Երևան +16°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:05 14-05-2022

Ժողովուրդն է որոշում՝ ուզում է ապրե՞լ, թե՞ մեռնել

Պատշգամբներից ու պատուհաններց, մայթեզրից ու վաճառատան դռներից ձեռքի շարժումով ու մեր դրոշը թափահարելով՝ ողջունում են երթով քայլողներիս, որ ասում ենք՝ Արցախն ու Հայաստանը չենք զիջելու թուրքին, բայց չեն իջնում, մոտենում ու միանում: Իրենք իրենց հայրենիքն այդպես են սիրում՝ կողքինի փրկելու հույսով: Սա այնքան նման է մեզ, ուղղակի մենք ենք, մեր վարքն է, այսօրը և ամեն օրը, երբ դարերի ու հազարամյակների միջով ետ ենք գնում: Սա այնքան նման է մեր էպոսին, երբ ասում ենք, թե՝ Դավի՛թ, դու մենակ գնա Մելիքի զորքին հաղթիր, իսկ մենք պառկենք ծառի տակ ու քնենք՝ վայելելով հաղթանակը:

Ամեն ժողովուրդ ինքն է որոշում․ ուզում է մեռնե՞լ՝ մեռնում է, ուզում է ապրե՞լ՝ ապրում է, ուզում է փրկվե՞լ՝ փրկվում է: Ոչ ոք չի կարող պարտադրել, ողորմալ կամ շնորհել կյանք ու մահ, ինքն է տերը և՛ իր կյանքի, և՛ իր մահվան: Մենք հստակ տեսնում ու հասկանում ենք, որ Արցախը կորցնում ենք, այն Արցախը, որի համար 30 տարի արյուն ենք տվել ուղղակի իմաստով: Տեսնում ենք, որ Հայաստանից տարածքներ ենք զիջել Ադրբեջանին: Հիշեցման կարգով ասեմ, որովհետև նման բաները շուտ ենք մոռանում ու հաշտվում, որ Սյունիքում հատվածներ ենք զիջել Գորիս-Կապան ճանապարհից, գյուղեր, արոտավայրեր ու բարձունքներ: Լսում ենք, որ Ադրբեջանը ևս ութ գյուղ է ուզում մեզանից: Հասկանում ենք, որ հասնելու է Մեղրիով անցնող միջանցքն ունենալուն և ամբողջ Սյունիքն ունենալուն, որ արդեն նշել է իր քարտեզում: Գիտակցում ենք, որ վաղը Նախիջևանի կողմից է տարածքներ ու գյուղեր ուզելու: Տեղյակ ենք, որ Թուրքիան առաջարկում է նոր սահմանազատում ու սահմանագծում, այսինքն՝ տարածքներ է ուզում: Կասկած չունենք, որ Հայաստանը մաս-մաս բաժանվելու է Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Բայց բազմոցին նստած՝ սպասում ենք, թե որ հարևանը կգնա և մեր փոխարեն կպայքարի, կամ ամենաշատը պատշգամբ ենք դուրս գալիս և ողջունում պայքարողին:

Մենք չենք ուզում մեռնել, բայց մի փոքր ջանք չենք գործադրում՝ մահը հեռացնելու մեզանից: Մենք ուզում ենք ապրել, բայց մեր կյանքը որևէ կերպ չենք պաշտպանում: Մենք ուզում ենք փրկվել, բայց ուրիշի ձեռքով: Ուզում ենք բանակ ունենալ, բայց չենք ուզում, որ մեր տղան ծառայի այդ բանակում: Ուզում ենք պետություն ունենալ, բայց չենք ուզում մեզ նեղություն տալ՝ պահել, պահպանել այն: Ուզում ենք, որ լավ լինի, բայց այդ լավի համար չենք ուզում մեզ մի քիչ վատ վիճակի մեջ դնել: Ոիզում ենք, որ այդ ամենը սկուտեղի վրա մեզ մատուցվի, իսկ մենք միայն վայելենք: Իսկ չունենալու համար, որ չեն տվել մեզ, մեղադրում ենք հարևանին, բարեկամին, թշնամուն, անգամ և հատկապես Աստծուն, բայց ոչ մեզ: