Երևան +15°
copy image url
Միտք 1 տարի առաջ - 20:21 28-04-2022

Նա օրեր հետո կհոգնի վարչապետի աթոռին նստելուց. կանխատեսման հետքերով

Քաղաքական գործիչների և քաղաքագետների մեծ մասը քաղաքական հաշվարկների հիման վրա կանխատեսումներ են անում, թե ինչպես կավարտվի ուկրաինա-ռուսական պատերազմը և ինչքան կշարունակվեն բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մասնավորապես, հակակառավարական ցույցերի կազմակերպիչներից մեկը երեկ երթի ընթացքում ասել է, որ օրեր հետո լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ի՞նչ հիմքեր կան այս կանխատեսման համար։

Անցյալ 30 տարիներին կազմակերպված ցույցերից միայն 2018-ին է Կառավարության ղեկավարի հրաժարականը համընկել ցույցերի ընթացքի-պահանջի հետ։ Հարկ է նկատել, որ իշխանության ղեկավարից ակնկալիք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև միջազգային պարտավորություններ, տարածաշրջանային հետաքրքրություններ, հավակնություններ ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իրանը, ՌԴ-ն և այլն։

Օրինակ՝ մի քանի ամիս առաջ 2022-ի հունվարին ԵԱՏՄ անդամ Ղազախստանի մի շարք քաղաքներում բռնկվեցին հակակառավարական բողոքի ցույցեր նախագահ Տոկաևի հրաժարականի պահանջով։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը դիմեց ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ն արագ արձագանքեց։ Անդամ երկրների զինված ուժերի մի քանի հազարանոց զորախումբը մտավ Ղազախստան։ Բողոքի ցույցերը դադարեցին։ Իսկ նախագահ Տոկաևն ու նրա Կառավարությունը շարունակեցին պաշտոնավարել։

Ի տարբերություն Տոկաևի՝ Փաշինյանը օգնության չի կանչում ՀԱՊԿ-ին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՌԴ-ն դեմ չի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինչպես որ դեմ չէր, որ 2018-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տար։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին կանխատեսումն արել է ԱԱԾ նախկին տնօրենը, որը քաջ տեղեկացված է 2018-ի իշխանության հանձնման-ընդունման գործընթացից, ապա կարելի է ենթադրել, որ նրա կանախատեսումը հիմնված է 2018-ի նախադեպի և 2022-ի Ղազախստանի ցույցերի զուգահեռման վրա։

Այնուամենայնիվ այս զուգահեռները բավարար չեն։ Իրականում ՀՀ-ում արտահերթ իշխանափոխության համար կա 2 բավարար պայման։ Առաջինը՝ եթե աշխարհում ոչ թե ՌԴ-ն, այլ ոչ ոք դրան դեմ չլինի։ Երկրորդը՝ եթե Նիկոլ Փաշինյանն ինքը ստեղծի իրավիճակ իր հրաժարականն արդարացնելու համար։ Քանի որ առաջին պայմանը չկա, ապա ցուցարարը կարող է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր հետո անսպասելի կհոգնի վարչապետի աթոռին նստելուց, լրագրողական վարպետությամբ կհորինի պաշտոնից հեռանալու հիմնավոր արդարացում և հրաժարական կտա։ Իսկ եթե չտա, ապա կարելի է ենթադրել, որ այս ցույցերը քաղաքական-միջազգային այլ նպատակի համար են արվում, որի քաղցր կամ դառը պտուղը կքաղենք ազգովի։