Ներքին 4 տարի առաջ - 20:12 23-05-2022

Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ հայտարարություն

«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:

Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։

Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։

Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:

Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
վերահաստատում ենք.

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։

Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին եւ ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան