Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:17 17-05-2022

Մնում է միայն, որ մարդիկ դադարեն հայրենիքը էկրանի դիմաց նստած սիրել

Այն, ինչ տեղի է ունենում փողոցում, ինչպես իրենց դրսևորում են սև ու կարմիր բերետավորները և ինչի ականատեսն ենք լինում ոստիկանության վարչություններում, բոլորովին տարբեր իրականություններ են։ Երկու օր առաջ բերետավորները անչափահաս հարազատիս տարել էին Արաբկիրի բաժանմունք, որտեղ ոստիկանության մայորի վերաբերմունքը երեխայի նկատմամբ եղել էր առավել քան բարյացկամ։ Որպես անչափահասի՝ «խորհուրդներ էր տվել նման բաներով չզբաղվել», դասերին ներկա գտնվել։ Բայց հասկանալով, որ էս դասից փախչելու տարբերակը չէ, ամեն ինչ ավելի լուրջ է, մեծավարի խորհուրդ էր տվել, այնուամենայնիվ, կենտրոնանալ դասերի վրա։ «Մի՛ զբաղվիր նման բաներով»՝ ասել էր, հետն էլ քաջալերելով՝ աչքով արել։ Նրա պատմելիս ինձ թվում էր, որ այնուամենայնիվ մի քիչ գունագեղ է ներկայացնում իրավիճակը։

Այսօր «բախտ վիճակվեց» անձամբ հյուրընկալվել հայրենի Ոստիկանությունում։ 120-150 հոգիանոց մեր երթին ուղեկցում էին 30-40 կարմիրբերետավորներ։ Վերջին տարիներին բողոքի ցույցերի ընթացքում սրանց հետ ինչ-որ չափով «շփվել ենք»։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ սրանք մարդու այդպես էլ որպես անձ-անհատականություն չկայացած, շարունակական ինքնահաստատման խնդիր ունեցող տեսակն են՝ անկախ տարիքից, ստացած աշխատավարձի չափից ու մնացած ամեն ինչից։ Այնպես որ, նմանների պարագայում հույս տածել, որ ասել-բացատրելով, հայրենիքի ընկալում սերմանելով սրանցում ինչ որ բան կփոխվի, առնվազն միամտություն է։ Այդպիսիների դեպքում ստանդարտ մոտեցումները ոչինչ չեն փոխի, ոչ ստանդարտ տեխնոլոգիաներ պետք է կիրառել։ Ինչևէ։ Գույնզգույն բերետավորների օգնությամբ 30-40 «հանցագործներով» հայտնվեցինք Ոստիկանության Էրեբունու բաժնում։ Այնքան շատ էինք, որ «տեղավորելու» հնարավորություն չունեին։ Մինչ այդ շարժվեցին դեպի Արաբկիրի բաժին, բայց հենց սկզբից այնտեղից հրաժարվեցին մեզ ընդունել, տեղ չլինելու պատճառով։ Ստիպված բերեցին Էրեբունի։ Ազատ սենյակ կար, քննիչ ևս կար, բայց սենյակում եղած աթոռները ջարդված էին։ Նստելու հնարավորություն չկար։ Հետներիս «հանցագործներից» մեկը, որ կարծես նման գործերից գլուխ ուներ, սկսեց ձեռքով կարգի բերել աթոռները, մեխ, մուրճ ուզեց՝ ֆիզիկապես ու բարոյապես վաղուց մաշված կահույքը հընթացս վերանորոգելու համար, չունեին։

Ոստիկանության անձնակազմի վերաբերմունքը բերետավորների հետ ընդհանրապես համեմատելի չէր։ Ընդգծված հարգալից էր, մեղմ ու բարյացակամ։ Այն աստիճան, որ մինչ մեր խումբը աթոռի հարց էր լուծում, կողքի սենյակի «հանցագործ» մեր մյուս ընկերները «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ հողատու» էին գոռում, որ հաստատ փողոցում էլ էր լսվում։ Իմ արած ռեպլիկին, «բա եղավ Պավլե, բա պետության ղեկավարին դավաճան, թուրք, հողատու կասեն, շատ էլ որ էդպիսին է», քննիչ մայորը, ում դեմքին չթաքցրած դժգոհություն կար (հաստատ ոչ Նիկոլին թուրք ասելուց, ինչ որ այլ խնդիրներ կային, որ հընթացս քննարկում էին), մի կես բերան բարձրաձայնեց, թե «էդ արդեն չեղավ, համբերություններս չարաշահում եք», ու բավարարվելով դրանով՝ շարունակեց իր գործը։ Ամբողջ այդ ընթացքում երեք-չորս րոպեի տարբերությամբ սենյակ էին մտնում փաստաբաններ ու իրենց օգնությունն առաջարկում։ Ոստիկանները, որ շատ լավ էին տրամադրված «հանցագործներիս» նկատմամբ, փաստաբանների առկայությունից, այնուամենայնիվ, նեղվում էին։ Սենյակում էր նաև նախարարության ներկայացուցիչը (համենային դեպս այդպես ներկայացավ), քաղաքացիական հագուստով, որի պահվածքը մեր նկատմամբ հաստատ ավելի քաջալերող էր, քան դատապարտող։ Կողքի սենյակի «հանցագործների»՝ «Նիկոլ դավաճան» գոռալուց էլ հայացքում ինչ որ խորհրդավոր քմծիծաղ էր խաղում։

