copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:19 14-03-2022

Անթալիայի դիվֆորումի կեղծ օրակարգերն ու իրական մարտահրավերները

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացավ նաև Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի կեսժամյա հանդիպումը։ Ինչպես և սպասելի էր, հայկական հանրույթը քննարկման առարկա դարձրեց ոչ թե բովանդակային, այլ ձևական կողմը՝ անուշադրության մատնելով աշխարհաքաղաքական արդի զարգացումներն ու այդ համատեքստում Հայաստանի առջև ծառացած հրամայականը՝ անհետաձգելի բանակցություններ վարելու հարևան երկրի հետ։ Որպես օրինակ՝ անհարկի շահարկվեց ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուի անփողկապ տեսքը՝ ներկայացվելով որպես արարողակարգային կոպիտ խախտում, ՀՀ արտգործնախարարի դեմքի ժպիտը, թարգմանչի հետ կապված միջադեպը՝ փոխարինելու այլ թարգմանչով, թուրքական լրատվամիջոցների կողմից Արարատ Միրզոյանի անվան մեջ թույլ տրված սխալը և այլն: Իհարկե, ամենևին բացառված չէ, որ թուրքական պետական մեդիան դիտավորյալ է տառասխալ կատարել Միրզոյանի անվան մեջ՝ փորձելով խուսափել Արարատ լեռան հետ կապված ցանկացած ասոցիացիայից, բայց դա դեռևս չի նշանակում, թե կեղծ օրակարգի մաս կազմող նման ածանցյալ հարցերով կարելի է կասկածի տակ դնել դիֆորումին մասնակցելու նպատակահարմարությունը:

Առհասարակ, միայն այն հանգամանքը, որ Հայաստանը հրավիրվել էր մասնակցելու դիվֆորումին, արդեն իսկ դրական ուղերձ էր, և այս առումով իրավացի է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, երբ նշում է, որ անհրաժեշտ է համարել փոխադարձաբար դրական արձագանքել այդ ուղերձին՝ նկատի ունենալով հրավերի ընդունումն ու նախարարի մակարդակով մասնակցության ապահովումը: Հատկապես Արցախյան 2-րդ պատերազմից հետո, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ռեսուրսների նվազումը, ինքիշխանության մակարդակի կտրուկ անկումն ու հնարավորինս ազատորեն մանևրելու հնարավորությունների բացը, ՀՀ արտգործնախարարության առջև ծառացել է դիվանագիտական բոլոր խողովակներն աշխատեցնելու և միջազգային քաղաքական կարևոր հարթակներում ներգրավվելու հրամայական, առավել ևս, որ հայ-թուրքական տոքսիկ հարաբերությունները ոչ թե երկկողմ կապերի, այլ ՀՀ անվտանգային ամբողջ միջավայրի վրա համալիր ազդեցություն ունեն:

Թեպետ ըստ ՀՀ արտգործնախարար Միրզոյանի՝ երկու կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց որևէ նախապայմանի շարունակելու հարաբերությունների կարգավորման գործընթացը դիվանագիտական կապեր հաստատելու և սահմանը բացելու հարցում, այնուամենայնիվ, հայ դիվանագետի խոսքերի ճշմարտացիությունը վերաբերում է բացառապես հայկական կողմին և հեռու է հավաստի համարվելու որակումից, քանի որ Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման խոսույթը բխել է թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններից: Այսպես, նախ մարտի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի հետ բանակցությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, իսկ մարտի 10-ին Էրդողանի հետ փակ հանդիպման նպատակով մեկօրյա աշխատանքային այցով Թուրքիա էր ժամանել անձամբ Ալիևը: Ընդ որում, թեպետ թյուրքական պետությունների ղեկավարները քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամը, Կարս-Նախիջևան երկաթուղու, Ադրբեջանի բյուջեի հաշվին Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման հարցերը, բայցևայնպես, քննարկման կենտրոնական թեմաները եղել են այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններ կատարման խնդիրները: Այլ կերպ ասած, Թուրքիան և Ադրբեջանը Անթալյայի դիվֆորումին ընդառաջ համաձայնեցրել են, ապա ֆորումի ընթացքում Հայաստանին ներկայացրել 5 կետից բաղկացած նախապայմանների ցանկ, որոնք ոչ թե ենթադրում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված միջոցառումներ, այլ Հայաստանի վերջնական կապիտուլյացիա: Հետևապես, երբ Թուրքիան խոսում է Հայաստանի հետ բանակցային գործընթացում նախապայմանների բացակայության մասին, պետք է նկատի ունենալ, որ նախապայմանների առանցքային բլոկը Հայաստանին պարտադրում է Ադրբեջանի միջոցով, որն էլ, իր հերթին, փորձում է բաղձալի զիջումների հասնել Արցախում հումանիտար ճգնաժամի, սահմանային էսկալացիայի ու ահաբեկումների միջոցով՝ օգտվելով այն հանգամանքից, որ ունի Մոսկվայի թույլվությունն ու կարող է վառելիքաէներգետիկ ճգնաժամ հարուցել: Իրերի նման դասավորությունն առավել քան, տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ Կրեմլում դեռևս չափազանց թարմ են հիշողությունները, որ ՄԱԿ-ում Հայաստանը չի սատարել Ուկրաինայի հանդեպ ռուսական ինկուրսիան, իսկ Հայաստանն էլ անկեղծորեն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ինչն ուղղակիորեն խանդ է առաջացնում Մոսկվայում, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների խորացումը նշանակում է Հայաստանում ՌԴ դերի թուլացում: