Ներքին 2 տարի առաջ - 00:16 22-03-2022

Ստացվում է, որ ՀՀ-ն որևէ պահանջ, որևէ պայման չունի այդ խաղաղության օրակարգում. Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Նոր Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այսօր 24news-ի եթերում խոսեց Հայաստան-Ադրբեջան գործընթացների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ընդդիմության սուր քննադատության մասին:

Ընդդիմության առաջարկած այլընտրանքը, ըստ նրա, Արցախի կարգավիճակի վերջնական ճշտումն է, հետո նոր բովանդակային բանակցություններին անցնելը․ «Իհարկե, ոչ մի խելամիտ քաղաքական ուժ կամ բանական մարդ չի ցանկանում ապրել մշտական պատերազմի մեջ, բայց խաղաղությունը պետք է բավարարի երկու կողմին, ոչ թե լինի մեկ կողմի թելադրանքով և բացառապես իր ուզած պայմաններով: Էստեղ ստացվում է, որ ՀՀ-ն որևէ պահանջ, որևէ պայման չունի այդ խաղաղության օրակարգում, բացառապես հետևում և վազում է իրեն առաջարկվող բոլոր պայմանների կատարման հետևից և անվերապահորեն հանձնառություն է ստանձնում կատարել բոլոր պայմանները»:

Ղազինյանը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, իսկ Ադրբեջանը ներկայացրել է 5 կետեր, որոնք, ըստ Ղազինյանի, ոչ միայն չհերքվեցին Հայաստանի իշխանության կողմից, այլև հայտարարեցին, թե մեծ հաշվով անընդունելի բան չկա դրանցում:

«Եվ ի՞նչ է անում իշխանությունը: Այդ կետերը վերցնում և ուղարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ առաջարկելով հավաքվել և սկսել բանակցությունները: Բայց Մինսկի խումբը որքանո՞վ է իրավասու քննարկել խաղաղության այդ պայմանագիրը կամ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ: Այստեղ կա մանդատի թյուրըմբռնում. որքանո՞վ է Մինսկի խումբը իրավասու զբաղվել այս հարցով, և կա դրա քաղաքական բաղադրիչը․ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող այդ երեք պետությունները կարող են հավաքվել մի սեղանի շուրջ և քննարկել այլ հարց, քան Ուկրաինայում տիրող ճգնաժամը»,- նշեց Ղազինյանը:


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված