Ներքին 4 տարի առաջ - 20:24 25-04-2022

Պահի ազդեցության տակ է եղել. դպրոցի տնօրենը՝ զոհվածի մոր վրա դանակով հարձակվելու մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մոր՝ Լիդա Առուշանյանի վրա հարձակում են գործել։ Oragir.news-ի հետ զրույցում տիկին Լիդան պատմել է, որ տուն՝ Նոր Նորքի 5-րդ զանգված գնալիս իններորդ դասարանի մի աղջիկ, ով ընկերուհու հետ է եղել, սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, այնուհետև հարձակվել է իր վրա այն բանից հետո, երբ արցախցիների մասին վարկաբեկող զրույցի ընթացքում տիկին Լիդան միջամտել է նրանց։ Տիկին Լիդան դիմել է ոստիկանություն, և ըստ մեր աղբյուրների՝ ոստիկանությունն այսօր այցելել է դպրոց՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար։

Oragir.news-ը կապ հաստատեց թիվ 166 դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանի հետ՝ հարցնելու, թե արդյոք ոստիկանությունը դպրո՞ց է գնացել, դեպքը հաստատվելու դեպքում ի՞նչ պատիժ կկիրառվի աշակերտուհիների նկատմամբ: Դպրոցի տնօրենը հաստատեց, որ ժամեր առաջ ոստիկանության Նոր Նորքի անչափահասների բաժին են տարել դպրոցի երկու աշակերտուհիներին, նրանց ծնողներին և նրանց դասավանդող ուսուցչին՝ հարցաքննելու։

«Շուն են հանել ման տալու, արցախցիների վերաբերյալ վատ արտահայտություններ են արել, տիկին Լիդան էլ սաստել է իրենց, ոնց հասկացա, բայց տիկին Լիդան շան մասին որևէ բան չասաց ինձ։ Ես ինքս տիկին Լիդային շատ հարգում եմ, որովհետև ինքս էլ իր տղային՝ Դավիթ Առուշանյանին, դասավանդել եմ գծագրություն առարկա, իսկ հունվարի 27-ին Դավիթի համար միջոցառում էինք կազմակերպել, անգամ մեր ռազմագիտության դասարանն անվանակոչվել է նրա անունով։ Բոլորս շոկի մեջ ենք, չեք պատկերացնի։ Երբ զանգեցին անչափահասների բաժնից, առաջինը տիկին Լիդայի հետ եմ կապվել, պատկերացրեք՝ դպրոցում քանի Էլեն ու Ջեմմա անուններով աղջիկներ կունենանք։ Դպրոցի բոլոր երեխաներին հարցուփորձ եմ արել, թե ո՞ր Էլենն է, թե չէ մենք դպրոցում ութ Էլեն անունով աղջիկ ունենք։ Հիմա շատ սխալ է ինչ-որ մեկին մեղադրել ու թիրախավորել, ինքս տիկին Լիդային առաջարկել եմ գալ, դասարաններով շրջել ու տեսնել, թե ով է։ Թող ոստիկանությունը պարզի, ես ոչինչ չեմ կարող ասել։ Աղջիկները վատ վարքով, վատ բառապաշարով, ոչ մի բանով աչքի չեն ընկել։ Միջին սովորող աղջիկներ են»։

Հարցին, թե այսօր եկե՞լ էին աղջիկները դասի, և որպես դպրոցի տնօրեն՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի, պատասխանեց. «Էլենը հիվանդ էր, այսօր դասի չէր եկել, ու երբ ծնողի հետ ներկայացավ դպրոց՝ դիմակով էր, որովհետև գրիպով հիվանդ էր։ Ես շատ մանրամասներ չգիտեմ, սարսափելի ազդված եմ։ Եթե ոստիկանությունն ապացուցի, ուրեմն նկատողություն կստանան, չեն հեռացվի դպրոցից, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով աշակերտին դպրոցից հեռացնելու իրավունք չունենք։ Ես գրավոր նկատողություն կանեմ, մնացածը իրավապահ համակարգի գործն է՝ անչափահասներին կպատժեն, իրենց կպատժեն, հաշվառման կվերցնեն, ինչը, կարծում եմ, կլինի հաջորդ քայլը. թող վերահսկողություն սահմանեն, եթե նման արարք են թույլ տվել։

Իրենք ընդամենը 15 տարեկան են՝ 9-րդ դասարան, այսինքն՝ երկու-երեք ամսից դպրոցն ավարտելու են։ Հիմա այնքան բան ենք տեսել, որ ես դեպքը ոչ բացառում եմ, ոչ էլ հաստատում եմ, և վերջապես, առաջին դաստիարակությունը երեխան ստանում է դպրոցում, թող այդ ժամին դուրս չթողնեին»։

Քուշքյանը հավելեց, որ դեպքը դպրոցի տարածքում չի եղել. «Ոտքի ճանապարհահատված կա, նեղ տարածք է, իսկ դպրոցի տարածքում տեսախցիկ կա, բայց այդտեղ որևէ բան չի ֆիքսվել։ Դրա համար ես զանգահարեցի տիկին Լիդային, որ տեսանյութը հետ տանք նայենք, բայց հետո հասկացանք, որ դեպքը տեղի է ունեցել ցանկապատից դուրս տարածքում։ Ամեն դեպքում խուլ տեղ չի եղել։ Գիտեք, խնդիրը Արցախի հերոսի մայր լինելն էլ չի, այլ տարիքով կին է, 72 տարեկան, պարզապես հարգանք չկա տարիքով մեծ կնոջ նկատմամբ, ու շատ ավելի վատ, որ դա տեղի է ունեցել Դավիթի մայրիկի հետ։ Խնդիրն այն է, որ մենք չենք հապաղել, ամբողջ օրը աղջիկներին հայտնաբերելու գործով եմ զբաղվել։ Չէի ուզենա վարկաբեկվեր դպրոցի բարի համբավը։ Իրենք դպրոցում լավ են պահել իրենց, բայց փաստորեն դպրոցից դուրս կարող են այլ կերպ դրսևորել իրենց՝ պահի ազդեցության տակ: Ուղղակի քանի դեռ ապացուցված չի, ոչ մեկն իրեն իրավունք չի կարող վերապահել՝ ասելու, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ես չգիտեմ՝ երբ կտան պատասխան։ Եղեռնի օրն է եղել, դրա համար են ուշ ահազանգել, ոստիկանները երևի հերթապահության են եղել, թե չէ չեմ կասկածում, որ շուտ կգային»։