Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:19 18-05-2022

Քրիստոսը կրկին է խաչվում…

Եթե բոլորը կարծում են, թե Աստված իրենց կողմից է, ապա հարուստներն այդ մասին գիտեն… Իր աննկունությամբ այս համոզումը օրեր առաջ վերահաստատեց նաև հայտնի մագնատ Գագիկ Ծառուկյանը: Ի հեճուկս ոչ փոքրաթիվ ընդդիմախոսների, նրա գլխում ծագած հանդուգն մտահղացման կյանքի կոչման մեջ տրամաբանություն փնտրողների՝ օլիգարխը մնում է անդրդվելի՝ մեգանախագծի՝ Հիսուս Քրիստոսի երեսուներեքմետրանոց արձանն ի տես աշխարհի Հայաստանի ամենաբարձրադիր հատվածում տեղակայելու մտադրության մեջ: Նշյալ չափսը վերաբերում է միայն արձանին, պատվանդանի հետ միասին կոթողի բարձրությունը հասնելու է 60 մետրի: Վեր խոյանալիք արձանը ստվերելու է թե՛ Ինդոնեզիայում (52,55 մետր), թե՛ Լեհաստանում (52,5 մետր) մինչ այս կանգնեցվածներին, թե՛ աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը ճանաչված, ծովի մակերևույթից 704 մետր բարձրության վրա գտնվող Ռիո դե Ժանեյրոյի Կորոկովադի բլրի գագաթին վեր խոյացող, 1140 տոննա կշռող արձանին (պատվանդանը ներառյալ՝ 38 մ):

Թե երազում ով և ինչ է փսփսացել Նիկոլայիչի ականջին, մնում է անհայտ: Բայց Փրկչի արձանը Հայաստանի ամենաբարձրադիր հատվածում տեղադրելու նրա փափագը առավել քան հաստատուն է, մոտ՝ իրականություն դառնալուն: Ճիշտ է, վերջնականապես որոշվել է արձանը կանգնեցնել ոչ թե ամենաբարձրը համարվող Արագածի, այլ՝ Հատիս լեռան գագաթին: Այնուամենայնիվ: Արձանի կանգնեցման համար թեև երեք տարի է պահանջվելու, բայց «փրկության» գործընթացն արդեն իսկ գործողության մեջ է: Այլևս անցյալում են հայտամրցույթի առաջին և երկրորդ փուլերը: Ավելին՝ «պոդիումով» անցած պես-պես Հիսուսներից ընտրվել է «ամենաներկայանալին», որի «շնչավորման» գործին էլ պիտի լծվի մերօրյա Պիգմալիոնը՝ մրցույթում հաղթած քանդակագործ Արմեն Սամվելյանը: Ի դեպ, Բրազիլիան (թերևս անտեղյակ Ծառուկյանի խելահեղ մտահղացմանը) ձեռնամուխ էր եղել Փրկչի ավելի բարձր արձանի(պատվանդանի հետ միասին՝43 մետր) կառուցմանը Էնկանտադո քաղաքում: Սակայն ի տարբերություն բրազիլական նախաձեռնության, որի աշխատանքներն իրականացվում են «Քրիստոսի ընկերների ասոցիացիայի» հովանավորության ներքո, հայկական մեգանախաձեռնությունը ղեկավարում է Ծառուկյան ընտանիքը:

Քրիստոսի առաջիկա «հայտնության» լուրը, սակայն, հայաստանաբնակների կողմից միանշանակ չընդունվեց: Ի վերջո, ինչ իմաստ ունի հազար ու մի ցավ ու դարդ ունեցող Հայաստանում ( այն էլ նման խառնակ ժամանակներում) թեկուզ հարյուրմետրանոց արձան կանգնեցնելը: Բարձրաձայնված տարակուսանքին շտապեց արձագանքել անձամբ Ծառուկյանը: «Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։

Նրա կողմից վկայաբերված փաստարկները լսելուց հետո, չգիտես ինչու հիշեցի Լեոյի «Հայ կղերական դիվանագիտությունը» աշխատության մեջ արտահայտված՝ « Թվում էր թե ավարտվել է կղերական, հիվանդ, կորստաբեր դիվանագիտության ժամանակը՝ տեղը զիջելով պետականին, սթափին, քաղաքացիականին, երաշխավորված ապագա ունեցողին» միտքը : Չէ, իսկապես, հետաքրքիր չէ՞, թե ինչու ենք մենք՝ հայերս, այդքան կուռքեր սիրում, ինչո՞ւ ենք մենք մեր ուժերին ապավինելու փոխարեն հույսներս մշտապես դնում այլոց վրա (այդ թվում՝ Փրկչի): Ինչո՞ւ ենք մենք մշտապես առաջնայինն ու էականը ստորադասում անկարևոր երկրորդականին: Հետաքրքի՞ր է՝ ինչպիսին կլիներ վիճակը, եթե հայերս նախապատվությունը տայինք Լեոյի կողմից առաջ քաշված՝ «ամրոցներ՝ եկեղեցիների փոխարեն» տրամաբանությանը: Կամ ասենք, Հայաստանին անհրաժեշտ քանի մասնագետ կկրթվեր ու իր նպաստը կբերեր հայրենիքին՝ վաթսունմետրանոց «գիգանտի» վրա ծախսվելիք միջոցների հաշվին: Ներքին ձայնս հուշում է, որ Քրիստոսն ինքը իրավիճակով պայմանավորված հարցադրմանը ըմբռնումով կմոտենար…Ավելին, կրկին կգնար ինքնազոհողության՝ հանուն խավարի մեջ խարխափողների փրկության…