Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:37 22-04-2022

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն բարդ վիրահատությունների համար նոր սարքավորում է ստացել

«Սա որովայնային ռետրակտոր է, որը վիրահատությունների ժամանակ վիրահատական դաշտն անընդհատ բաց պահելու համար է նախատեսված: Այն ունի բազմաթիվ թևեր, որոնցով կարող ենք առավելագույն մուտք ունենալ վիրահատության համար»,-նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Բժշկական նոր գործիքը «Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամ»-ի նվերն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին: Այն ոչ միայն փոխպատվաստման, այլև երկարատև, բաց ու բարդ վիրահատությունների համար է նախատեսված: Մինչ այս հատուկ սարքավորման փոխարեն կանգնում էին շունչը պահած բժիշկները:

«3-4 բժիշկ լայնիչները ձեռքով մինչև 10-12 ժամ պահում էին: Հիմա գործն անհամեմատ արդյունավետ կկազմակերպվի»,- ասում է Դավիթ Դալլաքյանը:

«Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամ»-ի ստեղծման պատմությունը երկար է. այն ծնվել է երեխաների սիրո ուժից՝ հանուն մանկական կյանքերի և զբաղվում է օրգանների փոխպատվաստման հնարավորության մեծացմամբ:

«Հիմնադրամի հեղինակ Մարկ Կրոկերը, ԱՄՆ-ում ծանոթանալով բժիշկ Դալլաքյանի հետ, հետաքրքրվեց թե ինչի˚ կարիք ունի հիվանդանոցը և, իմանալով, որ այստեղ ռետրակտոր չկա, անմիջապես կազմակերպեցինք ու բերեցինք»,- նշում է «Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամ»-ի կառավարման խորհրդի անդամ Լուիզ Մարդիրոսյան Գիլը:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն տարեկան 11- 12 հազար հիվանդ է ունենում, որի կեսից ավելին վիրաբուժական դեպքեր են: Կողքից նայելով մարդիկ գուցե կմտածեն, թե խաղալիք հիշեցնող ինչ-որ բաներ են, բայց վիրահատության ժամանակ դա չափազանց օգնող սարքավորում է»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ամերիկյան արտադրության բավական թանկարժեք սարքը Հայաստանում առայժմ միակն է: Անհրաժեշտության դեպքում այն կփոխանցեն մյուս հիվանդանոցներին:

Տեխնիկական վերազինման ու մանկական վիրաբուժության նեղ մասնագետների վերապատրաստման շնորհիվ բժշկական կենտրոնում տարեցտարի շատանում է բացառիկ վիրահատությունների թիվը, որոնց համար տարիներ առաջ պետք էր արտերկիր մեկնել:

«Ամեն տարի պետք է օգնենք Հայաստանին, նաև այս հիվանդանոցին: Մեր երեխաները մեր ապագան են, և սա մեզ համար պարտականություն չէ՝ դա անում ենք սիրով».- ընդգծում է Լուիզ Մարդիրոսյան Գիլը:

Բժշկական կենտրոնը գործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, ու նաև դրա շնորհիվ այսպիսի յուրաքանչյուր նոր ձեռքբերում մանուկներին ապրելու, խաղալու հնարավորություն տալու, նրանց ժպիտ պարգևելու միջոց է: