copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:23 01-04-2022

Մարզպե՛տ, Թալինի համայնքապե՛տ, Արագածավանը չի՛ խոշորացվելու, հեռո՛ւ մնացեք. ճանապարհը, երկաթգիծը կփակենք. բնակիչներ

Արագածոտնի մարզի Թալին համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընդամենը 2 նիստ է գումարվել, որոնցից 2-րդը տապալվել է ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պատճառով։
Համաձայն ՏԻՄ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի՝ ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալու դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, հետևաբար անցկացվում են արտահերթ ընտրություններ։ Ամենայն հավանականությամբ արդեն հունիսին Թալին խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Oragir.news-ի Թալին համայնքի աղբյուրների փոխանցմամբ՝ իրենց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այս պահին ակտիվ քննարկումների մեջ են։ Չնայած ԿԸՀ-ն դեռ արտահերթ ընտրությունների օր չի նշանակել, սակայն նշված պաշտոնյաները քայլեր են ձեռնարկում, տարբերակներ մշակում, թե ինչպես այս ընտրություններին առավել ձայներ ստանալ, որպեսզի չկրկնվի նույն սցենարը, ու ավագանու նիստերն ի վերջո կայանան. «Տավրոսը Թալին խոշորացված համայնքում, մեղմ ասած, «ընդունելի» անձնավորություն չէ։ Թալինում ինչքան էլ ՔՊ-ին սատարողներ լինեն, ով Տավրոսին լավ է ճանաչում, հաստատ ձայն չի տա։ Դա ինքն էլ է շատ լավ հասկանում, մեր մարզպետ կոչվածն էլ, դա նաև երևաց դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների ժամանակ... Հիմա որոշել են Թալին խոշորացված համայնքի կազմում ընդգրկել արդեն իսկ խոշորացված Արագածավան համայնքը։ Կարծում են՝ Արագածավանի ժողովուրդը Տավրոսին լավ չի ճանաչում ու հնարավոր է այնտեղից մեծ ձայներ հավաքել։ Այս լուրերը հիմա շատ ակտիվ շրջանառվում են ոչ միան Թալինում, այլև Արագածավանում: Ասեմ՝ բնակչության մեծամասնությունը դեմ է, որ իրենց խոշորացված համայնքը մտնի Թալին խոշորացված համայնքի մեջ։ Քանի որ դեռ այս ամենը խոսակցությունների մակարդակում է, ժողովուրդը հանգիստ հետևում է զարգացումներին, բայց եթե մարզպետն ու Թալինի համայնքապետը խաղեր տան, որոշեն, որ Արագածավանը միանալու է Թալինին, ժողովուրդն ամեն ինչի պատրաստ է, ընդհուպ ճանապարհներ փակելուն»։

Oragir.news-ի Արագածավան համայնքի աղբյուրները հաստատեցին այս տեղեկությունը, մոտ 3-4 օր է՝ համայնքում նման լուրեր են շրջանառվում.
«Ոչ մի կերպ թույլ չենք տալու, որ մեր համայնքը խոշորացնեն ու մտցնեն Թալին խոշորացված համայնքի կազմի մեջ։ Իրենք տեսնում են, որ ՔՊ-ն Թալինում պարտվում է, փորձում են Արագածավանի ընտրողների միջոցով բալանս պահել, բայց չի ստացվելու։ Եթե մտածում են, որ Արագածավանից չեն, ժողովուրդն իրենց մասին բան չգիտի՝ սխալվում են։ Այստեղ բոլորն էլ գիտեն Տավրոսի քայլերի մասին, ամբողջ համայնքը փորձում է իր կառավարման տակ վերցնել, ինչքան կառույց կա՝ ազգականներին է նշանակում պաշտոնների։ Շենիկում գտնվող Ջրային կոմիտեի ղեկավար էլ իր հորեղբոր տղային նշանակեց և այլն...

Էլի եմ ասում, ժողովուրդն իրենց չի ընդունում, ոչ էլ համաձայն ենք, որ մեր Արագածավանը մտնի Թալինի կազմի մեջ։ Կհելնենք, ճանապարհ կփակենք, երկաթգիծը կփակենք։ Մարզպետն ու Տավրոսը թող իրենց տոչնի պահեն, ավելորդ խնդիրներ չստեղծեն։ Արագածավանից հեռո՛ւ մնացեք, ժողովրդին մի հանեք իրար դեմ։ Մի գրչի հարվածով ամբողջ ժողովրդին լարում եք իրար դեմ։ Կամ՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյան, հեսա կլինի 3 ամիս, որ մարզպետ ես, մի անգամ եկե՞լ ես Արագածավան, որ այդ Արագածավանը խոշորացնելուց ես խոսում, մի անգամ Արագածավանում եղե՞լ ես, ժողովրդով հետաքրքրվե՞լ ես, մարդկանց կարծիքը հաշվի առե՞լ ես, որ ուզում ես խոշորացնել...»։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն պատրաստ ենք լսել նաև նրա տեսակետը։