Վահագն Ալեքսանյանի օգնականն ընդամենը 21-ամյա աղջնակ է. ով է նա

Ներքին 3 տարի առաջ - 18:09 12-04-2022
Այսօր Ազգային ժողովում լրագրողներին «դիշովկա» անվանած Էլինա Իշխանյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ընդամենը 21 տարեկան աղջնակ է։ Հիշեցնենք, որ այսօր Վահագն Ալեքսանյանի օգնականը ԱԺ-ում լկտի վարք է ցուցաբերել. նա իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ասել է՝ «բոլորդ էլ դիշովկա եք», ինչի համար ընդամենը բանավոր նկատողություն է ստացել, մինչդեռ հենց նույն իշխանությունների կողմից քրեականացվել էր նաև լրագրողներին վիրավորելը, այսինքն՝ պետք է առնվազն քրեական գործ հարուցվեր, իսկ աղջիկն էլ ներգրավվեր որպես կասկածյալ։

Իր ֆեյսբուքյան էջում Էլինան նշել է, որ աշխատում է ՔՊ կուսակցությունում ու ԱԺ-ում, բացի դրանից՝ այս տարիքում նա իբր ավարտել է Ֆրանսիական համալսարանը, հիմա էլ սովորում է ԵՊՀ-ում։ Էլինան իր ֆեյսբուքյան էջում մի քանի «քաղաքական վերլուծություններով» է հանդես եկել։ Օրինակ՝ նա մանրակրկտորեն «արևին է փռել» Ռոբերտ Քոչարյանի բոլոր իղձերն ու ցանկությունները՝ կապված Արցախի հետ. «Անսպասելի չէր, որ Քոչարյանի համար կարող էր հասկանալի լինել Ադրբեջանի ցանկությունը, որովհետև կարող է նա էլ ուներ նույն ցանկությունը, բայց նաև սպասելի էր նրա՝ Ադրբեջանին անհագորեն օգնելու ցանկությունը, և այդ պատճառով էլ առաջարկել է միջանցք, որը կկապի Ադրբեջանին և Նախիջևանին, իսկ հիմա, տեսնելով, որ չի ստացվում իր առաջարկի ի կատար ածումը, փորձում է ամեն միջոց՝ դրան հասնելու համար»,- գրել է Էլինան։

Վահագն Ալեքսանյանի օգնականը, բացի քաղաքական վերլուծություններից, նաև բարոյականության դասեր տալու սովորություն ունի՝ ճիշտ և ճիշտ Վահագն Ալեքսանյանի ոճով. «Հնամաշ դարձած էդ Մարտի 1-ը, հնամաշ ու անհրապույր. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյան. ՀՀ քաղաքական առաջին ամբիոնից այս միտքը հնչեցնում ա մի պատգամավոր, ում քաղաքական թիմի մեծամասնությունն ու թիմի առաջնորդը Մարտի մեկն ընկալում են ուղղակի հակակառավարական անկարգություններ ու ոչ ավելին, քանի որ անմեղ արյան սովոր են նրանք։ Իհարկե, ձեր համար մարդկային արյունը հնամաշ ու անհրապույր անվանելը սովորական երևույթ ա, բայց պարտավոր եք հարգել մարտիմեկյան 10 զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին»։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Վահագն Ալեքսանյանի օգնականը Ամանորին կիսվել է մի լուսանկարով, որի վրա կախված են Արցախի դրոշները, մինչդեռ Էլինայի շեֆն այսօր ԱԺ ամբիոնից հեռացրեց Արցախի դրոշը՝ պատճառաբանելով, թե այն թեք է դրված եղել։ Էլինան թերևս այս իշխանությունների դեմքն ու դիմագիծն է. երիտասարդ, դեռ կյանքում ոչնչի չհասած մի աղջնակ, որն անկաշկանդ կարող է հոխորտալ ու վիրավորել իրենց ոլորտներում կայացած մարդկանց։