Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:45 13-04-2022

Հիմա հավատացի՞ք, որ Արցախը հանձնելու է շուտով

Երբ ընդդիմությունը ամիսներ շարունակ գոչում էր, թե Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը, պետք է ոտքի կանգնել, փրկել մեր հայրենիքի մի մասը, ոչ ոք դրան չէր հավատում։ Կամ հավատում էր, բայց չէր ուզում մատը մատին խփել, որովհետև իրեն չէր հետաքրքրում Արցախը։ Իրենց պետք է Արցախը տալ ու հանգիստ սուրճ խմել մայրաքաղաքի կենտրոնում։ Երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Փաշինյանը Արցախի 75 տոկոսը հանձնեց թշնամուն, դրան էլ չէին հավատում, մտածում էին՝ չի հանձնել, հակառակը՝ ցանկացել է փրկել, բայց հակառակորդն ուժեղ էր, չի կարողացել։

Երեկ Նիկոլ Փաշինյանը բառացի հասկացրեց, որ ինքը եկել է մեզ ասելու, որ Արցախը վերջնականապես հանձնելու է շուտով, ու հիմա մեզ բացատրում, արդարանում է, թե ինչու է նա գնալու այդ քայլին։

Օրինակ՝ նրա այս հայտարարությունից ի՞նչ եք հասկանում, նա ցնականում է Արցախը պահե՞լ, թե՞ հանձնել․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում (ասում է միջազգային հանրությունը) խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Իսկ այս մի հայտարարությո՞ւնն ինչի մասին է հուշում, որ նա ձգտում է Արցախը ամեն գնով պահե՞լ, թե՞, այնուամենյանիվ, նրա համար ճիշտը հանձնելն է, որ իբրև թե նորից նոր զոհերի հողին չհանձնենք․ «Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում:

Մեղավոր եմ, որ 2018, 2019 թթ․ մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ, բոլոր՝ հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը․․․

Եւ սա չանելն է իմ իրական մեղքը եւ մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։

Էլի չե՞ք հավատում, որ նա շուտով հանձնելու է Արցախը։ Ահավասիկ, ևս մեկ ապացույց նրա խոսքից․ «Սրանք են այն սոցիալ-հոգեբանական մոտիվները, որոնք մեզ եւ անձամբ ինձ ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ավելի ու ավելի հետեւողական ու համոզված պնդել, որ Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար: Այն ամենը, ինչ ես ասացի, իրականում հեշտ չէ ասելը, իրականում հեշտ չէ այս ամենը ասելու որոշում կայացնելը: Այս ամենը ասելը դժվար է բազմաթիվ պատճառներով․ սկսած նրանից, որ Հայի ետին խելքը նորից հառնում է իր ողջ պերճանքով ու դժբախտությամբ»։

Հիմա այսքանից հետո, եթե ձեր ետին խելքը ձեզ չի հուշում՝ ինչի համար է Նիկոլը եկել իշխանության ու ինչ է անում մեր երկրի, Արցախի ու մեր հողերի հետ, ապա դուք կա՛մ տխմար եք ու ոչինչ չեք հասկանում, կա՛մ թքած ունեք Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի ու ինքներդ ձեզ վրա։