Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:25 23-03-2022

Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ

Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցեց և ելույթով հանդես եկավ մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ֆրանսահայ դրամատուրգ, դերասան, «Մոլիեր» թատերական մրցանակի քառակի դափնեկիր Սիմոն Աբգարյանը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ողջունեց Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների ջանքերով կազմակերպված և հայկական մշակույթն ու պատմությունը մի քանի տասնյակ միջոցառումներով ներկայացնող երկշաբաթյա փառատոնը, որն ավանդական ֆրանսահայ համայնք չունեցող Նուվել Աքիտեն (Նոր Ակվիտանիա) շրջանում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության նոր կամուրջ է ավելացնում` սեփական նպաստը բերելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը:

Երկշաբաթյա տևողությամբ «Երազ» փառատոնի շրջանակում նախատեսված են, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների, ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի ստեղծագործությունների, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցադրությունները, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, «Լադանիվա» երաժշտական համույթի, դաշնակահարուհի, ջազ երգչուհի Մաշա Ղարիբյանի ելույթները, ֆրանսահայ թատրոնի և կինոյի գործիչներ Սիմոն Աբգարյանի, Ռոբեր Գեդիկյանի, Նորա Մարտիրոսյանի, Սերժ Ավետիքյանի, Լևոն Մինասյանի հեղինակած և նրանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունները, «Երազ» պարային համույթի, ֆրանսահայ գրող, դերասանուհի Կորին Զարզավաջյանի պիեսի ցուցադրությունը, ինչպես նաև հայ մշակույթի, պատմության, Արցախի հիմնահարցի և 2020թ. աշնան պատերազմի աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ կլոր-սեղանների կազմակերպում՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, պատմաբան, քաղաքագետ, հայագետներ՝ Ժան-Պիեռ Մահեի, Ժերար Դեդեյանի, Ռայմոն Գևորգյանի, Ժերար Շալիանի, Կայծ Մինասյանի, Տիգրան Եգավյանի, լրագրող, գրողներ Վալերի Թորանյանի, Ժան-Քրիստոֆ Բուիսոնի, Սիլվեն Տեսոնի, Միշել Օնֆրեի, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մասնակցությամբ։

Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվեր ընծայված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը, որի ընթացքում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ։

«Երազ» փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը և մասնակցության մանրամասները հասանելի են www.yerazfestival.fr հղումով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը