չնայած որ դա բոլորովին էլ ընդունելի չէ։ Բայց մարդն աշխատում է ֆինանսական անկախ հաստատությունում, ոչ մի տեղից ո՛չ իր, ո՛չ հարազատների համար լափամանային հեռանկար չունի ու շրջապատում փորձում է կեղծել, թյուրիմացություն ստեղծել ակնհայտ փաստերի առումով։

Մյուսը գյուղական դպրոցի մանկավարժ է, կինն էլ։ Միանշանակ է, որ լափամանին մոտենալու հարց չկա, նման որևէ տարբերակ չկա։ Բայց այս ընտանիքը տևական ժամանակ է, որ հերյուրանք է տարածում, թե Ֆրանսիայի հրապարակ գնացողներին փող են բաժանում։ Ընդ որում, 2017թ․-ին ու դրա նախորդ ընտրություններում այս մանկավարժների տղան փող էր բաժանում Բարգավաճի համար։

Մեկ այլ գյուղական մանկավարժ, որ ժամանակին «ղարաբաղյան կլանի» օգնությամբ բիզնես է դրել ու հիմա բավականին լավ վիճակում է, ասում է, որ վերջապես ազատվել են կապանքներից, վերջապես կարող են ազատ խոսել։ Թե ինչ կապանքներից է ազատվել, ինչի մասին պետք է խոսի, որ այդպես էլ չի խոսում, անհասկանալի է։ Խոսել-չխոսելը մի կողմ, բայց միանշանակ «չի տեսնում», թե ինչ է կատարվում երկրում, ավելին, ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է, ճիշտ է։ Խիստ ագրեսիվ պահվածք է դրսևորում իրավիճակից դժգոհների նկատմամբ։

Դեռ կոմունիստների օրոք՝ ռայկոմական երիտասարդ չինովնիկ, հետո՝ նախինների օրոք մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյա, հիմա՝ գործազուրկ։ Եղբայրը՝ նախկիննների օրոք բավականին բարձրաստիճան պաշտոնյա՝ ծառայողական մեքենայով, և այլն։ Հիմա՝ դրանից զրկված, ավելի ցածր հաստիքով չինովնիկ։ Գործող պաշտոնյան իրավիճակը սթափ գնահատող անձնավորություն է, բազմիցս հրապարակավ արտահայտվել է, որ սրանք պատահական մարդիկ են՝ պետականության հետ որևէ առնչություն չունեցող, և աշխատում է, որովհետև այլընտրանք չունի, մինչդեռ մարզպետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյան այսօրվա առումով ոչ մի վատ բան չի տեսնում, ամեն ինչ «օքեյ» է, Արցախի հարցն էլ մեծ տերությունների լուծելիքն է, այնպես որ իզուր էին այդքան զոհերը, ու Փաշինյանը դրանում որևէ մեղք չունի անգամ ինքնախոստովանական ցուցմունքից հետո։

Պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտ, արդեն 70 տարեկանին մոտ, կինը՝ մանկավարժ։ Հրապարակավ այլանդակ հայհոյանքներ է հնչեցնում Փաշինյանին դեմ միտինգավորների հասցեին։ Ըստ այս մեկի էլ՝ Փաշինյան այսկերպ փրկում է Հայաստանը։

Նման օրինակներ էլի կան և առանց չափազանցության՝ բոլոր այս կերպարները վերցված են Արարատյան դաշտի մի փոքր գյուղից։ Հաստատ որևէ միտումնավորություն չկա, բայց ցավով պետք է փաստեմ, որ գրեթե բոլոր դեպքերում գործ ունենք մանկավարժների ընտանիքների հետ։ Նիկոլին սիրել-չսիրելը մի կողմ թողնենք, մի կողմ թողնենք նաև նախկիններին՝ իրենց, այսպես ասած, թալանով։ Բայց նույն այդ մտավորականները հաստատ պատկերացնում են չէ՞, որ երկիրը անկման է գնում, որ թուրքի՝ Հայաստան մտնելու լուրջ սպառնալիք կա, ու չթաքցված ագրեսիվությամբ համաձայն են դրան։

Մտավորականների մի շերտ էլ կա․ հետևում են զարգացումներին ու պարբերաբար հարցնում՝ Փաշինյանը Հայաստանը հլը չծախե՞ց պրծավ, հլը չքանդե՞ց պրծավ։ Ու էլի նման բազում ձևակերպումներ։ Ու այն տոնով, կարծես հարցնելու լինեն՝ մեքենադ ծախեցի՞ր, թե՞ հլը չէ։

Այդպիսին է այսօրվա մեր գյուղական (և ոչ միայն) մտավորականություն կոչվածը։ Սա է նրա դեմքը։ Նույն գյուղում դեռ սովետ միությունից մնացած դպրոցը չավարտածներ, վատ սովորածներ էլ կան։ Լիքն են։ Մեկին 7-րդ դասարանից դպրոցից հեռացրել են։ Պատմում են, որ 2018թ․-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, կառավարության շենքի առաջ ձեռները պարզած պարում էր։ 44-օրյա պատերազմին մասնակցել է առաջին օրվանից տղայի հետ։ Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում է։ Պատմեցին, որ ոսկի է գրավ դրել, որ գնալ-գալու փող ունենա։ Օրերս պատահաբար հանդիպեցինք հրապարակում, արվածս հարցումին, թե էս վարուցանքի ժամանակ ի՞նչ ունես հրապարակներում, պատասխանեց․ «2018-ին էշություն եմ արել, հիմա եկել եմ ետ ողորմամ էշությանս համար»։

Սա էլ ցածր ինտելեկտով մեր գյուղացու հավաքական կերպարն է, որ իրականում կա, ապրում է մեր կողքին։ Այնպես որ, ազգս լուրջ հոգեբանի կարիք ունի ու ընդհանրապես մտավորականության գաղափարի սահմանաման-ձևակերպման-ընկալման վերանայման անհրաժեշտություն։