Ֆուտբոլիստների սիրելին և ակումբների ատելին. ինչպիսին կհիշի Մինո Ռայոլային ֆուտբոլային հանրությունը
copy image url

Ֆուտբոլիստների սիրելին և ակումբների ատելին. ինչպիսին կհիշի Մինո Ռայոլային ֆուտբոլային հանրությունը

Սպորտ 3 տարի առաջ - 17:28 08-05-2022
Ապրիլի 30-ին 55 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց պատմության ամենահայտնի ֆուտբոլային գործակալը, մարզաձևը հեղափոխած, աղմկալի Մինո Ռայոլան։ Իտալացի էքսցենտրիկը և ռիսկը գործի 100%-ը համարող Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Էրլինգ Հալանդի, Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի և մի շարք այլ վառ անհատականությունների գործակալն էր, նրանց հաջողությունների անբաժան մասնիկը։

«Մինոն հարսանիքների չէր մասնակցում, բայց Հենրիխի հարսանիքին եկավ…»,- Հենրիխ Մխիթարյանի քրոջ՝ Մոնիկայի խոսքերն են։ Ռայոլան պատանի հասակում աշխատել է իր հոր հիմնած «Նապոլի» պիցցերիայում։ Դա աշխատանք էր, որը Մինոն շատ էր հավանում և նվիրված էր իր գործին։ Նա հետագայում իր աշխատանքն անվանել է «գլխավոր բանակցություններ վարող»։ Ամեն ինչ լավ էր… սակայն նորին մեծություն ֆուտբոլը կանչում էր։ Նա 19 տարեկանից սկսում է ֆուտբոլային գործը և արագորեն հասնում մեծ նվաճումների։ Ռոդերիկ Տյուրպեն. ֆուտբոլիստ, ով քիչ հայտնի է հանրությանը, քանի որ որոշ ժամանակ խաղացել է «Այաքսում», իսկ 25 տարեկանում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նրա գործակալը Մինո Ռայոլան էր, ուստի այս պատմության մեջ պետք է հետաքրքիր կետ լինի… Մինոն Տյուրպենի հարցով բանակցել է հոլանդական միջակ «Դե Գրաֆսխափ» ակումբի հետ և պահանջել, որ իր հաճախորդը նույնքան գումար վաստակի, որքան «Այաքսում»։ Բանակցությունները, որքան էլ անտրամաբանական է, արդյունավետ են ստացվել և Ռայոլան մի քանի տարվա պայմանագրով ապահովել է Տրյուպենի ամբողջ կյանքի բարեկեցությունը։ Տյուրպենն այս ամենին է ձոնել իր «Շնորհակալություն, Մինո» հոդվածը, որը տպագրվել է տեղական պարբերականներում։ Գործակալի հետ կապված լավ հիշողություններ ունի շվեդ գերաստղ Զլատան Իբրահիմովիչը, ում Ռայոլան ուղեկցել է գրեթե ամբողջ կարիերայի ընթացքում։

«Հիշում եմ մեր առաջին հանդիպումը։ Ես կարծում էի, որ նա կգա պատշաճ համազգեստով՝ կոստյումով, ոսկե ժամացույցով, սակայն ես տեսա մեծ փորով, Nike-ի սովորական շապիկով մի տղայի։ Միանգամից մտածեցի՝ «այս Սանտա Կլաո՞ւսն է լինելու իմ գործակալը»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատվիրեց նա. մեծ բաժին ավոկադոյով և ծովախեցգետնով սուշի։ Երկուսիս համար պատվիրվածը կբավականացներ 5 հոգու, սակայն նա այդ ամենն իր ստամոքսը լցրեց»,- ասել է Իբրան։

«Դժվարագույն են ստացվել Մինոյի բանակցությունները «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ։ Ռայոլան, ընդհանրապես, տպավորված էր Պավել Նեդվեդով և մի առիթով ասել է, որ մինչև այդ չէր հանդիպել նման բարձրակարգ ֆուտբոլիստի։ Բանակցություններն այն աստիճան են բարդացել, որ Պավելն իր գործակալին ասել է. «Մինո, ես գնում եմ տուն, առավոտյան ինձ կասես, թե որ ակումբի հետ եմ պայմանագիր ստորագրելու՝ «Յուվենտո՞ւսի», թե՞ «Լացիոյի»»։ Իրավիճակը թեժացել է, այնուհետև «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնել է Ռայոլայի պայմաններին, որից հետո Նեդվեդը փայլուն կարիերա է կերտել «Ծեր սինյորայի» կազմում՝ արժանանալով Ոսկե գնդակի։

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» ֆանտաստիկ ժամանակահատված է անցկացրել, որից հետո նրա քույրը՝ Մոնիկան, ով զբաղվում էր եղբոր ծառայություններով, առաջարկել է Ռայոլային լինել հայ ֆուտբոլիստի գործակալը։ «Մինոյին հրավիրել ենք Հայաստան, խոստացել է՝ կգա։ Նա հարսանիքների չի մասնակցում, սակայն Հենրիխի համար բացառություն արեց՝ գալով հարսանիքին»,- ասել է Մոնիկա Մխիթարյանը։


Հենրիխն էլ իր հերթին խոսել է Ռայոլայի հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին. «Նա բարդ անձնավորություն է, սակայն ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ։ Հիշում եմ՝ զանգահարել էի իրեն, սակայն չէր պատասխանել։ Մեկ ամիս հետո զանգահարեց և ասաց, թե ինչո՞ւ եմ մոռացել իրեն և չեմ զանգահարում»։ ««Մանչեսթեր Յունայթեդը» Միկիի երազանքն է։ Մխիթարյանը կոնֆլիկտային մարդ չէ, նրա հետ ամեն ինչ հեշտ է։ Մենք հաջողելու ենք»,- բանակցությունների ընթացքում անկեղծացել է Ռայոլան։ Հայտնի է նաև Հենոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու բանակցությունների ընթացքում Ռայոլայի խելացնոր պահվածքը։ Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Վացկեի հետ բանակցությունների ժամանակ Ռայոլան բարկացել է և շպրտել աթոռը։ Այնուամենայնիվ, կողմերը համաձայնության են հասել։ Ակումբներն ատում էին Ռայոլային մաքսիմալիստության ակներև դրսևորումների համար։ Նրան չէր սիրում նաև լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը, ով մի առիթով ասել է. «2012 թվականին Պոգբայի խաղը հավանում էինք և լավ պայմանններով համաձայնագիր առաջարկեցինք, սակայն նա վատ գործակալ ունի»։ Իր ինքնակենսագրականում էլ Սըր Ալեքսը գրել է. «Ֆուտբոլում 1-2 գործակալ կա, որոնց չեմ սիրում՝ Ռայոլան այդ թվում»։ Տրանսֆերային պատուհանները նրա հետ ավելի հետաքրքիր էին, թեժ և հնչեղ։ Ֆուտբոլը կորցրեց իր նվիրյալներից մեկին՝ Մինո Ռայոլային… Փաստերի, հարցազրույցների սկզբնաղբյուրներն են «The Indepedent», «Daily Mail», «The Sun», «Sports.ru» կայքերը։

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել