copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:23 20-05-2022

Եթե 2008 թ․ արտակարգ դրությունն ավելի շուտ հայտարարվեր, զոհեր չէին լինի, այսօր դրա հիմքերը չկան․ Իշխանյան

Երբևէ ՀՀ իշխանությունները աչքի չեն ընկել օրինականության նկատմամբ հարգանքով, բայց այս իշխանությունները թքած ունեն ցանկացած օրինականության վրա։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով ընդդիմության խաղաղ ակցիաներն արգելելու իրավական մեխանիզմների առկայությանը, 2008 թ-ին, օրինակ, ընդդիմության գործողությունների արդյունքում երկրում արտակարգ դրություն մտցվեց։

Իշխանյանի դիտարկմամբ՝ 2008 թ-ի ակցիաները սկզբունքորեն չի կարելի համեմատել այսօրվա ցույցերի հետ։ «Նման համեմատություն անելու համար առնվազն պետք է հիշել, որ 2008 թ-ին այսօրվա վարչապետի հրահրմամբ ցուցարարները հաճույք էին ստանում ոստիկաններին ծեծելուց, բարիկադներ էին կառուցում փողոցում, ինչի արդյունքում էլ բախումներ եղան, հենց այսօրվա վարչապետի հրահրմամբ, որի հետևանքով ունեցանք 10 զոհ, 100-ավոր ոստիկաններ վիրավորվել էին, այդ պարագայում միանգամայն արդարացված էր արտակարգ դրություն մտցնելը։ Ավելին, եթե այդ արտակարգ դրությունը ավելի շուտ մտցվեր, այդ զոհերը չէին լինի։

Ինչ վերաբերում է այսօրվա հավաքներին, դրանք խաղաղ բնույթ են կրում, ուղղված են պարտություն կրած, հայրենիքը հանձնած, 1000-ավոր զոհեր տված իշխանությունների հեռացանը։ Այդ իշխանությունները հիմա առանց որևէ հիմքի հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ՝ շինծու մեղադրանքներով, մարդկանց անօրինական կերպով բերման են ենթարկում և այլն։ Այսինքն, այստեղ համեմատությունները միանգամայն անտեղի են 2008 թ-ի հետ։ Եթե այն ժամանակ արդարացված էր արտակարգ դրություն մտցնելը, ապա այսօր իշխանությունները միայն մեկ ելք ունեն իրավիճակի հանգուցալուծման՝ հրաժարական տալ»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է բարոյական, երբ փողոցով իշխանության եկած մարդը հրահանգում է բռնի ուժ կիրառել իր հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների նկատմամբ, Իշխանյանն ասաց, որ ամենամեծ անբարոյականությունը պարտություն կրած, հազարավոր զոհեր տված իշխանության կողմից աթոռից կառչած մնալն է։

«Սրանից ամենամեծ անբարոյականություն գոյություն չունի։ Բացի այդ՝ այս իշխանությունն իշխանության եկավ կեղծիքներով ու ստով, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկից սկսած, բռնապետի ոտքերը համբուրել ցանկացող կեղծ տատիկ-պապիկներից սկսած, մինչև կեղծ խոստումները։ Այս իշխանության գործունեության մեջ բարոյականության նշույլ անգամ չկա»։

Արդեն մեկ ամիս է ընդդիմության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Ակցիաներն ուղեկցվում են երթերով, փողոցները փակելով նստացույցերով, որոնց ընթացքում ոստիկանությունը հաճախակի բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։