Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:48 14-03-2022

Ռոմանոս Պետրոսյանի պատճառով ընտանիքը ֆինանսական վնասներ է կրում

Ներկայում Պետական վերահսկողական ծառայության պետ, բայց հոգով միշտ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 3 տարի առաջ դատի էր տվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին, որը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր մարզպետի գործունեությանը։ Արդեն երրորդ տարին է, ինչ Ռոմանոս Պետրոսյանի հայցի քննությունը ձգձգվում է՝ պատասխանողին պատճառելով բազմաթիվ անհարմարություններ։ Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանն ամբողջացրել էր Հերմինե Ադամյանի ֆեյսբուքյան գրառումները, դրանք համարել իր հասցեին զրպարտություն և վիրավորանք, սակայն չէր նշել, թե կոնկրետ ինչի՞ց է վիրավորվել, նա նաև 3 մլն դրամ փոխհատուցում էր պահանջել։
Հերմինե Ադամյանը իր գրառումներում անդրադարձել էր այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործունեությանը․ պարբերաբար հղում կատարելով պաշտոնական փաստաթղթերին՝ գրել էր, օրինակ, թե մարզպետարանում ով ինչքան պարգևավճար է ստացել և այլն։

Հերմինե Ադամյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այս 3 տարիների ընթացքում անընդհատ դատավորներ են փոխվել․

«Անկեղծ, արդեն չգիտեմ՝ ինչ փուլում է, փաստաբանն է զբաղվում, բայց փաստը այն է, որ հայցը ներկայացրել է, եթե չեմ սխալվում, 2019թ փետրվարին, արդեն 2022 թվականն է, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Անընդհատ դատավորներ են փոխվում, կարծեմ չորրորդ, թե հինգերորդ դատավորն է, որ փոխվել է գործի ընթացքում, իսկ տեղից ոչինչ չի շարժվում։ Այդ մարդը 3 միլիոն դրամ պահանջ է ներկայացրել, արգելանք է դրվել գույքի վրա՝ փաստացի արդեն երեք տարի։ Իմ և ամուսնուս անունով գույքը մենք ոչինչ չենք կարողանում անել։ Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում»,-ասաց Հերմինե Ադամյանը։

Հերմինե Ադամյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դատաքննության ձգձգման պատճառով նույնիսկ ֆինանսական վնասներ է կրում․

«Դատական նիստեր լինում են, բայց, երևի, ավելի քան մեկ տարի է՝ միայն եղել է այդ որոշ կետերի վաղեմության ժամկետի հետ կապված, հետո բուն դատական պրոցեսը։ Դրանից հետո նոր սկսվել է, բայց կրկին ձգձգվում է, ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է քաղհայցով 3 տարի գնալ դատավարություն՝ ընդ որում արգելանք դրված լինի։ Ես մեկ օրինակ բերեմ՝ մենք ավտոմեքենա ունենք, որը չի շահագործվում, որովետև խնդիր ունի, ու այս պահին մենք ոչ կարողանում ենք այն հաշվառումից հանել, ոչ էլ փաստացի օգտագործում ենք։ Այնտեղ կուտակվել է գույքահարկի պարտքը, բայց չենք կարողանում նաև հաշվառումից հանել, որովհետև արգելանքի տակ է։ Ուղղակի չգիտեմ այսպիսի նախադեպ կա՞, որ քաղհայցով դատավարությունը երեք տարի տևի ու արդյունք չլինի»,-ասաց Ադամյանը։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել նաև Ռոմանոս Պետրոսյանի փաստաբան՝ Գայանե Գրիգորյանի հետ՝ վերջինս պատսախանեց, որ վստահորդից թույլտվություն չունենալու պատճառով չի կարող այս գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել։ Ըստ Գրիգորյանի՝ դա փաստաբանական գաղտնիք և էթիկա է։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված