Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի
copy image url

Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի

Ներքին 3 տարի առաջ - 17:17 18-05-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ ռազմավարական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

«Մենք երկու երկրների խոշոր մշակութային կառույցների միջև հարաբերությունների հաստատման խնդիր ունենք, օրինակ՝ կինոոլորտում համագործակցությունն արդյունավետ կլինի, եթե մեր ծրագրերը չսահմանափակվեն 1-ական վարպետության դասերով, այլ լինի փոխգործակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական CNC-ի միջև: Ցանկալի կլինի, որ այդ նախագծերն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն, օրինակ՝ FEMIS-ի կրթական մեթոդը ներդրվի Հայաստանում, կամ հայ ուսանողներն այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կինոկրթության խնդիրը կարելի է դիտարկել նաև ՀՀ-ում գործող ֆրանսիական հաստատությունների տրամաբանության մեջ:

Արա Խզմալյանն անդրադարձել է համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև կարևորել ֆրանսահայ համայնքի առավելագույն ընդգրկվածությունը համատեղ ծրագրերում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի մշակույթի ոլորտում դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար: Փոխնախարարը վստահեցրել է՝ դրա շրջանակում կիրականացվեն մշակութային մի շարք կարևոր նախագծեր, որոնք մնայուն կլինեն մեր երկրի համար: Այդ համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության հարցը:

Դեսպան Անն Լույոյի խոսքով՝ պետք է սահմանել երկու երկրների միջև տարեկան առաջնահերթությունները՝ մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար: Անդրադառնալով կինոարտադրության հարցերին՝ դեսպանը շեշտել է, որ կարող են կազմակերպել ֆրանսիական CNC-ի և FEMIS-ի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագիտական առաքելության այցը Հայաստան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

Անն Լույոն ներկայացրել է նաև Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանի մշակույթի ոլորտում նախատեսվելիք դրամաշնորհային ծրագրի երեք կարևոր ուղղությունները՝ մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ դասընթացներ, Տաթևի մեծ անապատի վերականգնման աշխատանքներ և Էրեբունի թանգարանի ցուցադրության վերակազմակերպման աջակցություն: Նրա խոսքով՝ նշված ուղղություններով գործընկեր կառույցներ են հանդիսանում Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտը, ՀՀ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Լուվրի թանգարանը և Էրեբունի թանգարանը: Դեսպանը կարևորել է վերոնշյալ ծրագրի շրջանակում կառավարման խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

22:52 Իրանը հրթիռ է արձակել իմ ննջասենյակի պատուհանի ուղղությամբ. Նեթանյահու
17:48 Իրանը կարող է պարտվել, բայց չի վերանա որպես պետություն, իսկ Իսրայելը կարող է վերանալ մեկ խոշոր պարտության հետևանքով
09:35 Թուրքական հեռուստաալիքն Ադրբեջանն ավելացրել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում
17:36 Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել. ոչնչացրել է բերքը
21:18 Նեթանյահուն հայտարարություն է տարածել
14:47 Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում է օդատիեզերական ուժերի ևս 7 սպաների զոհվելու մասին
13:55 Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին
20:30 Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ
11:34 Իրանն ընդգծում է իր հարվածային ներուժը. հնարավոր է՝ մինչև 2000 հրթիռ արձակվի Իսրայելի ուղղությամբ
17:32 Նիկոլիզմի չարիքը ծնել է բազմաթիվ «դևեր», որոնցից մեկը պոռոտախոսության հովանավոր «արծրունադևն» է