Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են հանձնել Մարիուպոլը
copy image url

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են հանձնել Մարիուպոլը

Արտաքին 3 տարի առաջ - 11:24 21-03-2022
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել զենքը վայր դնելու և ռուսական զորքերի կողմից շրջապատված և օրեր շարունակվող ռմբակոծությունների հետևանքով գործնականում ավերված Մարիուպոլը լքելու Ռուսաստանի պահանջին։

Ռուսաստանը պահանջել է պատասխան տալ մինչև երկուշաբթի առավոտյան ժամը հինգը, առաջ քաշելով պայմաններ, որ նախ քաղաքը պետք է լքեն դիմադրություն ցույց տվող ուկրաինական ստորաբաժանումները, իսկ հետո միայն՝ խաղաղ բնակիչները։

«Բանակը զենքերը վայր չի դնի և չի լքի քաղաքը»,- մարտի 21-ի գիշերը հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները ռուսական կողմից պահանջում են անհապաղ մարդասիրական միջանցք բացել Մարիուպոլից Զապորոժիե՝ խաղաղ բնակչության տարհանման համար։

Մարիուպոլը շրջափակման մեջ է արդեն ավելի քան երկու շաբաթ։ Քաղաքում, որտեղ մինչ պատերազմն ապրում էր ավելի քան 400 հազար մարդ, հումանիտար աղետ է։ Մարիուպոլը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը փորձում է ցամաքային միջանցք բացել դեպի Ղրիմ։