Երևան +19°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:20 12-05-2022

Մերօրյա արալեզները

Գիտե՞ք, թե ինչն է տարօրինակը: Պարզվում է, որ մեր կյանքում սրբերն ավելի շատ են, քան ազնիվ մարդիկ… Էլ ավելի արտառոցն ու տարօրինակն այն է, որ իրենք՝ «ուղտի ականջում քնած սրբերը», այդ մասին «խիստ պատահաբար» իմանում են ուրիշների հրապարակային ելույթներից: Չէ, կոնկրետ այս դեպքում այդքան էլ ճիշտ չէ վերջիններիս ուրիշ համարելը: Նրանք հեչ էլ ուրիշ չեն, նրանք հարազատի պես են լծվել իրենց պատրոն(ների) թանկագին պատիվն ու ազնիվ համբավը փրկելու «սրբագույն» գործին: Ֆրանսիայի հրապարակում ժողովված «անհնազանդների» տքնանքն ու տիտանական ջանքերը, սակայն, մեկ է, ցանկալի արդյունք այդպես էլ չեն ապահովում: Չեն ապահովում՝ թերևս մարդկանց զգալի հատվածի «հիշաչարության » պատճառով: Հռետորների գերակշիռ մասը կապիտուլյանտ-հողատուների հետ «ընթացակարգային» դարձած համեմատությունից հետո, իր պարտքն է համարում ուժերի ներածին չափ լծվել՝ հանիրավի «ցեխոտված ոսկու» անվիճարկելի «հարգը» բարձրացնելու գործին: Իսկ մրոտված այրերը, ում ուղղությամբ ցեխ են շպրտում «քայլասերները», ՀՀ նախկին (հատկապես 2-րդ և 3-րդ) նախագահներն են՝ իրենց կոհորտաներով: Վերջիններիս «գերզուսպ» կերպարը, սակայն, մեկ է՝ նրանց ձեռքից վառվածներին հավատ չի ներշնչում: Գետնի տակից հառնածների գառան մորթու տակ նախկին իշխանություններից դառնացածները, մեկ է՝ ռևանշի ձգտող գայլերի ժանիքներից զատ այլ բան չեն տեսնում: Անկեղծ լինելու դեպքում պիտի արձանագրենք, որ հայ ժողովուրդը կորցրել է հավատը արդար, անաչառ , իսկ որ ամենակարևորն է՝ հայանպաստ ու հայակենտրոն ղեկավար(ների) գոյության հանդեպ:

Ազգային զարթոնքի պատճառ հանդիսացած Արցախյան շարժման ու արցախյան առաջին պատերազմում տոնած հաղթանակի դափնիները սկսեցին սմքել և չորանալ այն պահից, երբ սկսվեց համատարած թալանը, երբ ղարաբաղյան կլանի (պարզ ու հասարակ ժողովրդին նկատի չունեմ) ու նրա կամակատարը դարձած հայաստանաբնակ «սուրմա թռցնողների » կողմից սկսվեց երկրի հոշոտումը, երբ «մանումենտի բաղի միջի արքայական տան» երազանքի կյանքի կոչմանը հաջորդեց նախ մայրաքաղաք Երևանի, ապա նաև հանրապետության այլ մարզերի յուղոտ կտորների լայնաճակատ օկուպացիան: Իսկ կոլխոզաչափ տարածք Հայաստանում, այդ ամենը, բնականաբար, անտես մնալ չէր կարող: Հասկանում եք՝ եթե կատարվածին քաղաքական գնահատական չտրվի, եթե իրական պատկերը չներկայացվի, եթե իրերն ու երևույթները չանվանվեն իրենց հստակ անուններով ու ճիշտը չբացահայտվի, ապա մենք ուղղակի փրկվելու շանս չենք ունենա:

Հայաստանում, որքան էլ դառն է դա ընդունելը, ամեն ինչի մասին խոսվում է հետին թվով, երբ բանը բանից անցած է լինում, երբ ինչ-որ բան շտկելու շանսերը ուղղակի զրոյանում են: Հայաստանում ընդունված է նաև ամեն ինչ նախորդների վրա գցել, մինչդեռ դրանք նույն շղթայի բաղադրիչներն են: Եթե այլաբանորեն ձևակերպեմ, ապա կհնչի այսպես՝ հողերը հանձնողը թոռն է, մինչդեռ այդ ցանկությունը ծնվել էր դեռ պապի մտքում: Այլ կերպ, տվյալ դեպքում հանցակից են բոլորը: Ու այսօր «պապական «կաստան»», մոռանալով պարկեշտության մասին, հայտարարում է, որ հողերը հանձնողները դավաճան են, այն դեպքում, երբ ինքը չի կարող հրապարակավ արդարացնել այդ «տեղատվությունը», քանի որ ինքը ժամանակին նույն այդ Ղարաբաղով է եկել իշխանության: Ի՞նչ է, եկել է հետքերը ջնջելու ժամանա՞կը: Իսկ ուր մնաց ազգային զարթոնքը, միասնական Հայաստանի տեսլականի կյանքի կոչման համազգային նպատակը, հը՞…
Իսկ ներկա պահին սև ու սպիտակ, նախկին ու ներկա հանրությանը ազգային ըմբշամարտ կոխի «վարպետաց դասեր» են տալիս՝ վառ պահելով «հաց ու մասխարայի» , ու ժանրի պահանջների ներքին տրամաբանությունը: Ազգիս «աչքաբաց» հատվածն էլ (որին անձամբ ես թուրքից ավելի վտանգավոր եմ համարում), շարունակում է մտածել սեփական գրպաններն ավելի ուռեցնելու, ստեղծվելիք նոր իրավիճակից անգամ առավելագույնը քաղելու, իր հետագա 19 պորտի ապագան ապահովելու մասին…