Երևան +12°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:27 09-04-2022

Դեղին քարտ Նիկոլին, նրա թիմին և նրանց պարտվողական քաղաքականությանը, որն ուղղված է ներկայացվող բոլոր պահանջների կատարմանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«politexpert.net-ը «Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիայով նախազգուշական ուղերձ է հղվել Փաշինյանի կառավարությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի նախօրեին, որտեղ նա Լեռնային Ղարաբաղի ճակատագրի թեման քննարկելու համար հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք։

Այն, թե ցուցարարները ինչ ուղերձներ են հղել Փաշինյանին, պարզաբանել է քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը: Երկար ընդմիջումից հետո Ազատության հրապարակում հանրահավաքը համախմբել է հանրապետության հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական դաշինքներին։ Առանցքային պահանջը եղել է կառավարության և վարչապետի հրաժարականը, որը, ըստ ընդդիմության, կարող է կամավոր հանձնել հայկական Արցախը Ադրբեջանին։ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել մտահոգության տեղիք էր տվել: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, այնտեղ նրանք կարող էին գաղտնի գործարք կնքել՝ Ադրբեջանին փոխանցելով Լեռնային Ղարաբաղի այն վերջին տարածքները, որոնք այժմ պաշտպանում են ռուս խաղաղապահները։

Բաքուն վաղուց է պահանջում լիակատար ազատել չճանաչված հանրապետության տարածքը հայ և ռուս զինվորականներից։ Հանրահավաքում մարդիկ վանկարկել են «Հայաստանն առանց Նիկոլի» և պահանջել վերջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրանք համոզված են, որ դա կփրկի Արցախը ցեղասպանության վտանգից, ավելին, կբարձրացնի բուն Հայաստանի անվտանգությունը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է տարածքային զիջումներ պահանջել Սյունիքում և հանրապետության այլ մարզերում։ Հանդիպման նախօրեին Արցախի խորհրդարանը ևս հայտարարություն էր ընդունել, որում ասվում է. «ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար... Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»։

Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են, որ իշխանությունն ու Փաշինյանը իրավունք չունեն բանակցային գործընթացում ներկայացնել Հայաստանը և խոսել ԼՂՀ անունից, առավել ևս՝ որևէ որոշում կայացնել այդ հարցով։ Հայաստանում անհանգստությունը սրվել էր նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներով, որտեղ Բրյուսելի հանդիպումը յուրովի է ներկայացվել, Երևանը մեղադրվել է բանակցությունները միտումնավոր ձգձգելու մեջ և միևնույն ժամանակ հիշեցվել է, որ Ալիևը վաղուց է պնդում, որ հակամարտությունն ավարտված է, և Ղարաբաղի հարցը փակված է։ «Հայտնի չէ, թե Բաքուն դեռ ինչքան կսպասի, բայց նրան անպայման «երկաթե բռունցքը» պետք կգա»,- գրել են թուրք լրագրողները՝ անդրադառնալով Ալիևի՝ Երևանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։

Ընդ որում, հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձեր արվել են բոլորովին վերջերս: Օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ փորձելով գրավել նոր տարածքներ։ Խոշոր սրացումը կանխվել է Մոսկվայի նախազգուշացումներից հետո, իսկ Բաքուն, ի պատասխան, գռմռացել է, բայց առաջ չի գնացել։ Հատկանշական է, որ Բրյուսելում հանդիպման նախօրեին Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազանգ են ստացել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենից: Քննարկվել են «հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու» ուղիները։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են դուրս հանել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից։ Ըստ իշխանամետ ռեսուրսների հաշվարկների, ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է 11000 մարդ։

Ընդդիմությունը հակված է 20 հազար թվին, բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք իշխող ուժի թվերը, դա մեծ թիվ է Երևանի համար: Ըստ քաղաքագետ Ռուբեն Մարգարյանի, «կարելի է ասել, որ մայրաքաղաքը դեղին քարտ է ցույց տվել Նիկոլին, նրա թիմին և նրանց պարտվողական քաղաքականությանը, որն ուղղված է Անկարայից և Բաքվից ներկայացվող բոլոր պահանջների կատարմանը. Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ է ստացել, որ նոր զիջումներ առաջարկող փաստաթղթեր ստորագրելու մանդատ չունի»: «Վարչապետի բրյուսել յան այցից առաջ հանրահավաքի հիմնական ուղերձը «հանկարծ չփորձեքն է», - ասել է PolitExpert-ի զրուցակիցը,նույնքան կարևոր ուղերձ է հղվել նաև Արցախին՝ մոռացեք, որ դուք մենակ եք ձեր պայքարում, դա երբեք չի եղել, չկա և չի լինի, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում»։ Քաղաքագետը մեջբերել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանի խոսքերը, որը հիշեցրել է 1998 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառները: «Տեր-Պետրոսյանը պատրաստ էր զիջումների գնալ Բաքվին «հանուն խաղաղության»՝ համարելով, որ հակառակ դեպքում Հայաստանը չի կարող զարգանալ։

Բայց ուժայինները դեմ էին դրան, և Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ հայտարարելով, որ հանրապետությունում իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «պատերազմի կուսակցությունը»։ Ճիշտ է, հետագայում «պատերազմի կուսակցությունը» Հայաստանին ու Արցախին ապահովեց 20 տարվա խաղաղ կյանք, իսկ 2018 թվականին իշխանության եկավ Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը՝ այսպես կոչված «խաղաղության կուսակցությունը», և հենց նա էլ իրավիճակը հասցրեց 44-օրյա պատերազմին, որում Արցախը շատ բան կորցրեց։ Եթե Փաշինյանն իսկապես ցանկանում է «խաղաղության դարաշրջան» բացել Հայաստանի և Արցախի համար, պետք է հրաժարական տա»,- ասել է Սաղաթել յանն իր ելույթում։

Ընդդիմության ներկայացուցիչը կոչ է արել իշխանությունների ընդդիմախոսներին՝ անհնազանդության ակցիաներ սկսել ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում, համախմբվել 20-30 հոգանոց խմբերով և փակել ճանապարհները, շրջապատել վարչական շենքերը։ Դա ցույց կտա, որ ներկայիս իշխանությունը նոր զիջումների մանդատ չունի, ընդգծել է նա» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում