copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:22 12-03-2022

ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել Զովունիում տեղի ունեցած պայթյունի մասով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ մարտի 11-ի ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։

«Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։

Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: