Հայաստանում իշխանության ճգնաժամի մասին
copy image url

Հայաստանում իշխանության ճգնաժամի մասին

Միտք 3 տարի առաջ - 23:30 06-04-2022
Անշուշտ, հայերը շատ հին ազգ են։ Հայաստանի տարածքային և էթնիկ ամբողջականությունը նույնիսկ արտացոլված է հայտնաբերվածներից ամենահին՝ Բաբելոնյան քարտեզում։ Հայոց պետականության լավագույն ժամանակներում Հայաստանը կարողանում էր մրցակցել Հին Հռոմի հետ և վերջինիս հետ դաշնակցական պայմանագրեր էր կնքում։ Հեթումյաններից հետո հայերը կարողացան պահել իրենց էթնիկ միությունը և մնացին որպես միասնական ազգ՝ նույնիսկ չունենալով պետականություն։ Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով պատմական ժառանգականության սկզբունքը, պետական իշխանությունների մասին խոսելիս առավել արդիական է քննարկումը սկսել խորհրդային Հայաստանի կառավարման մոդելից։

1918 թվականին միլիտարիզացված դիվանագետների ջանքերով ստեղծված առաջին հայկական պետականությունը, ինչ-ինչ պատճառներով, չկարողացավ դիմադրել աշխարհաքաղաքական ներազդումներին և վերջիվերջո հայտնվեց կոմունիզմի ճիրաններում, որն էլ արմատախիլ արեց առաջին պետականությունը ձեռք բերած ազգի սերուցքը։

Խորհրդային իշխանությունը սկսվեց մտավորականության ձերբակալումներով ու ջարդով, կուլակաթափությամբ և կոլեկտիվիզացիայի պարտադրանքով։ Նմանօրինակ գործողությունները, որոնք կատարվում էին հասարակ մարդկանց (պրոլետարիատին) կապանքներից ազատելու լոզունգներով, իրականում միտված էին խոշտանգելու լավագույնը, ինչ կար ազգի հոգեկերտվածքում, այն է՝ հարգանքն ավելի խելացիների, հեռատեսների և ազգանվեր մարդկանց հանդեպ։ Խորհրդային իշխանությունը ելնում էր այն պոպուլիստական լոզուգներից, որ «ով քեզնից լավ է ապրում, ուրեմն քեզ շահագործում է»։ Նման գաղափարախոսությունը հակասում էր ոչ միայն սոցիալական էակների էվոլյուցիային, այլ նաև հասարակ մաթեմատիկական նորմալ բաշխմանը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում էր նրան, որ նոր ներդրված պետական կառավարման ինստիտուտներում կառավարող պաշտոնները սկսում էին զբաղեցնել ոչ թե նրանք, ովքեր կարող են պատասխանատվություն կրել իրենց որոշումների համար, այլ նրանք, ովքեր առավել հալածվածներն էին և, հետևաբար, ավելի էին գնահատվում կոմունիստների կողմից։ Այդպիսի կադրային քաղաքականությունը ոչ միայն պոպուլիստական, այլ նաև կոմունիստների կողմից գնահատվող լոյալություն ապահովելու շահ էր հետապնդում, քանի որ հասարակության ստորին շերտերից արհեստականորեն բարձրացված ղեկավարիկներն անչափ շնորհակալ էին լինելու իրենց նշանակած մեծ կենտրոնի ներկայացուցիչներին, ինչի հետևանքով դառնալու էին նրանց ուղիղ կամակատարը՝ ընթացքում փորձելով բարձրացնել սեփական բարեկեցությունը։

Խորհրդային իշխանության յոթանասուն տարիների ընթացքում դաստիարակվել է անորակ, բայց լոյալ չինովնիկների առնվազն 5 սերունդ, ընդ որում՝ եթե առաջին նշանակվածները գիտեին, որ իրենց բարձրացնում են հալածված լինելու համար, ապա հետագա չինովնիկները չէին տիրապետում նույնիսկ այդ ինֆորմացիային և կարծում էին, որ լավ չինովնիկ լինելու համար բավարար է ցուցաբերել լոյալություն, լինել լավ կամակատար և հնարավորության դեպքում յուրացնել այն, ինչին (իրենց կարծիքով) ոչ ոք չի հետևում։

Անցած դարի ութսունականներից՝ ազգային ազատագրական շարժումից սկիզբ առած Հայաստանի Երրորդ Հանրապետության ներկայացուցիչները, դաստիարակված լինելով խորհրդային համակարգում, իրենց աչքի առաջ ունեին պետական կառավարման միայն լոյալ չինովնիկական մոդելը, իսկ անցնելով կապիտալիստական համակարգի՝ նրանց իրավունք տրվեց արդեն չթաքցնելու «ոչ ոքի կողմից չվերահսկվող գույքի» յուրացումը, սակայն չհաջողվեց զարգացնել ազատ շուկայական հարաբերություններ, ինչի հետևանքով էլ ժամանակակից Հայաստանում ծաղկում են մենաշնորհները, պետական սեփականության յուրացումը և որպես խորհրդային իշխանական համակարգի ժառանգորդ՝ պաշտոնյաների լոյալության սկզբունքը։

Հանրային միջոցների յուրացումը, լոյալությունը և իդեոլոգիական կրթությունը (դաստիարակությունը), երկար տարիների պրոպագանդիստական ամրապնդման շնորհիվ, դարձել են արդեն արժեհամակարգային Հայաստանի Հանրապետությունում ծնված բնակչության համար։ Չնայած այն գիտակցմանը, որ այդ մոդելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, այն շարունակում է փոխանցվել նոր սերունդներին՝ ոչ ֆորմալ ուսուցանման սկզբունքով։ Հայաստանում ծնված մարդիկ տեսնում են մեկ բան, լսում այլ բաների մասին, և քանի որ տեսածին վստահելն ավելի հեշտ է, ընդունում են լոյալության և կոմպետենտության տեսանելիություն ապահովելու մոդելը։ Այս մոդելն առավել ընդունելի է դառնում երիտասարդների համար նաև այն պատճառով, որ ավելի հեշտ է ապահովել կոմպետենտության տեսանելիություն, քան հասնել իրական կոմպետենտության։ Վերջինի հաստատումը կարելի է տեսնել նաև կրթական համակարգում և աշխատաշուկայում, որտեղ ընդունվելը սովորելուց և դիպլոմի առկայությունը գիտելիքներից ավելի կարևոր են։

Հետևաբար, իշխանության ճգնաժամը ոչ թե իշխանության ներկայացուցիչների, այլ հանրային մտածողության մեջ է, քանի որ այն հիմնված է ի սկզբանե պարտվողական և հակապետական սկզբունքների վրա։ Այդպիսի միջավայրում ծնված և զարգացած մարդը, իր կամքից անկախ, չի կարող այլ կերպ մտածել, քան պարտադրում է մեծամասնությունը, և ցավոք սրտի, դրանից տարբեր մտածողություն ունենալու փորձ կատարող անհատները չեն գնահատվելու և մարգինալիզացվելու են մեծամասնության կողմից։

Այս պայմաններում հայոց պետականությունը ճահճից փրկելու և նոր բարձունքների հասցնելու համար անհրաժեշտ է օգտվել մեկ այլ սոցիալական ընդունելի երևույթից, որն էլ էթնիկ հայության մեծարանքի և օտարամոլության մեջ է։ Քանի որ էթնիկ հայերը Հայաստանում անխուսափելիորեն անցնելու են խորհրդային կառավարման մոդելի աստիճաններով, անհրաժեշտ են սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան առավել զարգացած և հաջողակ երկրներում սոցիալիզացիա անցած էթնիկ հայերին բերել և ներդնել իրենց փորձը, գիտելիքները և պետական ինստիտուտների առավել արդյունավետ կառավարման մոդելները Հայաստանի Հանրապետության կառավարման բոլոր օղակներում՝ տեղային ինքնակառավարման մարմիններից մինչև օրենսդիր և գործադիր կառավարման վերին օղակներ։

Ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել ներսից, եթե արտերկրում ծնված և մեծացած էթնիկ հայերի (սփյուռքի) սոցիալիզացման արդյունքում ստացած պետական կառավարման արդյունավետությունն ապահովող արժեքներն ուղիղ կերպով ներդրվեն տեղական կառավարման համակարգերում, քանի որ արտերկրում ապրողները չեն ունենա խորհրդային այն ժառանգությունը, որը, ինչպես տեսանք, կործանարար էր նախ և առաջ հենց իր համար։

Կարող է տարօրինակ հնչել ճգնաժամային պայմաններում արտագաղթից նոսրացող Հայաստանի համար, բայց հայրենիքի փրկությունը կարող է լինել մտածված, պատրաստակամ և կամային ներգաղթի մեջ։

Արամ Մելքոնյան,
հոգեբան, կոգնիտիվ-վարքային թերապևտ

Ձեզ գուցե հետաքրքրի