Երևան +20°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:41 23-05-2022

Գյուղաբնակ ավելի քան 1 միլիոն վարչապետերը պապանձվել են, քանզի շոկի մեջ են

ՀՀ կառավարությունը վերջին նիստում հաստատեց պետական բյուջեից 790 մլն 165.6 հազար դրամ սուբվենցիաներ տրամադրելու ծրագիրը՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Սրանք էլ նշված գումարներն ուղղելու են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը և այլն։

Համաձայն այս և նմանատիպ հաղորդագրությունների՝ հանրապետության խոշորացված համայնքներում ապրողների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված տպավորիչ ծրագրեր են իրականացվում։ Իրականում ի՞նչ է կատարվում խոշորացված համայնքներում, որքանո՞վ են այդտեղի բնակիչները գոհ իրենց վիճակից, ի՞նչ դրական արդյունքներ են արձանագրվել այս ընթացքում, և մարդիկ ապագայի հաշվով ի՞նչ սպասելիքներ ունեն։

Պարզվում է, որ խոշորացման արդյունքում փաստացի ամբողջ հանրապետությունում իրավիճակի ու սպասելիքների առումով ամեն ինչ այնքան էլ գունավոր չէ, ինչ տպավորություն որ ստացվում է կառավարության կողմից ծուռ հայելիների մեջ ներկայացնելիս։ Հարցը այն է, որ մինչև համայնքների վերջին խոշորացումը, գործող համայնքներում հարկ ու տուրքերից ու համայնքին պետության կողմից տրվող դոտացիաներից որոշակի գումար էր հավաքվում, որի 50-70%-ը կազմում էր համայնքապետարանի աշխատողների, համայնքի մանկապարտեզի, գրադարանի, գործող սպորտային կամ մշակութային խմբակների ղեկավարների աշխատավարձը, իսկ մնացած գումարը՝ պայմանավորված համայնքի մեծությամբ՝ մի քանի տասնյակ մլն դրամից մինչև մի քանի հարյուր մլն, տվյալ համայնքի ավագանու որոշմամբ օգտագործվում էր որոշակի նպատակներով՝ սկսած դաշտամիջյան ճանապարհների կարգի բերումից մինչև գիշերային լուսավորության, համայնքի տարածքում մաքրության պահպանման և նմանատիպ հարցերի լուծման նպատակով։ Որոշակի գումար էլ՝ սկսած մեկ-երկու մլն դրամից մինչև խոշոր համայնքներում տասը մլն ու ավելի, ավագանու որոշմամբ առանձնացվում էր համայնքում ապրող կարիքավորներին օգնելու նպատակով։ Մասնավորապես, գյուղերի մեծ մասում վերջին տասնամյակում կարծես ներքին կանոնակարգ էր ստեղծվել, որ համայնքի բնակիչ հանդիսացող մահացածի ընտանիքին 30-50 հազար դրամ օգնություն էր տրվում, զորակոչիկի ընտանիքին դարձյալ 30-50 հազար օգնություն էր հատկացվում։ Համայնքի բնակչի թանկարժեք վիրահատության ենթարկվելիս դարձյալ որոշակի գումարի հատկացում էր արվում։ Հավելած, որ տարին մեկ-երկու անգամ 20-30 հազար դրամի չափով օգնություն էր տրվում միայնակ ապրող ծերերին, ինչպես նաև իրոք սոցիալապես անապահով, խեղճ ընտանիքներին։ Համայնքի տարածքում լինում էին աշխատանքներ, որ օրենքն արգելում էր համայնքի միջոցներով անել, այլ տարբերակ էլ չկար։ «Շրջանցում» էին այդ օրենքը, մեկ-երկուսի անունով օգնություն դուրս գրում ու համայնքային անհրաժեշտության այդ աշխատանքն իրականացնում։ Իհարկե, ամեն տեղ էլ կային, մեղմ ասած, պնդերեսներ, որ պարբերաբար դիմում էին համայնքապետարան՝ օգնության խնդրանքով։ Ասել, թե չարաշահումներ չէին լինում, ամեն ինչ իդեալական էր, խաբեություն կլինի։ Բայց փաստ է, որ կյանքը որոշակի հունի մեջ էր մտել և տրադիցիաներ էին ձևավորվել ու հատկապես փոքր ու միջին համայնքներում, երբ բոլորը բոլորին գիտեն ու գիտեն նաև իրականում օգնության կարիք ունեցողներին։

Ի՞նչ եղավ նիկոլական վերջին խոշորացված համայնքային ընտրություններից հետո։ Արտակարգ ոչինչ։ Կա խոշորացված համայնքի համայնքապետ՝ 3-4 տեղակալներով, նույնքան խորհրդականներով, գրեթե նույնքան օգնականներով։ Միայն սրանց աշխատավարձերը սկսվում են ավելի քան 300 հազար դրամից ու հասնում գրեթե 500 հազարի։ Քիչ ավելի ցածր են ստանում համայնքապետարանի կազմում գործող բազմաթիվ վարչությունների պետերն ու բաժինների պետերը։ Համայնքապետի բնակավայրում գործող ներկայացուցիչը, որ ընդամենը տեղեկանք տվող է, ստանում է կրկնակի ու ավել աշխատավարձ նախկին համայնքների համայնքապետերի համեմատությամբ։ Բայց մնացած երեք-չորս օպերատոր-աշխատակիցները բավարարվում են 70-80 հազար դրամով։ Փաստորեն նախկինում այս կամ այն կերպ գյուղական բնակչությանը մասնհանում արվող գումարներն ամբողջությամբ մղել են նեղ խողովակ ու ուղղել դեպի խոշորացված համայնքապետարանի գլխամաս։

Քայլականները ստեղծում են գյուղական նոր էլիտա, որ տեղավորված են խոշորացված համայնքների «գլխամասերում»։
Ինչ վերաբերում է արդեն նախկինում գործող օգնության մեխանիզմներին, հիմա դրա կարիքն ունեցող գյուղացին գրավոր դիմում է իր գյուղի «գյուղապետարան», շարադրում իր վատ վիճակը և օգնություն խնդրում։ Այստեղից, այդ փաստաթղթերը կցելով, դիմում են գլխամաս, և եթե դիմողը ընտանեկան նպաստ ստացողի կարգավիճակ չունի, 99%-ով մերժվում է։ Եթե ունի, խոշորացված համայնքի համայնքապետարան համապատասխան բաժնից գալիս են, տեղում ստուգում իրավիճակն ու լավագույն դեպքում 15 հազար դրամի օգնություն հատկացնում։ Ամսվա ընթացքում գյուղից առավելագույնը մեկ-երկու ընտանիքի։ Բայց մեխանիզմն այնպիսին է, որ մի անգամ դիմողը երկրորդ անգամ հաստատ չի դիմի, հատկապես որ գիտի՝ դիմելիս մերժում է ստանալու։ Իսկ մահացածի կամ վիրահատվողի, բանակ գնացողի ընտանիքներին օգնելը «արմատախիլ» է արվել առաջին իսկ օրվանից։ Նման գործերն ընդհանրապես չեն էլ «նայվում»։

Հիմա հանրապետությունում «ամենաանօգնականն ու ամենակարիքավորը» կոկորդիլոսներն են, սափեյաններն ու սրանց շրջապատը, որ նաև այս ազգի էլիտար վարչապետերից են։ Իսկ գյուղաբնակ, շարքային ավելի քան մեկ միլիոն վարչապետերը առայժմ պապանձվել են, քանի որ շոկի մեջ են։