Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 22:46 06-05-2022

Ինչպես են Հայաստանի վզին լուծումներ փաթաթվում

Եթե ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ-ն պարտվի և աշխարհակարգը փոխվի, ապա ՌԴ ներկայիս ղեկավարը պատմության դասագրքերում կորակվի չարիք կամ մոռացության կմատնվի։ Այսպիսին է պատմության դատաստանը։

ՀՀ առաջին նախագահի՝ մայիսի 5-ին հրապարակված «Ապացուցվածը և անապացուցելին» հոդվածը բացասաբար է ընկալվել հասարակության մեծ մասի կողմից։ Խորհրդային-բռնազավթված Հայաստանի վերջին և անկախ Հայաստանի առաջին ղեկավարը, կարծես, քաղաքականությունը պատկերացնում է խորհրդային բռնազավթման տարիների կլիշեներով։ Նա գրում է, թե ՀՀ քաղաքական գործիչը հլու-հնազանդ ընդունելու է այն լուծումը, որը փաթաթվելու է Հայաստանի վզին։ Արդյո՞ք ՀՀ առաջին նախագահը սխալվում է, թե՞ մի բան գիտի, որ ասում է։

1994-ի զինադադարի բանակցությունների շրջանակում պայմանավորվածություն է եղել, որ զինադադարից հետո ռուսական զորքերը դուրս են բերվելու Հայաստանից, Արցախից, Ադրբեջանից։ Ըստ այդ պայմանավորվածության՝ Արցախից դուրս են բերվել, Ադրբեջանից դուրս են բերվել, իսկ ՀՀ-ում, ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածության, ռուսական ռազմակայան է տեղակայվել 1995-ի մարտի 16-ի պայմանագրով, որի տեքստը ՀՀ պաշտոնական աղբյուրներում չկա։ Ոչ թե փոխզիջումների մերժման քաղաքականությունն է հանգեցրել ազգային աղետի, ինչպես ուզում է ներկայացնել ՀՀ առաջին նախագահը, այլ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն է եղել շանտաժի այն լծակը, որով ՌԴ-ն խոչընդոտել է Արցախի հարցի կարգավորումը 25 տարի՝ մինչև 2020-ը, պատերազմ է հասունացրել և նույն շանտաժով խաղաղապահ զորք մտցրել Արցախ, հետո Հայաստանի վզին փաթաթել Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։ Արդյո՞ք քաղաքական գործիչը չի գիտակցում, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելը աղետի արմատն է, շանտաժի այն լծակը, որով Հայաստանի վզին լուծումներ են փաթաթվում։

Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ-ի պարտվելուց և աշխարհակարգի փոխվելուց հետո ռուսական զորքերը դուրս են բերվելու Ուկրաինայից, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև ՀՀ-ից։ Հետո պատմությունը կվերաիմաստավորվի, ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելը կորակվի քաղաքական աղետալի սխալ։ Եթե իրադարձություններն այսպես զարգանան, ապա ՀՀ առաջին նախագահը կունենա պատմության դատաստանից վախենալու հիմքեր։ Գուցե սա է պատճառը, որ նա, անտեսելով քաղաքական ռեալությունը, ավելորդ փորձ է անում՝ համոզելու իշխանությանն ու ընդդիմությանը, որ մերժեն Բրյուսելի և ԱՄՆ-ի մեկնած ձեռքերը և ՀՀ նավը վարեն խորտակվող Մոսկվայի շահերի շրջանակում։


Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել