Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:18 04-04-2022

«Սեմեչկան», որ հունվարին վաճառվում էր 1040 դրամով, հիմա իրացվում է 1090-ով

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2022թ.-ի հունվար-մարտ ամիսներին Երևանի մանրածախ առևտրի ամենամեծ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրենց կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ սննդի մեջ ամենաշատն օգտագործվողներից ալյուր, կարագ, ձեթ և շաքարավազ ապրանքատեսակների գների առումով, վերջին ամսվա գնային վայրիվերումների ֆոնին։

Համաձայն հրապարակման՝ տարեկսզբին՝ հունվարի 10-ին, «Երևան սիթի»-ում մեկ կգ փաթեթավորված շաքարավազը վաճառվել է 490, առանց փաթեթավորման շաքարավազը՝ 407 դրամով։ Վերջինի գինն աստիճանաբար աճել է, և արդեն փետրվարի 22-ին այն վաճառվել է 440 դրամով։ Մինչ այդ, փետրվարի 16-ից 5 դրամով բարձրացել է նաև փաթեթավորված շաքարավազի գինը։ Մարտի 2-ին արդեն առանց փաթեթավորման շաքարավազի կգ-ն 443 դրամ էր, մարտի 10-ին՝ 447, իսկ 14-ին՝ 460 դրամ։ Փաթեթավորված շաքարավազի գինը մարտի 10-ի 495 դրամից 14-ին հասել է 550 դրամի։ Դիտարկման վերջին օրը՝ մարտի 21-ին, այն շարունակում էր վաճառվել նույն գնով։ Մինչդեռ առանց փաթեթավորման շաքարավազը, որոշակիորեն նվազելով, մարտի 18-ին հասել էր 435 դրամի, հետո բարձրացել 438-ի։

Ալյուրի դեպքում գնային մեծ տատանումներ, ինչպիսին շաքարավազինն է, չեն արձանագրվել։ Փաթեթավորվածի կգ-ն հունվարի 10-ին սիթիում վաճառվել է 330 դրամով, չփաթեթավորվածը՝ 285-ով։ Փետրվարի 22-ի դրությամբ սրանցից յուրաքանչյուրի գինը նվազել է 5-ական դրամով։ Մարտի 14-ին 1 կգ փաթեթավորված ալյուրը վաճառվել է 340 դրամով, չփաթեթավորվածը՝ 295-ով։ Վերջին դիտարկման ժամանակ գները եղել են համապատասխանաբար՝ 335 և 275 դրամ։

Հունվար ամսին «Նորզելանդական» կարագի վաճառքի գինը 4380 դրամ էր, «Անկորինը»՝ 4640։ Մարտի սկզբին դրանք արդեն վաճառվում էին համապատասխանաբար՝ 4400 և 4720 դրամով։ Մարտի 14-ին՝ 4950 և 5320։ Մարտի 21-ին՝ 4690 և 5040։ Ընդ որում, սրանց գները մարտի 14-ից հետո որոշակիորեն էժանացել էին, բայց մարտի 18-ին նորից բարձրացել են։

Ինչ վերաբերում է ձեթին, ապա հունվարի 10-ին «Սլոբոդա» ապրանքանիշի ձեթի լիտրը վաճառվել է 1060 դրամով, «Զոլոտայա սեմեչկան»՝ 1040-ով։ Փետրվարին սրանց գներն անկում են գրանցել (940-ի և 990-ի), իսկ մարտի 14-ին՝ թռիչք. «Սլոբոդան» դարձյալ վաճառվել է 1040, իսկ «Զոլոտայա սեմեչկան»՝ արդեն 1150 դրամով։ «Սլոբոդայի» գինը կայուն է, չի փոխվել, մինչդեռ «սեմեչկան», որ հունվարին վաճառվում էր 1040 դրամով, հիմա իրացվում է 1090-ով։

Միանշանակ է, որ դրսից ներկրվող այս մթերքների մատակարարման գները փետրվար-մարտ ամիսներին չեն փոխվել։ Եթե նույնիսկ փոխված էլ լինեին, միևնույն է՝ սուպերմարկետում իրացվում էր դեռ նախկինում ներկրվածը։ Այնպես որ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 10-20-ը, որոշակի շրջանակների կողմից գրագետ ձևով իրականացված «գրոհ էր» բնակչության վրա, այլ կերպ ասած՝ գրագետ կազմակերպված սպեկուլյացիոն արշավ, թերևս ոչ առանց պաշտոնական պատասխանատուների գիտության, ինչի հետևանքով մարտի 10-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված սպեկուլյացիայի արդյունքում մի քանիսի եկամուտներն աճեցին տասնյակ, գուցեև հարյուր միլիոնավոր դոլարներով։ Ինչպես երևում է գների տատանումներից, մարտի 14-ից հետո թերևս հասարակական ալիքի ճնշման ներքո որոշակի գնանկում արձանագրվել է, բայց վերջին օրերին նորից փոքր քայլերով գնաճ է սկսվել, որ հաստատ շարունակվելու է։

Իսկ որ Փաշինյանն ասում էր՝ ի տարբերություն աշխարհի, մեզանում գնանկում է, չէր ստում. ահավասիկ, մարտի 14-ից հետո մինչև 17-18-ը «գնանկում ենք ունեցել»։