copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:05 08-04-2022

Բևեռը՝ Փաշինյանի «հինգերորդ շարասյուն»

«Սասնա ծռեր» կոչվող ահաբեկչական խմբավորումը, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Կռազով» մտավ ու գրավեց Երևանի ՊՊԾ գունդը, ինչի հետևանքով երեք ոստիկան սպանվեց, այսօր ահաբեկչություն է իրականացրել նաև Արցախի դրոշի նկատմամբ։ Այս խմբավորումը, որ իր վրայից «Սասնա ծռեր» ահաբեկչական դարձած անվանումը մաքրելու համար բևեռացվել է՝ դառնալով «Ազգային ժողովրդավարական բևեռ», այսօր գնացել և Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 5-ին ընդդիմության տեղադրած Արցախի դրոշի վրայից մաքրել է արցախյան մասնիկը՝ սպիտակ նախշը, որով տարանջատվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը ՀՀ պետական դրոշից։ Պատճառաբանությունն էլ այն է, որ իրենք չեն տարանջատում Արցախը Հայաստանից, իրենց համար կա մեկ պետություն և մեկ դրոշ, և դա Հայաստանի դրոշն է, ուստի դեմ են բևեռացմանը, Արցախ-Հայաստան տարանջատմանը և այլն։

Այս պահին իմաստ չունի բևեռածռերին բացատրել, թե որն է Արցախի ու Հայաստանի տարբերությունը, ինչով են դրանք նման ու տարբեր կամ ինչով են մեկ և առանձին միավոր, դա իրենց խելքի բանը չէ։ Բայց հարկ է հիշեցնել, որ այդ բևեռականները, որ դեմ են տարանջատմանն ու բևեռացմանը, իրենք են նախևառաջ պառակտում ու բևեռացում մտցնում հասարակության մեջ իրենց գոյությամբ, գործունեությամբ և անգամ անվանումով՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ»։ Բևեռում հայտնվածները, այսինքն՝ բևեռացվածները, դեմ են բևեռացմանը։ Նրանք իբրև թե դեմ են Նիկոլ Փաշինյանին, բայց նաև դեմ են Փաշինյանին դեմ գործող ուժերին՝ այժմյան ընդդիմությանը։ Նրանք դեմ են երկու հանրապետությունների տարանջատմանը, բայց նաև իրենց էությամբ և քայլերով դեմ են Հայաստանի պետականությանն ու պետությանը՝ որպես առանձին միավոր։ Նրանք, սնվելով Ամերիկայից և արևմտյան գրանտներից, Հայաստանը հետևողականորեն փորձում են խցկել ԱՄՆ-ի ազդեցության տակ և դարձնել ԱՄՆ-ի ստրուկը, քանի որ դեմ են, որ մենք լինենք Ռուսաստանի «ստրուկը» կամ ազդեցության տիրույթում։ Այս ամենը, բնականաբար, ձեռնտու է գործող վարչախմբին՝ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ, չէ՞ որ նրա թեթև ձեռքով «Ծռերից» ոմանք, այսօր բանտում լինելու փոխարեն, արդարացվեցին, դուրս եկան, մի բան էլ աճեցին ու բևեռացվեցին։

Արդեն համացանցում տեսակետներ կան, որ սա միայն բևեռականների նախաձեռնությունը չէ, այն իրագործվել է հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով և ցանկությամբ, քանի որ երկուսի նպատակներն էլ նույնն են՝ Հայաստանը արևմտյան կողմնորոշման լոզունգների տակ մտցնել Թուրքիայի տիրապետության տակ։

Փաշինյանն էլ է դեմ Արցախի դրոշին, բայց որպեսզի այդ ամենը իր ձեռամբ և իր դեմքով չանի, այսինքն՝ այս պահին դեռ բացահայտ ցույց չտա, որ ինքն ատում է Արցախի դրոշը ու մերժում դրա գոյությունը մեր կյանքում, նա այդ դավադիր և հակաարցախյան արարքը թույլ է տալիս ԱԺԲ-ի «մարտիկների» միջոցով։ Սա այնքան պարզ է, որ շատ խելք և տրամաբանություն պետք չէ ունենալ այս ամենը վայրկյանների ընթացքում վերլուծելու և հասկանալու համար։

ԱԺԲ-ն կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի «հինգերորդ շարասյունը», որը պատեհ պահի խառնակչություններով օգնում է ներհայաստանյան «ֆաշիստական ուժերին»՝ զավթելու Հայաստանը։