Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:58 21-04-2022

Պետական մարմինը չունի որևէ ապացուցողական նկարահանում, դրա համար էլ 10 դեպքից 9-ով պարտվում է

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Վարորդը տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելու համար տուգանվում է 7.000 դրամով, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ընթացքի ժամանակ ծխելու համար՝ 20.000 դրամով։ Նմանատիպ տուգանք է սահմանված նաև տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած վիճակում մեքենան վարելու համար՝ 10.000 դրամի չափով տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար։ Բայց այս խախտումների համար կազմված ակտերի մի մասի համար են վարորդները տուգանք վճարում, քանի որ վարորդների մի մասը ճանապարհային ոստիկանների կազմած ակտը բողոքարկում է դատարանում և շահում դատը։ Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցել է իրավաբան Մհեր Հակոբյանը հետ, որը մեզ հետ զրույցում մանրամասն ներկայացրեց այն խնդիրները, որոնց առավել հաճախ հանդիպում են իրենք՝ կապված խախտումների հետ։

«Քանի որ մեքենայի սրահը հավասարեցված է մարդու բնակարանին, իրավունք չունեն մարդու բնակարանը առանց դատական թույլտվության նկարելու։ Մարդն էլ, բնական է, մեքենայի ղեկին է ծխում կամ հեռախոսով է խոսում, կամ ամրագոտի չի գցում։ Այսինքն՝ այստեղ պետական մարմինը չունի որևէ ապացուցողական նկարահանում, նույնիսկ տեսականորեն էլ չի կարող ունենալ։ Մենք այսքան տարի զբաղվում ենք այս հարցով, բայց ոչ մի անգամ մեքենայի սրահից տեսանկարահանում չեն բերել, չեն էլ բերելու։ Այս դեպքում շատ հեշտ է ակտ գրելը և ասելը, որ ես տեսա, որ դու ամրագոտին չես գցել, վարորդն էլ ասում է՝ գցել էի, այսինքն՝ այստեղ կան չփարատվող կասկածներ, իսկ եթե չփարատվող կասկածներ են լինում, դրանք միշտ փարատվում են մարդու օգտին»,- ասաց Հակոբյանը։

Մեր այն հարցին, թե այսպիսի հակասություններն ինչպե՞ս են կարգավորվում և լուծվում, Հակոբյանը պատասխանեց․ «Փոխանակ այս հակասությունը լուծեն այլ երկրների նման, ես չգիտեմ՝ մնացած երկրներում դա ոնց են անում, բայց, օրինակ, կարելի էր դա ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպես են դա անում։ Սովորաբար քանակի վրա են գնում, շատ ակտեր են գրում՝ պայմանական 100 միավոր, երբ որ պետք է գրեին 10 միավոր, այն հաշվարկով, որ մի մասը կբողոքարկվի, արանքից դուրս կգա, տակը ինչ-որ բան կմնա։ Մրջյունների կամ միջատների սկզբունք է, որ ոչնչանան էլ, տակը ինչ-որ բան կմնա, ոչ թե փղերի նման։ Այսինքն՝ քանակի վրա են շեշտադրում անում, որ տակը գոնե մի բան մնա։ Սա էլ բերում է դատական համակարգի ծանրաբեռնման, վարչական մարմինների ծանրաբեռնման, վարորդների դժգոհության»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով. «Ես շատ դեպքեր գիտեմ, երբ մարդն ասում է, և ես իրոք հավատում եմ իրեն, ես սև կուրտկայի վրայից սև ամրագոտի եմ գցել, ինքը սևի վրա սևը չի տեսել, կամ հակառակը՝ ավտոմեքենայի սրահը լինում է դարչնագույն, կրեմագույն շորի վրա կրեմագույն ամրագոտին չի երևում. այսպիսի վիճահարույց հարցեր շատ կան, որոնք իրականում գլոբալ բնույթ են կրում։ Նրանք 10-ից 9-ը դատարանում պարտվում են, քանի որ չեն կարողանում ապացուցել, որ ամրագոտի չեն կրել, նրանք հիմնական շեշտը դնում են քանակի վրա, այսինքն՝ իրենք ակտերը շատ են կազմում։ Վարորդների մի մասը մոռանում է դրանք բողոքարկել, ուշադիր չեն լինում, վախենում են, վճարում են և այլն»։

Լիլիթ Հարությունյան