Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:27 26-04-2022

Ընդդիմությունը ճիշտ մարտավարություն չի որդեգրել. Հովիկ Աղազարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող


Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ մարտավարություն չի որդեգրել, որովհետև այն, ինչի մասին իրենք ուզում են իրազեկել հասարակությանը, հասարակության բոլոր անդամներն այդ մասին գիտեն, քաջատեղյակ են և վերջին ընտրությունների ժամանակ էլ տվել են իրենց մանդատը, որպեսզի իշխանությունները գնան այն ճանապարհով, որ ներկայացրել են։ Այսինքն՝ իրենք Արցախի հետ կապված իրազեկելու բան չունեն։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ ժողովուրդը մանդատ չի տվել Արցախի կարգավիճակի նվազեցման համար, մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է կարգավիճակի նվազեցման մասին, Աղազարյանը պատասխանեց, թե Փաշինյանն ասել է միայն, որ միջազգային գործընկերներն են նման առաջարկությամբ հանդես եկել, իսկ կարգավիճակի իջեցման կամ չիջեցման հարց չի քննարկվել։ «Նման հարց չի կարող քննարկվել առանց Արցախի ժողովրդի ու նրանց կողմից ընտրված իշխանությունների կարծիքի հետ հաշվի նստելու։ Այստեղ անհանգստանալու կարիք չկա։ Կարևոր խնդիրն այն է, որ մենք պետք է տարանջատենք հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի ժողովրդի՝ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը իրացնելու խնդրից։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք պարտավոր ենք սատարել ու օժանդակել, ինչը և արվում է»։

Հարցին, թե արդյոք խմբակցությունում մտահոգված չե՞ն անցկացվող ակցիաներին մարդկանց ներգրավվածության մակարդակից, նա պատասխանեց, որ իրենց խմբակցությունում ընդդիմության ակցիաները քննարկման առարկա չեն դարձել։

«Ես ժամանակ չեմ ունեցել հետևելու և չեմ տեսել, թե որքանով էին բազմամարդ այդ ակցիաները։ Իրենց իրավունքն է ակցիաներ իրականացնել, թող իրացնեն իրենց իրավունքը, բայց առանց ոտնահարելու ուրիշների իրավունքներն ու ազատությունները։ Ես կարծում եմ, որ անշուշտ կան մարդիկ, որ անկեղծորեն կարծում են, որ իշխանությունները ճիշտ ճանապարհով չեն գնում, բայց նրանց մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի շրջապատի մարդիկ են, որոնք մղում են դասակարգային պայքար, ուզում են վերադառնալ իշխանության, որպեսզի թույլ չտան, որ անցած տարիներին ձեռք բերված հարստությանը որևէ վտանգ սպառնա։ Ինչ վերաբերում է զուգահեռներին 2018 թ.-ին իրականացված ակցիաների հետ, ես կարծում եմ, որ նման զուգահեռները տեղին չեն, որովհետև մենք իսկապես իրազեկման ակցիաներ էինք անցկացնում, իսկ այս ակցիաներում իրազեկման խնդիր չկա»,- ասաց նա։