Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:07 15-03-2022

Որքա՞ն կրպակ է ապամոնտաժվել 2021 թ․ հունվարից մինչև օրս Երևանում

2021 թ․ ընթացքում Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է 57-ից ավելի ապօրինի շինություններ՝ կրպակներ, առևտրի տաղավարներ և այլն։ Երևանի քաղաքապետարանից, Oragir.news-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել են 2021 թ. ընթացքում ապամոնտաժված կրպակների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով, որ առկա ցանկը կրպակների մասով առանձնացված և իրական պատկերին մոտ առավելագույն տեղեկատվությունն է, սակայն չի կարող արտացոլել 100 տոկոսանոց իրական տվյալ, քանի որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործունեության հիմքում, անկախ ապօրինի կառույցի տեսակից, դրանք ապամոնտաժման ենթարկելն է:

«Հաճախ ապօրինի շինության տեսակից հնարավոր չէ կոնկրետացնել՝ դա կրպակ է, առևտրային տաղավար , թե այլ դասակարգում ունեցող առևտրային գործունեության օբյեկտ»,- պատասխանել են քաղաքապետարանից:

Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե 2021 թ․ հունվարից մինչև օրս Երևանում քանի՞ ապօրինի կրպակ է ապամոնտաժվել և ո՞ր վարչական շրջաններում, կա՞ն կրպակներ, որոնք քաղաքապետարանը համարում է ապօրինի, սակայն չի ապամոնտաժվում՝ կառուցապատողի կողմից դատարան դիմելու պատճառով, քանի՞ նման կրպակ կա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և Երևանի վարչական շրջանների կողմից 01.01.2021թ.-31.12.2021 թ․ ընկած ժամանակահատվածում իրականացված քանդումների մասին քաղաքապետարանից ստացել ենք միայն քանդված շինությունների ցանկը, ըստ որի՝ Աջափնյակ վարչական շրջանում քանդվել է 36 կրպակ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3 կրպակ, Դավթաշեն վարչական շրջանում իրականացվել են մետաղական կրպակի ապամոնտաժման աշխատանքներ (Դավթաշեն 3-րդ թաղամաս՝ Տ.Պետրոսյան փողոցին հարակից հասցեում), Էրեբունի վարչական շրջանում իրականացվել են 3 կրպակների քանդման և ապամոնտաժման աշխատանքներ, Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են մետաղական տաղավարի, ծածկի, բետոնե հարթակի քանդման և կրպակի քանդման աշխատանքներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է 3 կրպակ, Նոր Նորք վարչական շրջանում իրականացվել են 8 կրպակների քանդման աշխատանքներ, իսկ Քանաքեռ-Զեյթուն շրջանում իրականացվել են կրպակի տանիքի ապամոնտաժման աշխատանքներ։

Մարիամ Ստեփանյան