Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:58 25-05-2022

Գլխարկները թեք դրած՝ բեռնատարները կբարձեն ու հայդե՜ ․․․ ոչ մի տեղ

2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվարից ապրիլը՝ 109.4%. հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։ Այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով․ «Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։ Այսօր էլ բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»:

Պրն Քերոբյանը, ինչպես միշտ, անկրկնելի վիրտուոզ է։ «Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է»։ Եթե Քերոբյանի այս հայտարարությունը գոնե հիմնված չլիներ րոպեներ առաջ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ապրիլ ամսին վերաբերող սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների վրա, կարելի էր մտածել՝ դե Քերոբյանն է, հերթական համով կատակն է անում։ Մինչդեռ հրապարակվել են ցուցանիշներ, որոնց առերևույթ դիտարկումն իսկ բոլորովին այլ պատկեր է տալիս։

Ցանկացած երկրի տնտեսության ողնաշարը նրա արդյունաբերությունն է։ Հաջորդում է գյուղատնտեսությունը, որը պարենային ապահովության առումով հանդիսանում է տվյալ երկրի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը։ Ի՞նչ ունենք այս ճյուղերում․ արդյունաբերությունը անցած տարվա ապրիլի նկատմամբ գրանցել է 1․2%-ոց աճ, հունվար-ապրիլ միջակայքում՝ 2․6%-ոց աճ։ Հիշեցնեմ, որ նույն ընթացքում արձանագրել ենք սպառողական գների 8․4%-ոց աճ։ Ինչպես ասում են, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ 1․2-ը կամ 2․6-ը 8․4-ին այնքան էլ համադրելի թվեր չեն։

Գյուղատնտեսությանը վերաբերող թվերը հրապարակվում են եռամսյակը մեկ, բայց որևէ կասկած չկա, որ այստեղ վիճակը անհամեմատ ավելի վատ է։ Այստեղ ունենք ցանքատարածությունների ծավալների շեշտակի անկում, բանջարանոցային մշակաբույսերի ցանքի շեշտակի անկում, բանջարեղենի գների 30-40%-ոց աճ, կարտոֆիլի գրեթե 90%-ոց աճ, մսամթերքի և կաթնամթերքի երկնիշ աճ։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ՝ ոլորտի երկնիշին մոտ անկում։ Մինչդեռ «փաստացի տնտեսությունը երկնիշ թվերով աշխուժացում է ապրում»։

Պաշտոնական վիճակագրությամբ շինարարության ծավալը աճել է ամբողջ 9%-ով։ Զարմանալիորեն այդ աճի 70-80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտորումների և կասկածների տեղիք է տալիս։ Գյուղում կյանքը գնալով ծանրանում է, մինչդեռ շինարարության ծավալներն աճում են։

Առևտրաշրջանառությունն ու սպառողական գների ինդեքսը աճել են ավելի քան 7%-ով։ Ամենակարևորը, ինչի հաշվին «երկնիշ տնտեսական աճ ենք գրացում», ծառայությունների ոլորտն է, որտեղ արձանագրել ենք ոչ ավել, ոչ պակաս 23․5%-ոց աճ։ Հիանալի ցուցանիշ է, բայց ոչ Քերոբյանի ու իր ղեկավարած կառույցի գործունեության շնորհիվ։ Ռուս-ուկրաինական պատերազմ, երկու կողմից էլ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստան, ու այս փուլում ծառայությունների ծավալի նման աճ։ Բայց դա՝ այս ոլորտի ընդամենը մի բաղադրիչն է։ Սրա ավելի մեծ բաժինը զվաճանքի խաղերն են, վիվարո-աջարաբեթները, որ հանրապետության ՀՆԱ-ի կրկնակիի չափով շրջանառություն են իրականացնում։ Արդյունքում հանրապետությունում ստեղծված արժեքի զգալի մասը խաղադրույքների տեսքով լցվում է մի քանի գրպաններ։ Սա է մեր տնտեսության այսօրվա իրական վիճակը։

Պրն Քերոբյանը, հետ չմնալով մաեստրո Փաշինյանից, հերթական աճպարարությունն է անում՝ ասելով, թե «այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի»։ Լրանում է Լարսում առաջացած գերխնդրի երրորդ ամիսը, և Հայաստանի մեքենաների համար իրավիճակը գնալով բարդանում է։ Ոչ թե որևէ առաջընթաց չի գրանցվում, այլ վիճակը ծանրանում է։ Եվ դա այն դեպքում, երբ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ վրացիների համեմատությամբ՝ Հայաստանն ունի մեծ առավելություն, նա, ի տարբերություն մյուսների, ԵԱՏՄ անդամ է։ Մինչդեռ մեր բեռնատարները վերջին երեք ամիսներին Լարսում կանգնում են միջինում 40-45 օր։ Գյուղմթերքը իրացման նպատակով առավելագույնը հնարավոր է պահել սառնարաններում 10-15 օր, որ բոլորովին էլ ցանկալի չէ, որովհետև ապրանքային տեսքը շատ արագ կորցնում է։ Հայաստանի արտահանածը այս օրերին հիմնականում հատապտուղ ու բանջարեղեն է։

Քերոբյանը լավագույնս է տեղյակ, թե արդեն քանի մեքենա բեռ է թափվել ճանապարհին, քանի մեքենա շաբաթներով սպասելուց հետո հետ է վերադարձել ու փետրվարի-մարտի սկզբների համեմատությամբ՝ հիմա գյումթերքով բարձված օրական քանի բեռնատար է դուրս գալիս Հայաստանից։ Ամեն կերպ խուսափում են գնալու՝ լավ իմանալով, որ ապրանքը տեղ չեն հասցնելու։ Տեղյակ է, բայց հասկանալիորեն չի բարձրաձայնում, որովհետև դրանք ժամանակավոր խնդիրնեն են, որ անպայման երբևիցե կկարգավորվեն։

Մինչև վերջերս մարդկանց խաբում էին, թե լաստանավ են գնելու ու դրանով արտահանումները իրականացնեն դեպի ՌԴ։ Հիմա պարզվում է, որ դա էլ է խնդիր։ Քանի տարի է՝ խոսվում է Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ երկրի, ճանապարհի կանաչ գոտի ստեղծելու մասին, որպեսզի մեր մեքենաների համար մնացածից առանձին հերթ սահմանվի․․․ ու այդքանը։ Այս ուղղությամբ էլ, ինչպես մյուս դեպքերում, ոչինչ չի արվում։

Հունիսի 15-ից ծիրանի արտահանման սեզոնն է սկսվում, իսկ գործարարները, անգամ մեծ կազմակերպությունները շվարած են, այս իրավիճակում ելքեր կարծես չկան։ Նրանք, ըստ երևույթին, դեռ չգիտեն, որ պրն Քերոբյանն այսօր այդ հարցով բավականին հանգամանալից տեսաքննարկում է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ։ Իմանալուց հետո հաստատ հայտնի անեկդոտի մոտիվներով, գլխարկները թեք դրած, բեռնատարները կբարձեն ու հայդե՜ ․․․ ոչ մի տեղ, որովհետև ինչպես ժամանակին ասում էր դասականը, ռուսները պետք է իմանան, որ իրավիճակ է փոխվել։