Ներքին 4 տարի առաջ - 17:57 13-05-2022

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՌԴ սպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:

Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալեքսեյ Գորբունովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Մարիա Կորոտինան:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից մինչև մշակույթ և սպորտ:
«Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես շատ խորը հիմքերի վրա են դրված նաև մարզական ասպարեզում: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում և պատրաստ ենք շարունակել ձևավորված ավանդույթները՝ խորացնելով բարիդրացիական հարաբերությունները: Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»,-ասել է նա:

ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում:

ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանն իր մարզական կարիերայում կարևոր դերակատարություն է ունեցել, քանի որ ինքը ժամանակին զբաղվել է սեղանի թենիսով և հենց մեր երկրում է լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման:
Ռուսական պատվիրակությունը մայիսի 13-ին այցելել է «Դինամո» մարզադահլիճ, ինչպես նաև՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:


Վահրամ Դումանյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և անում է հնարավոր ամեն բան՝ դրա զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ մեկ շաբաթից Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկ տարի անց ընդունելու ենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարականով մեծ տեղ է հատկացվում նաև մասսայական սպորտին: Վաղը Պարզ լճի տարածքում դպրոցականները մրցելու են թիմային խճուղավազք մարզաձևում, իսկ մայիսի 28-ին մեծահասակները Սևանա լճի տարածքում անցկացնելու են սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Այս մրցաշարերը կրում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռուս գործընկերոջը նաև պատմել է Գյումրիում կառուցվող նոր մարզաբազայի մասին, որն անվանակոչվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են սպորտի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի միջոցով, սպորտային բժշկությանն ուղղված համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ մարզումային միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը