Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 21:03 12-04-2022

Եթե որոշեն, որ ամեն ԶԼՄ-ից մի լրագրող պիտի գնդակահարեն, չենք զարմանա․ լրագրողների արձագանքը

Մանուշակ Մելքոնյան

Լրագրող

Իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

«Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել.«Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»:

Նախագծի վերաբերյալ oragir.news-ը զրուցեց տարբեր լրատվամիջոցների խմբագիրների և լրագրողների հետ, հարցնելով, թե ի՞նչպես են վերաբերվում նոր նախագծին։
Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի խոսքով, նախագիծը ընդունվում է, որպեսզի սահամանափակեն լրագրողների տեղաշարժը և վերջիններս չհայտնվեն անցանկալի տեղերում։

«Խիստ անթույլատրելի եմ համարում հերթական նախագիծը, և հիշեցնեմ, որ այս իշխանությունը անդադար տարբեր եղանակներով ու մեթոդներով պայքարում է լրատվամիջոցների դեմ։ Կհիշեք մի շարք օրենքի նախագծերի ընդունումը ԱԺ-ում, նաև այն, որ սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը, որպեսզի չհայտնվեն իրենց համար անցանկալի տեղերում և չուղղեն իրենց հարցերը, որոնք նախ և առաջ հետաքրքրում են հանրությանը։ Ըստ երևույթի, հերթական անգամ փորձ են անում ընդլայնել դաշտը, որպեսզի նաև հնարավորություն ստանան զրկելու լրատավամիջոցների ներկայացուցիչներին այցելել կառավարություն։ Յուրաքանչյուր հինգշաբթի տեղի է ունենում նիստ, չնայած որոշակի սահմանափակումների՝ որոշ լրագրողներ միջամցքում պետք է կանգնեին և սպասեին, դրանից ևս այս կերպ փորձում են զրկել։ Սա հերթական խայտառակ նախագիծն է, որով փորձ է արվում պարզապես լռեցնել այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք ուղղում են իշխանությանը և նրա ներկայացուցիչներին այնպիսի հարցեր, որոնց պատասխանները նրանք չգիտեն։ Այս ամենով ընդամենը փորձում են լռեցնել ԶԼՄ ներկայացուցիչներին և շատ խիստ տարօրինակ ու զարմանալի է, որ այդ ամենը արվում է ԶԼՄ դաշտում տարիներ շարունակ գործող նախկին լրագրողների կողմից։ Գոնե իրենք պետք է հասկանային, որ իրենց իշխանությունը հավերժ չէ, բայց լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությունը հավերժ է։ Մի օր պատգամավորական մանդատը այլևս իրենց ձեռքում չի լինի, և հետևաբար իրենք այդ ժամանակ կփորձեն դիմել ԶԼՄ-ների օգնությանը և մենք իրենց կուղարկենք իրենց համապատասխան տեղը։ Ես միանշանակ վստահ եմ, որ լինելու է կանխակալ մոտեցում, չի քննվելու որևէ կերպ և ես տեղյակ եմ, որ ժուռնալիստների միությունը ևս հայտարարությամբ է հանդես եկել, և կարծում եմ, որ սպասելիքներ նորընտիր ՄԻՊ-ից չպետք է լինեն, նա բացառապես սպասարկելու է իշխանության շահերը։ Այստեղ մեծապես անելիք ունեն լրագրողները, և իրենք պետք է ինքնակազմակերպվեն և որոշակի առումով հարցեր լուծեն։ Շատ լրագրողական կազմակերպություններից ինքս անձամբ սպասելիքներ չունեմ, նրանք դարձել են օրվա իշխանության կցորդը»- ասաց Փայլակ Ֆահրադյանը։

Մեզ հետ զրույցում, «Yerevan.Today» կայքի խմբագիր Սևակ Հակոբյանն էլ հավելեց, որ լրագրողները պետք է համախմբվեն և հակահարված հասցնեն իշխանությանը։ «Ինձ համար անսպասելի չէր, եթե պարզվի, որ մի նախագիծ են պատրաստել, որ ԶԼՄ ներկայացուցիչներից ամեն ընդիմադիր ԶԼՄ-ից մեկական լրագրողի պետք է գնդակահարեն, ես անգամ այդ օրենքի նախագիծը կհամարեմ, որ դա հումար չէ, որ իրականում նման բան մտածում են, որովհետև այս թիմից, հատկապես ՔՊ խմբակցություն սողոսկած նախկին լրագրողներից ես ամեն ինչ սպասում եմ։ Անգամ անիմաստ եմ համարում կարծիք հայտնելը, դրա դեմ փորձել պայքարելը, որովհետև մարդիկ դա են ուզում, դա են անում։ Ես այն լրատվամիջոցն եմ ներկայացնում, որը առաջին լրատվամիջոցն էր, որի լրագրողին հրաժարվել էին բեյջ տալ, և մենք դատական կարգով հասել ենք նրան, որ մեր լրագրողը կարողանա մտնի Ազգային ժողով։ Այսպիսի բան ոչ մի անգամ Հայաստանում չի եղել։ Աբսուրդ եմ համարում որևէ լուրջ տրամաբանություն փնտրել, իրենց արած քայլերի մեջ։ Սա լրագրողների իրավունքների խախտում է, բայց իրենք լրագրողների իրավունքները այնքան շատ են խախտել, որ դժվար է դեպքերը առանձնացնել։ Այս պահին մենք ունենք ԱԺ-ում հավատարմագրված լրագրող, որ արդեն մեկ նկատողություն են ուղարկել, իբր թե, որ մի հատ էլ ուղարկեն բեյջից կզրկեն, բայց ո՞վ է շան տեղ դնում։ Եթե ասեմ՝ լրատվադաշտը մի քիչ միասնականություն ունի, այդ միասնականությունը ցավոք սրտի հիմա չկա, որ մենք կարողանանք միասնաբար սրա դեմ պայքարել։ Սրա դեմ խոսել պետք չէ, սրա դեմ ակցիա է պետք արդեն, որովհետև բոլոր չափերը անցնում են։ Բայց սրա դեմ եթե մենք համակարգված չլինենք, միասնական պայքարի ձև չմտածենք, նշանակում է, որ լավ է։ Ակցիա ասելով՝ նկատի ունեմ ոչ թե բողոքի ցույց, այլ պետք է ինչ- որ քայլ ձեռնարկենք բացի գրելուց։ Այն, որ ես հիմա խոսքով դատապարտում եմ, կարծում եմ՝ պետք է լրագրողները լինեն միասնական ու գործողություններով ինչ-որ հակահարված հասցնեն։ Գուցե պետք է քննարկել ու հասկանալ՝ ինչ անել, բայց վստահաբար խոսելը, դատապարտելը արդեն իմաստ չունի, որովհետև այդ թիմը բոլոր սահամններն անցել է, մենք ի՞նչ պետք է խոսենք, որ իրենց որևէ հասկացողական մակարդակի վրա ազդի»- ասաց Սևակ Հակոբյանը։

Խոսեցինք նաև politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի հետ, ով ասաց, որ իշխանությունները ԱԺ գնացող լրատվամրջոցների լրագրողներին զրկում են նյութեր ունենալու հնարավորությունից, բայց վստահեցնում է՝ իրենք դրանից ավելի շատ կտուժեն։

«Եթե անկեղծ ասեմ, մենք 2019 թվականից որևէ պետական մարմնում չենք հավատարմագրվել ու դա մեր որոշումն է։ Ես կարծում եմ, դրանց ինչքան քիչ եթեր տրամադրվի, այնքան լավ։ Իրենք պետք է շահագրգռված լինեն, որ լրատվամիջոցները իրենց լուսաբանեն։ Պարզ է, որ իրենց տրամաբանությամբ, իրենք ԱԺ գնացող լրատվամրջոցների լրագրողներին զրկում են նյութեր ունենալու հնարավորությունից, բայց վստահեցնում եմ, իրենք դրանից ավելի շատ կտուժեն։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ԱԺ-ից կամ կառավարությունից իրենց զառանցանքները տիրաժավորում են, և հազարավոր մարդիկ են դա դիտում․ մի մասը իրենց լուրջ է վերաբերվում, մի մասը գիտի՝ ովքեր են խոսողները, բայց, այնուամենայնիվ, ստացվում է, որ, օրինակ, լրագրողներին վիրավորող Անդրանիկ Քոչարյանի խոսքը, կամ նույն Արթուր Հովհաննիսյանի կամ ՔՊ-ական պատգամավորների խոսքերը լրատվամիջոցները հասցնում են իրենց ընթերցողներին, այդ կերպ հաճախ տարածելով նաև նրանց տարածած ստերը։ Ես անտարբերությամբ եմ վերաբերվում իրենց նախաձեռնությանը, որովհետև մենք՝ ինքներս, 2019 թվականից մեզ զերծ ենք պահել իրենց դեմքերը տեսնելու տհաճությունից։ Այս երկրում այնքան շատ է խախտվել լրագրողների իրավունքները, օրինակ՝ ԱԺ գնացող Սյուզի Բադոյանին կամ Անի Գևորգյանին այդ իշխանությունները հաճախ թիրախավորել, վիրավորել են, ու իրավունքների այնքան աբսուրդային խախտումներ են եղել, որ սա շատ մեծ զարմանք չի առաջացնում, իրենցից սպասելի է դա, բայց իրենք շատ լավ պետք է իմանան, որ սա առաջին հերթին ի վնաս իրենց է աշխատելու։ Իհարկե նորմալ երկրում սա կդիտարկվեր որպես իրավունքների խախտում, ես կարծում եմ՝ այս դեպքում սա ՔՊ- ականների դեմքը տեսնելու վատ հնարավորությունից զրկում է, որը լավ և առողջարար կլինի այն լրագրողների համար, ովքեր կզրկվեն այդ հնարավորությունից»- ասաց Բորիս Մուրազին։

Խոսեցինք նաև «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, ով ասաց, որ այս իշխանությունները շատ լավ գիտեն մամուլի ուժը, դրա համար էլ իրենք պայքարում են ամենահզոր զենքի դեմ, որի միջոցով իրենք եկել ու նստել են այս իշխանության գահին։ «Նախ ուզում եմ ասել, որ այս իշխանությունները եկած օրվանից պայքարում են Արցախի անկախության և մամուլի ազատության դեմ, իհարկե սրանք միմիանց այնքան էլ համարժեք կատեգորիաներ չեն, բայց այս իշխանությունների համար թիրախ են, որոնց դեմ իրենք պայքարում են։ Իսկ ինչ վերաբերվում է նախագիծը առաջարկող պատգամավորներին, Լիլիթ Մինասյանին չեմ ճանաչում, իսկ Արթուր Հովհաննիսյանին հիշում եմ լրատվադաշտից, որը միջակ լրագրող էր, և որևէ բանով աչքի չէր ընկնում։ Առաջին դեպքը չէ, որ մամուլի դեմ գործողություններ են անում, իսկ այս չարաբաստիկ նախագիծը այս իշխանությունների՝ մամուլի դեմ իրականացվող ճնշումների և մամուլը իրենց ենթարկեցնելու քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է։ Տարօրինակ չէ նաև, որ մամուլի դեմ պայքարում են հենց լրագրողները, կամ լրատվադաշտից քաղաքականություն ներթափանցած և պատգամավորի մանդատ ստացած անձինք, որոնց թվաքանակը այս խորհրդարանում բավականին շատ է, նրանք շատ լավ գիտեն մամուլի ուժը, դրա համար էլ իրենք պայքարում են ամենահզոր զենքի դեմ, որի միջոցով իրենք եկել ու նստել են այս իշխանության գահին։ Նախագիծը վստահ եմ, մամուլի մյուս գործընկերների կողմից ևս կարժանանա և արդեն արժանացել է բացասական գնահատականի, բայց վստահ չեմ, որ դա կկանխի այս իշխանությունների դավադիր գոծունեությունը ընդդեմ մամուլի։ Այնպես որ, կարծում եմ, այս նախագիծը ևս իրենք կքվեարկեն և կանցկացնեն։ Ինչ վերաբերվում է բուն բովանդակությանը, ապա լրագրողներին հավատարմագրից զրկելու իրենց նախագծով, ընդամենը փորձում են ևս մեկ մահակ ունենալ լրագրողների գլխին, որպեսզի այն լրագրողները, որոնք անցանկալի հարցեր կտան, կամ կփորձեն իրենց դուր չեկած ձևով պահել՝ ասենք, հարցնել, օրինակ, Արցախը հանձնելու մասին, Արցախը Ադրբեջանի կազմում լինել-չլինելու վերաբերյալ, կամ այսպես ասած փորձեն հետապնդել իրենց, թեպետ ԱԺ-ում հիմա տեղաշարժն էլ է խիստ սահմանափակված, դա իրենք դարձնեն պատրվակ, և դիմեն ԱԺ ղեկավարությանը որպեսզի զրկեն լրագրողներին իրենց հավատարմագրերից։ Միանաշանակ սա լրագրողների իրավունքների խախտում է, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ սա չի հանգեցնի կամայական որոշումների»։

Մանուշակ Մելքոնյան