Երևան +15°
copy image url
Միտք 1 տարի առաջ - 19:35 02-05-2022

Ֆալցետի* բացառում ՝ ի սեր ապագայի

Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքի մոտ հաց հանապազօրյան ակորդեոնով վաստակող վտիտ մարդուկին շատերը թերևս հիշեն: Սեփական քաշին էապես գերազանցող «սարքով » նրա կողմից հրամցված «Անհնար է, անհնար, հայոց ոգին ընկճել» երգի կատարման տրագիկոմիզմը ուղղակի անհնար է մոռանալը: Ակորդեոնիստի գաճաճ հասակը, նրա՝ ծակ կոշիկից հպարտորեն գլուխը վեր ցցած բութ մատը, «հարբուխից ֆսֆսացող» ակորդեոնն ու կլկլոցով ուղեկցվող երգի բովանդակային պաթոսը մի տեսակ անհամատեղելի, էկլեկտիկ էին… Մի՞ բանն էր ֆալշ, թե՞ ամենը միասին վերցրած՝ դժվարանում եմ ասել, բայց որ տեսարանը զավեշտալի-սրտառուչ էր ու տարակուսանք հարուցող, միանշանակ էր: Անկեղծ ասած՝ երեկվա հանրահավաքն ու նրանում հնչած ելույթները ինձ մոտ այդ դառը հիշողությունն արթնացրին:
Ժամկետանց պաթոս, սովետական շրջանին պատշաճող ասմունքային վերամբարձություն, օրվա իշխանությունների «մեյիդը փռող», իրար հերթ չտվող «կրակահերթեր», կառափնարանի արժան մահացու մեղքերի անվերջանալի ցանկ ու դրանց հիշատակում, նյարդայնությունից պրկված ձայնալարերի միաձայն պահանջ: Միակ հոդաբաշխ, ըմբռնելի ու անկեղծ միտքը «Առանց Նիկոլ Հա-յաս-տան» վերջնագիրն էր, մնացած ամեն ինչ հնուց անտի բոլորին ծանոթ ու անասելի ձանձրացրած «ձայնադարանից» էր: Որ գործող իշխանությունը ապաշնորհ ու անկարող է, մղոններով հեռու պրոֆեսիոնալիզմից, որ նրանց կողմից դրսևորվող վարքը վասալային է, կասկածից վեր է: Գործող իշխանությունների միակ դրականն, ըստ իս, դարերով հետաձգված, «լեն օրերին» թողնված ցավագին խնդիրների վերհանումը, բարձրաձայնումն ու դրանց հանգուցալուծման թեկուզև տարտամ, այնուամենայնիվ, փնտրտուքն է, վատը՝ կիսաճշմարտության նմանվող ակնարկատիպ գործելաոճն ու Տիրոջը չբարկացնելու հաշվին իշխանությունն ամեն գնով պահպանելու ճիգը՝ հար և նման իշխանությունից հեռացված նախկինների գործելաոճին: Այս ամենը հասկացողներին փակ շրջան, փակ համակարգ է հիշեցնում: Թվում է՝ ամեն ինչ հայտնի է, հանրությունը հականե- հանվանե գիտի բոլոր մեղավորներին, թալանչիներին ու կապիտուլյանտներին, հողատուներին ու հայոց պետականության հիմքերը խարխլած, նրա ամրությանն այնքան անհրաժեշտ «ցեմենտը» գողացած, պետության կայացումը առնվազն երեսուն տարով հետ գցած առնետներին: Իմանալն իմանում են, բայց մեկ է, ոչինչ չի փոխվում, էլի նույն համայնական անտերությունն է…Հայաստանը շարունակում է հիշեցնել ապակե սենյակում նստածներին, ովքեր հասկանալի պատճառներով միմյանց վրա քար չեն շպրտում:

Ու հիմա, երբ պատմողական-մեղադրական ժանրից իրական գործողությունների անցնել, գործողությունների հստակ ծրագիր ներկայացնել է պետք (ոչ թե հիպոթետիկ, այլ կոնկրետ՝ այլընտրանքային առաջարկներով) Նիկոլի հեռացումից զատ, ոչնչի մասին չի խոսվում: Ու դա ամենևին էլ «խաշնարածների» մեղավորությունը չէ, նրանք հրաշալի գիտեն, թե ժողովրդի դժգոհ հատվածի որ լարերի վրա պիտի խաղալ, զգայական որ կետը պիտի սեղմել՝ փափագելի արդյունքի հասնելու համար: Ու դա երևի տրամաբանական է, քանի որ հանրության լայն շերտերի մաքսիմալիզմին քաջատեղյակ անտես սլաքավարին է հայտնի «բեմադրության» վերջնարարը…

*Ֆալցետ (Իտալ․՝ falsetto, < falso - Կեղծ) - տղամարդու երգչական ձայնի ամենաբարձր ռեգիստրը, որը դուրս է գալիս նրա սովորական ձայնածավալի սահմաններից):