Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:41 05-05-2022

Ի՞նչ շատ կարևոր բացահայտում էր հնչելու

Մայիսի 4-ին Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից բարձրացված խնդրին պատասխանելիս ասաց՝ «հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու»։

Ցավոք, ընդդիմադիր պատգամավորները հանրային պահանջագիրը ներկայացնելուց հետո լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, և ժողովուրդն այդպես էլ չլսեց շատ կարևոր բացահայտումը։ Ու գաղտնիք մնաց, թե ինչի մասին էր լինելու այն։ Եթե այն առնչվում էր վարչապետի հրաժարականի նախապայմաններին, ապա ընդդիմությունը չէր լքի ԱԺ դահլիճը։ Եթե ընդդիմությունը բոյկոտեց նիստը, ապա ենթադրելի է, որ շատ կարևոր բացահայտումը վերաբերում էր հրաժարականի պահանջը մերժելու հիմքերին, իշխանափոխության անհնարինությանը ինչ-ինչ պատճառով։

Հայտնի է, որ խորհրդարանական ընդդիմությունը ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով է և հույս ունի ՌԴ միջնորդությամբ իշխանափոխություն իրականացնել 2018-ի նախադեպով։ Այս առումով ենթադրելի է, որ շատ կարևոր բացահայտմամբ ցույց էր տրվելու, որ ՌԴ-ն չի ներգրավվելու այս գործընթացում։ Պարզ ասած՝ այսօր իշխանություն հանձնել-ընդունելու երաշխավոր-միջնորդ չկա։

Ռուսաստանի պասիվությունը նաև առարկայական հիմքեր ունի։ Օրինակ՝ մայիսի 4-ին նրան հետաքրքրում էր դեֆոլտից խուսափելու հարցը, ինչը հաջողվել է։ Արևմտյան մամուլը դեռ նախօրեին էր գրել, որ մայիսի 4-ին Ռուսաստանի արտաքին ֆինանսական պարտավորությունների դիմաց ամենամսյա վճարում կատարելու վերջին օրն է։ Իսկ չվճարելու պարագայում կհայտարարվեր դեֆոլտ։

Այս առումով՝ ուշագրավ է, որ մայիսի 4-ին և 5-ին դրամն արժեզրկվել է 20-30 նիշով։ Ըստ ասեկոսեների՝ Հայաստանից այս օրերին մեծ քանակությամբ կանխիկ դոլար է հանվել։ Ենթադրելի, որ ռուսներն են հայկական պահուստներից մեծ քանակությամբ դոլար հավաքել-ուղարկել Մոսկվա։ Եթե այդպես է, նշանակում է, որ վերջին օրով այստեղից-այնտեղից դոլար հավաքելով, դեֆոլտից մի կերպ խուսափող, միջազգային հանրության կողմից մերժվող այդ երկիրն այսօր չի կարող ՀՀ-ում իշխանության հանձնման-ընդունման միջնորդ հանդիսանալ, ինչպես 2018-ին։ Եթե վերն ակնարկված բացահայտումը վերաբերում էր այս թեմային, ապա ընդդիմության բոյկոտը հիմնավոր է։ Այս իրավիճակում հայտնված ընդդիմությունը, հավանաբար, հրաժարականի փոխարեն կպահանջի ԱԺ արտահերթ ընտրություններ։ Չի բացառվում նաև, որ այս քաղաքական ուժերը, բախտակից երկրների օրինակով՝ կհրաժարվեն ռուսական անպտուղ կողմնորոշումից, որից մեծապես տուժում էնաև ՀՀ տնտեսությունը։