Մեր փաստաթղթերը «կարգի բերելուց» հետո տեղափոխվեցինք այլ սենյակ։ Այդ ընթացքում, ավելի ուշ բերած «հանցագործները» միջանցքում սպասում էին, մինչև սենյակներում իրենց համար տեղ կազատվի։ «Ուրիշ սենյակում» մեզ դիմավորեցին երկու կապիտան, կին ու տղամարդ։ Մոտ ժամ ու կես էլ այդտեղ անցկացրեցինք։ Գրեթե ընտանեկան մթնոլորտում։ Ընդգծված հարգալից, բարյացկամ վերաբերմունքով։ Այն աստիճան, որ սկսել էի հույս տածել, որ կարող է սուրճ էլ առաջարկեն։ Փաստաթղթերի մնացած հատվածը, որ մենք պետք է լրացնեինք, մեր հետ լրացրեցին, հուշեցին ոնց գրել, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Հետներս Գավառից էլ պատահական «հանցագործ» կար, որ ոնց հասկացանք ծխահարած ձուկ էր բերել հանձնելու, ու ինչ-ինչ պատճառներով երթի պահին մեքենայից իջել էր ու հայտնվել կարմիրբերետավորների գրկում։ Սա թղթերը լրացնելիս խոստավանեց, որ 20 տարի առաջ դպրոցը ավարտելուց հետո, ձեռքը գրիչ չի վերցրել։ Կապիտանը ամբողջ 15 րոպե տառ առ տառ համբերատար թելադրում էր, ընթացքում նաև տառերի գրության ձևը հիշեցնում։ Կին կապիտանը, ում հետ այդ ընթացքում բավականին զրուցեցինք ամենատարբեր թեմաներով (նաև, որ իրենց հիմնական գործը թողած զբաղված են անիմաստ թուղթ մրոտելով)՝նախապես նշելով, որ ինքը քաղաքականոթյամբ չի զբաղվում թե՛ որպես մարդ, թե՛ գործի բերումով, հետաքրքվեց, թե ինչ ենք ուզում, ինչի ենք փողոցում։ «Մեր ուզածն էն է, որ Որոտան գյուղը էյվազլի չդառնա, ինչպես գործող վարչապետն է արտահայտվում, որ ազերիների վերջերս պահանջած 7 հայկական բնակավայրերը չտան նրանց, որով ամբողջ հանրապետությունը ակցանի մեջ կվերցվի, որ Սյունիքը մնա հայկական, Հայաստանը պետականությունը չկորցնի։

«Շատ չդրամատիկացրի՞ք իրավիճակը,- ասաց,- եթե 3 տարի առաջ ասեին, որ Արցախը մերը չի լինելու, կմտածեիք, որ ասողը խև է։ «Սյունիքն էլ, որ կորցրեցինք․․․Աստված չանի»,-ասաց ու «Աստված ձեզ հետ» ասելով՝ եզրափակեց մեր զրույցը։

Մեզ դեպի ելքն ուղեկցող կապիտանին շնորհակալություն հայտնեցի դրսևորած լավ վերաբերմունքի համար։

«Դրա պետքը չկա, ես էլ եմ ուզում որ իմ հայրենիքում ամեն ինչ լավ լինի»,- կարճ պատասխանեց։

Այնպես որ իրոք, Նիկոլի վերջին հույսը գույզգույն բերետավորներն են ու ինքն այդ մասին շատ լավ գիտի, դրա համար էլ աշխատավարձերի կրկնակի բարձրացումից բացի օրումեջ պարգևատրում է նրանց։ Մնում է միայն, որ մարդիկ դադարեն հայրենիքը էկրանի դիմաց նստած սիրել։