Երևան +17°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:48 13-04-2022

Պահունակը ստուգելու ժամանակը...

Մարդկությանը պաշարած խուճապն օրըստօրե ահագնանում է: Երկիր մոլորակը տնքում է ցավից, մարդկանց համակած անտարբերությունից, կարեկցանքի ու հանդուրժողականության իսպառ բացակայությունից: Համավարակի պայմաններում մեկնարկած աշխարհաքաղաքական վայրիվերումների հետագիծը հարկադրում է բոլորին մտածել մետամորֆոզ զարգացումներից ածանցվող վատագույն սցենարներից հնարավորինս անկորուստ դուրս գալու, այլ կերպ՝ երաշխավորված ապագա ունենալու մասին:

Ցավոք, հանրության ոչ բոլոր շերտերն են ամբողջ խորությամբ պատկերացնում աշխարհում մեկնարկած զարգացումների պարունակած ներքին վտանգներն ու մարդկության գլխին կախված չարիքի մոտալուտությունը: Ու դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ մարդկանց գերակշիռ մասը կքել է օրավուր ավելացող սոցիալական խնդիրների բեռան տակ: Ներկա դրությամբ մարդկանց մի ստվար հատված կախվածության մեջ է օտար երկրներից եկող, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող նյութական օգնությունից (բանկային փոխանցումներ, դրամական միանվագ և պարբերաբար տրամադրվող օգնություններ և այլն): Քամուց քշվածների պես մարդիկ մտածում են միայն ու միայն սեփական ընտանիքներին այս կամ այն կերպ փրկելու, նրանց վտանգազերծ գոտիներ տեղափոխելու, ինչպես նաև նյութական միջոցների կուտակման հաշվին երաշխավորված ապագա ապահովելու մասին:

Նույն այդ ընթացքում աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները նորանոր մարտահրավերներ են նետում ու յուրօրինակ քննություն նախատեսում բոլոր ազգերի ու տարածաշրջանների համար: Լինելիության քննություն, որի դիմակայումը ենթադրում է անհրաժեշտ ուժերի ու առկա միջոցների մեկտեղում: Այլ կերպ՝ որոշ ժամանակ անց գնալով սաստկացող գոյապայքարում խաղասեղանին է դրվելու ամեն ինչ...

Քաղաքական վերլուծաբաններից շատերը, հաշվի առնելով ազդեցության գոտիների համար ծավալված կենաց-մահու պայքարը, ամենևին էլ չեն բացառում աշխարհագրական նոր քարտեզների հայտնությունը: Քարտեզներ, որոնցում տեղ չի գտնվելու մանր ու միջին երկրներից շատերի համար: Իսկ թե ով կհայտնվի զոհաբերման ենթակաների «սև ցուցակում», մեծապես կախված է լինելու նույն այդ «մատաղացու երկրների» շրջահայացությունից: Վերջիններիս համար միակ ու եզակի փրկությունը օգտակար գործողության գործակցի բարձր տոկոսայնություն ունեցող ունիվերսալությունը կարող է լինել: Իսկ սա էլ իր հերթին ենթադրում է կոլեկտիվ կամք, սպարտական կարգապահություն, փոխլրացման ունակություն, ուշուի օրենքներով՝ անպիտանության բացառում (ձեռքի տակ եղած ամեն ինչ պիտի իր չափով զենք դառնա): Իսկ հռչակված նպատակին հասնելու համար մաքսիմալ կենտրոնացում, ռեսուրսների մեկտեղում է անհրաժեշտ:

Հանրահայտ իրողություն է. գործող իշխանությունը կառավարման լծակների տեր է դարձել նախկինների հախից գալու, վերջիններիս կողմից «առինքնված գողոնը» վերադարձնելու անզուսպ փափագի և ժողովրդի գործուն աջակցության շնորհիվ: Սա վկայությունն է նրա, թե որքան խորն է նախկինների հանդեպ եղած ատելությունը: Այս ֆենոմենը, սակայն, հարկ է դիտարկել պատճառահետևանքային շղթայում: Ազգային զարթոնքի պատճառ հանդիսացած Արցախյան շարժման ու Արցախյան առաջին պատերազմում տոնած հաղթանակի դափնիները սկսեցին սմքել և չորանալ այն պահից, երբ ղարաբաղցին դարձավ երևանցի, պատերազմած գեներալը՝ մրգերի անհամար պլանտացիաների ու ծովամթերքի բիզնեսի տեր, այն պահից, երբ նրանց կողմից սկսվեց նախ՝ մայրաքաղաք Երևանի, ապա նաև՝ հանրապետության այլ մարզերի լավ «թիքյաների» օկուպացումը:

Ի՞նչ կատարվեց հետո: Հետո պատերազմում հաղթած ղարաբաղյան վերնախավն ու նրանց ազգակիցները տեղափոխվեցին Երևան՝ մեկընդմիշտ մոռանալով Ղարաբաղի ճանապարհը: Ու հիմա, որքան էլ ցավալի լինի ընդունելը, բայց հայրենիքի հոշոտման հաշվին աստղաբաշխական ունեցվածքի տեր դարձած անթագակիր հենց այդ «արքաներն» են դարձել երիտասարդ սերնդի անթաքույց նախանձի ու ընդօրինակման առարկան: Հենց այդպես էլ նպատակ, ձգտում, արժանապատիվ քաղաքացիներ ու գիտակրթական հսկայածավալ ներուժ ունեցող երկրից աստիճանաբար վերածվեցինք անապագա, ձգտում ու ցանկություն չունեցող, օտարների շահերը սպասարկող երկրի՝ «մատուցողների» անհաշվելի բանակով: Պետության ամորձատումն ուրիշ ի՞նչ կերպ է լինում:

Սակայն հիմա մոտենում է «բումերանգի» վերադարձի, թե կուզեք՝ գործած մեղքերից ապաշխարության գնով ձերբազատվելու հնարավորության՝ գրպանած միջոցները պետությանը վերադարձնելու, նրան անմնացորդ ծառայելու ժամանակը: Հանուն ապագա սերունդների հարատևման...





Ձեզ գուցե հետաքրքրի