Ներքին 4 տարի առաջ - 00:50 13-04-2022

Ճամփորդող ժպիտի մասին ֆիլմը ցուցադրվեց Երևանում

Կայացավ «Հոշկի ֆիլմ» եւ ֆրանսիական «Ֆոլիմաժ» անիմացիոն ստուդիայի համատեղ նախագծի՝ «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի երեւանյան ցուցադրությունը: Արդեն 19 միջազգային կինոփառատոնների կողմից ընտրված այս ֆիլմի ռեժիսորը, նկարիչը, համասցենարիստն ու բանաստեղծության հեղինակը Լիլիթ Ալթունյանն է, պրոդյուսերը, համասցենարիստն ու հայերեն ֆիլմի դերակատարը՝ Արմինե Անդան, իսկ կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է:

«Միքայելն ասաց՝ Լիլիթ ջան, ուզում եմ դաշնամուր ավելացնել, ասացի՝ չեմ սիրում, միայն թավջութակ եմ ուզում, բայց ինքն այնքան գեղեցիկ արեց ամեն ինչ, որ հավանեցի»,- ֆիլմի երաժշտության ստեղծման պատմությունը ներկայացրեց Լիլիթ Ալթունյանը, որը նաեւ թավջութակահար է:

Արմինե Անդան էլ պատմեց, որ ֆիլմը իր «ճանապարհորդությունը» սկսել է, երբ դեռ նախագիծ էր՝ դառնալով «Ռեանիմանիայի» «Աշխարհի անիմացիաները» ծրագրի հաղթող. ստացել է «Ֆոլիմաժի» համատեղ արտադրության մրցանակը՝ Անսիի կինոփառատոնում։ «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը պատմում է տխրության աշխարհով ժպիտի ճամփորդության ու հույզերի մասին:

Այն Հայաստանում առաջին համատեղ արտադրությունն է անիմացիայի բնագավառում:

Ֆոտոշարք