Բեռլինն անհապաղ էմբարգո չի սահմանի ռուսական էներգակիրների նկատմամբ՝ չնայած Ուկրաինայում զանգվածային սպանություններին, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Մենք աշխատում ենք էմբարգոյի վրա այն միջոցների օգնությամբ, որոնք ամեն օր վնասում են Պուտինին: Մենք լավ ուղղություն ունենք, և այս շաբաթ մենք ավելի մեծ առաջընթացի կհասնենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։
«Մենք աշխատում ենք ռուսական գազից, ածուխից և նավթից անկախանալու ուղղությամբ»,- հավելել է նա։
Հաբեկի խոսքով, մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը Գերմանիայի նավթի 35%-ը գալիս էր Ռուսաստանից, այժմ մասնաբաժինը մոտենում է 25%-ի։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ներխուժումից հետո Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից 55%-ից նվազել է 40%-ի։ Նրա խոսքով՝ այս շաբաթ որոշում կկայացվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Բուչայում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում խաղաղ բնակիչների սպանությունների պատճառով։