copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:57 23-04-2022

Շուտով դոլարային նոր միլիոնատերեր կունենանք, որոնց ցանկում կլինի նաև Պապիկյանը. փորձագետ

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը բանակի արդիականացման և բանակը վերազինելու համար որոշել է վաճառել կամ օտարել պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։

Ըստ ընդունված որոշման՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և նախարարության կողմից փաստացի տնօրինվող այդ անշարժ գույքերն օտարվելու են նախարարության կարիքների բավարարման, հիմնականում ժամանակակից սպառազինության գնման և նախարարության նյութատեխնիկական մեծ կորուստները լրացնելու նպատակով։

Որոշում է կայացվել գույքերն օտարել, որովհետև, ըստ որոշման, տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։


Oragir.news-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ ցանկում, ի թիվս այլնի, նշված են 12 զորամաս և զինավան վաճառքի հանելու մասին, ընդ որում՝ դրանցից գոնե 3-ը սահմանային գոտում են։

«ՊՆ-ում գտնում են, որ դրանք բեռ են ու չեն ծառայում իրենց նպատակներին, բայց եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ տարածքներ են վաճառքի հանված, կտեսնենք, որ կան տարածքներ, որոնց պահպանման համար գումարներ չեն ծախսվում։ Շատ հետաքրքիր են այն հողատարածքները, որոնք գտնվում են ՊՆ-ի հարևանությամբ, այդտեղ 16,6 հեկտար հողատարածք կա, որը վաճառքի է հանված, իսկ մենք գիտենք, որ այդ հողատարածքները էլիտար շենքերի կառուցման համար բավականին պահանջված են, ու դրանց պահպանության ու խնամքի համար որևէ ծախս չի արվում։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ այն, ինչ արվում է, բիզնես պրոյեկտ է։ Հիշեցնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ռազմարդյունաբերական, արտադրական համալիրներ, գիտահետազոտական ինստիտուտների շինություններ, որոնք ժառանգել էինք խորհրդային հանրապետությունից, վաճառքի հանվեցին ու ոչնչացվեցին, ու այդ պրոցեսները ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը։ Նույնը շարունակվում է նաև հիմա։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք ականատես կլինենք նոր դոլարային միլիոնատերերի ի հայտ գալուն, ու նրանց ցանկում կլինի նաև այսօրվա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը»։

Նա նաև ընդգծեց, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ որոշումների և հրամանների հիման վրա այդ զորամասերն ու զինավաններն իրենց գործառույթներն այլևս չեն կատարում և այլևս պետք չեն։ «Օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ տարածք է հանվել վաճառքի, ես կարծում եմ, որ սա հսկայածավալ բիզնես պրոյեկտ է, որի կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են։ 12 զորամասի ու զինավանի վաճառքի հանելը, որոնցից 2-ը սահմանային գոտում են, պետք է հանրային գնահատականի արժանանա։ Այս իշխանությունը, սահմանային ուղեկալները ամրացնելու և ուժեղացնելու փոխարեն, դրանք վաճառում է, մինչդեռ դրանք ենթակառույցներ են։ Մեր զինվորները, նման ենթակառույցներում գիշերելու փոխարեն, հիմա սահմանին գիշերում են վրաններում։ Մարդիկ պետք է հիմնավորեն, թե ինչու են սրանք վաճառում։ Իսկ հիմնավորումը, թե լրացուցիչ ծախսեր են անում դրանց պահպանման համար, կեղծիք է։ Եթե ասում են, թե վաճառքից գոյացած գումարով զենք-զինամթերք են գնելու, ապա կան այլ տեղեր, որտեղ արդյունավետ կառավարման շնորհիվ կարելի է խնայողություններ անել ու խնայած միջոցներն ուղղել զենք-զինամթերքի ձեռք բերմանը»,- ասաց Նահապետյանը։