Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:31 24-05-2022

Շոումեն կառավարության հերթական աճպարարությունը

Ջրտնտպետկոմը շրջակա միջավայրի նախարարություն կառավարության որոշման նախագծի առաջարկ է ներկայացրել՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանելու մինչև 170.0 մլն խմ:
Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն. խմ։ Դա բացատրվել է հետևյալով․

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնասիրություններով նախատեսվում է, որ Ազատի և Մարմարիկի ջրամբարներում ջրալցվածությունը կկազմի 100%, իսկ Ապարանի ջրամբարինը՝ 65-70%, ինչպես նաև վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի և Ստորին Հրազդան ջրանցքի վրա տեղակայված պոմպակայանները լրացուցիչ հնարավորություն են ստեղծում Սևանա լճի էկոհամակարգի անխաթարության պահպանության համար, ինչից ելնելով էլ շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարում ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն. խմ։

Վերջին 10-20 տարիներին, որպես կանոն, գյուղատնտեսական սեզոնի ընթացքում ոռոգման նպատակով բաց է թողնվել տարեկան միջինում 150-170 մլն խմ ջուր։ Օրենք է ընդունվում առավելագույնը 170 մլն խմ բաց թողնելու առումով, և եթե իրավիճակը ավելի բարենպաստ էր լինում, լճից ավելի քիչ քանակությամբ ջուր էր վերցվում։ Եղել է նաև հակառակը, երբ, պայմանավորված բնակլիմայական պայմաններով, ստիպված են եղել օրենքի վերանայմամբ լճից նախատեսվածից ավել ջուր բաց թողնել։

Իսկ այն, ինչ Սևանից բաց թողնվող ջրի հետ կապված օրերս հրապարակվել է բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից, մասնագետների գնահատմամբ հերթական ցուցադրական պոպուլիզմն է, որն ընդամենը մարդկանց ուշադրություն գրավելու, այլ հարցերից ուշադրություն շեղելու նպատակ է հետապնդում։ Ինչո՞ւ չէ, նաև առաջնորդին հաճոյանալու նպատակ, չնայած որ չի բացառվում, որ նման հանձնարարական իջեցված լինի հենց առաջնորդից։

Հարցը այն է, որ ունեցանք աննախադեպ չորային, առանց տեղումների տաք ձմեռ։ Ահավոր երաշտային տարի էր սպասվում։ Բարեբախտաբար, մարտ-ապրիլ-մայիս ամիսները ձյունառատ ու անձրևառատ ստացվեցին, ինչն էլ կտրուկ փոխեց իրավիճակը։ Մասնագետների գնահատմամբ՝ ջրամբարներում ջրի կուտակման առումով այս տարվա համար խնդիր չկա։ Ազատի ու Մարմարիկի ջրամբարները միանշանակ լցվելու են 100%-ով և այդ մասին նշվում է նաև նախարարության տարածած հայտարարության մեջ։ Ավելին, Ախուրյանի ջրամբարը անցած տարվա այս օրերի համեմատությամբ ավել է լցվել գրեթե 200 մլն խմ-ով (սրանից Հայաստանի բաժինը 100 մլն-ն է), Ապարանինը՝ 7-8 մլն խմ-ով։ Մասնագետները նույնիսկ կասկած ունեն, որ թե՛ Ապարանում, թե՛ այլ ջրամբարներում իրականում ավելի շատ ջուր է կուտակված, ավելի քիչ են ցույց տալիս։

Համենայն դեպս, որոշների դեպքում կեղծել չեն կարող, քանի որ սրանք 100%-ով լցվելու են։ Իսկ կեղծվում է, որպեսզի նախ՝ ոռոգման սեզոնին ձախողումները փորձեն բացատրել ջրի քչությամբ, և երկրորդ՝ առաջնորդվելով իրենց բնորոշ պոպուլիզմով՝ ներկայացնեն, որ ջրի սակավության պայմաններում անգամ ամեն ինչ կազմակերպել են այնպես, որ Սևանից հնարավորինս քիչ ջուր վերցնեն։

Չմոռանանք, որ այս պահին Սևանի մակարդակը անցած տարվա նույն օրերի դրությամբ նվազել է ամբողջ 23 սմ-ով։ Նույն մարդկանց գնահատականներով, չնայած այն հանգամանքին, որ ջրամբարներում արդեն այս պահի դրությամբ անցած տարվանից անհամեմատ ավել ջուր է կուտակվել ու ոռոգման ջրի խնդիր պետք է չլինի, այդուհանդերձ քանի որ համակարգը ինստիտուցիոնալ առումով այլևս փլուզված է, ջրի գերառատության պայմաններում անգամ տարեկեսից արդեն գյուղատնտեսությունում ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու, իսկ սեպտեմբերին նույն ջրտնտպետկոմը դիմելու է կառավարությանը՝ Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու թույլտվության խնդրանքով։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր դրա հետ կապված, շոումեն այս կառավարության այսրոպեական հերթական աճպարարությունն է։